Տպել
19.05.2021
Պատմամշակութային հուշարձանների պահպանությանն ուղղված փաթեթի վերաբերյալ քվեարկությունը հետաձգվեց
1 / 4

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 19-ին առաջին ընթերցմամբ քննարկեց ԱԺ  «Իմ քայլը» խմբակցության  պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի, Վիկտոր Ենգիբարյանի եւ Լիլիթ Ստեփանյանի հեղինակած ««Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից փաթեթով: Հեղինակներն առաջարկում են օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ` «Շինարարական, գյուղատնտեսական կամ այլ աշխատանքներ իրականացնելիս, եթե վտանգ է սպառնում այդ վայրում գտնվող հուշարձանների պահպանությանն ու անվթարությանը եւ եթե տվյալ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականում բացակայում է տեղեկություն հուշարձանների պահպանման գոտու տարածքի կամ պետական գրանցման օբյեկտ հուշարձան լինելու վերաբերյալ, ապա լիազոր մարմինն աշխատանքներ իրականացնողին առաջարկում է տեղափոխել հուշարձանը, եթե դա հնարավոր է, ձեռք բերել վերջինիս պատկանող հողը, ինչպես նաեւ փոխհատուցել պատճառված վնասը (բաց թողնված օգուտը), իրականացնել հետախուզություն, պեղումներ, վերականգնման կամ այլ աշխատանքներ, ապահովել հուշարձանների պահպանությունն ու անվթարությունը»: Նախագծի նպատակն է ապահովել պատմամշակութային հուշարձանների պահպանությունը, ինչպես նաեւ բացառել պատմամշակութային հուշարձանների օտարումը օրենքն ուժի մեջ մտնելուց հետո:  Հեղինակներն ակնկալում են,  որ  կբացառվի պատմամշակութային հուշարձանների գտնվելու վայրերի օտարումը, ինչպես նաեւ կապահովվեն այդ վայրերը ձեռք բերած շինարարական, գյուղատնտեսական կամ այլ աշխատանքներ իրականացնողների իրավունքները:

Փաթեթը ժամանակավրեպ համարեց  ԿԳՄՍ փոխնախարար Արայիկ Խզմալյանը: Նա համաձայնեց, որ պատմամշակութային արժեքների պահպանությանն ուղղված կարգավորումներ թեեւ սահմանված են, այնուամենայնիվ ոլորտում բացեր կան:  Նրա խոսքով` հանրապետությունում այսօր հայտնի են շուրջ 25000 պատմամշակութային արժեք ունեցող կառույցներ, սակայն տվյալներ կան մոտ 200-ի վերաբերյալ, հետեւաբար պատգամավորների նախաձեռնության ընդունումը  բազմաթիվ խնդիրներ կառաջացնի եւ կկանգնեցնի   անլուծելի ու  բարդագույն խնդիրների առաջ: Փոխնախարարը  օրենսդիրներին հորդորեց  չշտապել, եւ հետագայում  անդրադառնալ հարցի քննարկմանը` ծանոթանալով բոլոր շահագրգիռ կողմերի տեսակետներին: «Գաղափարն ընդունելի է, սակայն դրա իրականացման մեխանիզմներ եւ համապատասխան ռեսուրսներ  չկան»,- եզրափակեց փոխնախարարը:

Հանձնաժողովի անդամներից մի քանիսը կարծում էին, որ ոլորտը խորությամբ չի ուսումնասիրվել, եւ  նախաձեռնությունն այս տեսքով  չի կարող կարգավորել նախկինում վաճառված տարածքներում գտնվող պատմամշակութային արժեքների պահպանության հարցը:

Հաշվի առնելով հնչած մտահոգությունները` հեղինակները հետաձգեցին փաթեթի վերաբերյալ քվեարկությունը:  Հանձնաժողովի նախագահի առաջարկով  որոշվեց ստեղծել աշխատանքային խումբ`  քննարկելու բոլոր խնդրահարույց հարցերը: