National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.4.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
20.04.2021
Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Վիկտոր Ենգիբարյանի ելույթը վեհաժողովի նիստում
1 / 1

Հարգելի նախագահող,

հարգելի գործընկերներ, 
  
նախ եւ առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ գործընկերներին զեկույցների համար եւ նշել, որ ինձ համար պատիվ է ուղերձ հղել այս հարգելի լսարանին:

Նախորդ տարին չափազանց բարդ էր բոլորիս համար: Մենք ստիպված էինք պայքարել համավարակի դեմ եւ դեռ միասնական պայքար ենք մղում հաղթահարելու այն բոլոր մարտահրավերները, որոնց բախվում ենք մինչ օրս:

Դժբախտաբար, անցյալ տարի Հայաստանը ստիպված էր պայքարել երկու ճակատով. մեկը՝ անտեսանելի մահացու վարակի դեմ, իսկ մյուսը իրական պատերազմում՝ Արցախը պաշտպանելու համար:

Ադրբեջանը սանձազերծեց ագրեսիա Արցախի եւ նրա ժողովրդի նկատմամբ համավարակի ընթացքում՝ Թուրքիայի եւ Թուրքիայի աջակցությամբ օտարերկրյա ահաբեկիչների անմիջական ներգրավմամբ, անտեսելով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հրատապ կոչին՝ աշխարհի բոլոր անկյուններում համաշխարհային հրադադար հաստատելու  եւ  համամարդկային վտանգի չեզոքացման վրա կենտրոնանալու մասին:

Հակառակ միջազգային հանրության կոչերին, Ադրբեջանը, կարծես, առիթից օգտվեց:

Պատերազմն ակնհայտորեն շատ բացասական ազդեցություն ունեցավ COVID-19 դեպքերի աճի վրա: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ պատերազմը հանգեցրեց ակտիվ դեպքերի աճի մինչեւ 400%, ինչը 5 անգամ գերազանցում է պատերազմից առաջ եղած արդյունքները: Չափազանց խոսուն է, որ պատերազմի ընթացքում Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի կենտրոնական հիվանդանոցի վրա օգտագործեց գերճշգրիտ բալիստիկ հրթիռներ:

Ադրբեջանը միշտ ունեցել  է ցեղասպան եւ ֆաշիստական գաղափարախոսություն եւհայտնի է մարդու իրավունքների վատ ցուցանիշներով, նույնիսկ առանց իր ռազմական հանցագործությունների եւ միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների ընդարձակ ցուցակի: Մինչ օրս Ադրբեջանի կառավարությունը հրաժարվում է պահպանել Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների կողմից 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարի հայտարարության պայմանները, համաձայն որի՝ «Տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների եւ պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում»: Այնուամենայնիվ, Ադրբեջանի կառավարությունը հրաժարվում է ազատել հայ ռազմագերիներին եւ մինչ օրս հերքում է նրանց գոյությունը: Մենք հայցում ենք ձեր ուշադրությունը այս կապակցությամբ եւ կոչ ենք անում Եվրանեսթին հետեւել ատելության քարոզին եւ հայերի նկատմամբ անհանդուրժողականության դրսեւորման դեպքերին, ներառյալ` բարձրագույն քաղաքական մակարդակում:

Կցանկանայի շեշտել, որ մեր պատվիրակությունը գնահատում է բազմաբնույթ համագործակցությունը, եւ կարծում եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք միասին հաղթահարել բազմաթիվ մարտահրավերներ: 
  
Վերջում ուզում եմ շնորհակալություն հայտնել ԵՄ-ին եւ Եվրանեսթ ԽՎ-ին՝ արդյունավետ համագործակցության համար եւ հավաստիացնել, որ մեր պատվիրակությունը  պատրաստ է արդյունավետ եւ հուսալի համագործակցության: 

Շնորհակալություն ուշադրության համար:
  
  /