Տպել
15.07.2021
ԱԺ պատգամավորները միաձայն կողմ քվեարկեցին «Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագրի փոփոխությանը
1 / 13

Ազգային ժողովը հուլիսի 15-ին հրավիրած արտահերթ նստաշրջանում քննարկեց Կառավարության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր» վարկային համաձայնագրի փոփոխությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Ըստ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի՝ վարկային համաձայնագիրը (44.037.0 հազ. եվրո գումարի չափով) ստորագրվել է 2016-ի նոյեմբերի 9-ին եւ ուժի մեջ է մտել 2017-ի ապրիլի 24-ին: Ծրագրի նպատակն է հիմնանորոգել ճանապարհի՝ Մ6՝ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Քոբայր-Բագրատաշենի սահմանային անցակետ հատվածը (երկարությունը՝ 51.74 կմ):

Ծրագրի ակնկալվող ավարտը 2020-ի նոյեմբերի 30-ն է, իսկ վարկի փակման ամսաթիվը՝ 2021-ի մայիսի 31-ը կամ որեւէ այլ օր, որը ժամանակ առ ժամանակ կարող է համաձայնեցվել վարկառուի եւ ԱԶԲ-ի միջեւ: Սակայն կապված մի շարք հանգամանքների հետ՝ ծրագրով նախատեսված շինարարական աշխատանքները սահմանված ժամկետում հնարավոր չէ ավարտել, ուստի հաշվի առնելով, որ ներկա իրավիճակում շինարարական աշխատանքների ավարտման համար իրատեսական ժամկետ է 2021-ի օգոստոսի 31-ը` Ասիական զարգացման բանկի կողմից 2020-ի հոկտեմբերի 9-ից 21-ը կայացած քննարկումների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել վարկային համաձայնագրի ժամկետը երկարաձգել մինչեւ 2022-ի դեկտեմբերի 31-ը (շինարարական աշխատանքների ավարտ՝ 2021-ի օգոստոսի 31, թերությունների համար պատասխանատվության ժամկետի ավարտ՝ 2022-ի օգոստոսի 31 եւ 4 ամիս՝ ծրագրի ֆինանսական աուդիտի իրականացման եւ կանխավճարային հաշվին առկա կանխավճարների լրիվ մարման համար):

ԱԺ պատգամավոր Գեւորգ Պապոյանի հարցն առնչվում էր Հայաստանի եւ Վրաստանի միջեւ կառուցվող «Բարեկամության կամրջին»՝ արդյո՞ք այն նույնպես կառուցվում է այս վարկային համաձայնագրով:

Փոխնախարարը տեղեկացրեց, որ «Բարեկամության կամուրջը» կառուցվում է մեկ այլ ծրագրով:

Ըստ նրա՝ Կառավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի մեր երկրի ճանապարհային ցանցն ընդգրկվի տարածաշրջանի ճանապարհային ցանցի մեջ:

Խորհրդարանը կողմ քվեարկեց օրենքի նախագծին: