Տպել
19.05.2021
Նախաձեռնություն` միտված ուսուցիչների թափուր տեղերի համալրմանը
1 / 7

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 19-ի հերթական նիստում ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանն առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացրեց ««Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվում է սահմանել, որ առնվազն 2 անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը չհամալրելու դեպքում  այդ տեղի  համար կարող է դիմել նաեւ տվյալ առարկայի մասնագիտական ոլորտում լիազորված մարմնի կողմից երաշխավորված կազմակերպության, այդ թվում` բուհի առաջարկած համապատասխան կրթական ծրագրին մասնակցության միջոցով մանկավարժության առնվազն երեսուն կրեդիտ ունեցող անձը: Առաջարկվում է սահմանել, որ անձը կարող է ուսումնական հաստատության համապատասխան ուսուցչի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին մասնակցել նաեւ,  եթե մրցույթի պահին ընդգրկված է մանկավարժական  կրեդիտները կուտակելու համար օրենքով սահմանված կրթական ծրագրում, որն ավարտվում է ոչ ուշ, քան 2022 թվականի հունվարի 1-ը:

Օրենքում լրացումներ կատարելու անհրաժեշտությունը  պայմանավորված է հանրակրթության ոլորտում նոր մասնագետներ ընդգրկելու ընթացակարգը բարելավելու հրատապությամբ, քանի որ գործող օրենքով սահմանված պայմանները բավականաչափ ճկուն չեն ուսուցչի թափուր տեղը կամ ուսուցչական անձնակազմը համալրելու համար:

Վիճակագրության համաձայն` 2019-2020 թթ. ուսումնական տարում հանրակրթական դպրոցներում աշխատող ուսուցիչների քանակը եղել է 31018: Նրանցից  28768-ն ունի բարձրագույն կրթություն, 362-ը` թերի բարձրագույն,  1774-ը` միջին մասնագիտական, իսկ  114-ը` միջնակարգ: Մանկավարժական կրթություն ունեն 23 300-ը:

Ուսուցիչների 58.6 %-ը տարիքով 45-ից բարձր է, 60-ից բարձր է 22.7%-ը:

ՀՀ ԿԳՄՍ  նախարարության տվյալների համաձայն`  նախորդ տարվա տվյալներով  հանրապետության 9 մարզերի 101 դպրոցներում կան առարկաներ, որոնք չեն դասավանդվում ուսուցիչների բացակայության պատճառով: Չդասավանդվող առարկաների  թիվը 18 է, նախնական հաշվարկներով 695 ուսուցչի կարիք կա:

 ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը հայտնեց, որ Կառավարության տեսակետը դրական է, սակայն գործադիրն անհրաժեշտ է համարում  լրամշակել նախաձեռնությունը: Նախագծի հեղինակ Մխիթար Հայրապետյանն առաջարկեց մինչեւ երկրորդ ընթերցում քննարկել Կառավարության առաջարկները:

Ելույթ ունեցած պատգամավորները կարեւորեցին նախագծի ընդունումը` հընթացս անհրաժեշտ համարելով գտնել լուծումներ ավելացնելու համար տղամարդ ուսուցիչների թիվը: Մխիթար Հայրապետյանի դիտարկմամբ` օրենքում առաջարկվող այս փոփոխությունը մասնակիորեն կարող է լուծել նաեւ այդ հարցը:

Նախագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ առաջիկա նիստերի օրակարգի նախագծում: