Տպել
20.04.2021
Ճեպազրույցում Գեւորգ Գորգիսյանն ամփոփեց ԱԺ հերթական նիստերի աշխատանքները
1 / 1

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանն ապրիլի 20-ին կայացած խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում անդրադարձավ  քառօրյայի ընթացքում Սուրեն Պապիկյանի՝ «Լուսավոր Հայաստան»  խմբակցության ղեկավարին ուղղված այն դիտարկմանը, որ վերջինս «կարմիր գիծն անցել» է: Ըստ լրագրողի՝ Սուրեն Պապիկյանը սպառնաց, որ այս ընտրություններին չի լինելու այնպես, որ «Փաշինյանի շվաքի տակ հայտնվեն խորհրդարանում»:

«Պետք է Պապիկյանին հիշեցնենք, որ 2017 թվականին, երբ «Ելք»-ով մասնակցում էինք ընտրություններին, ցուցակը գլխավորում էր Էդմոն Մարքույանը: Եւ հարց է առաջանում, թե ով ում շվաքով է մասնակցել ընտրություններին: Իսկ 2018-ին մենք հստակ ամբողջ քարոզարշավի ընթացքում եւ դրանից հետո էլ հայտարարել ենք, որ գնում ենք լինելու ընդդիմություն»,- նշեց Գեւորգ Գորգիսյանը:

Խոսելով ծառայողական մեքենաներից օգտվելու մասին՝ նա ասաց. «Թերեւս, մեր խմբակցությունը շատ համեստ է այս առումով: Ինչ օրենքով հասնում է, մենք ստացել եւ օգտվում ենք: Մենք երբեք չենք էլ հայտարարել, որ գալու ենք ու վերացնելու ենք բոլոր ծառայողական մեքենաները: Բայց այն մարդիկ, որոնք հայտարարել են, հակառակն են արել՝ ավելի շքեղ մեքենաներ են գնել, թարմացրել են ավտոպարկը եւ այլն»:

Անդրադառալով ԵԽԽՎ նիստի օրակարգում հայ գերիների եւ այլ պահվող անձանց հարցն ընդգրկելու խնդրին՝ Գորգիսյանը նշեց, որ ԵԽԽՎ պատվիրակությունը շուտով կվերադառնա եւ կպատասխանի հարցերին:

Խոսելով Հայաստանի եւ Արցախի ապագայի, այդ ապագայում Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմակիցների դերակատարության մասին՝ Գորգիսյանն ասաց. «Հայաստանը եւ Արցախն ունեն ապագա, այդ ապագան լուսավոր է, եւ այդ ապագայում տեղ չունի Փաշինյանն իր թիմով: Փաշինյանն ու իր թիմը չունեն այն գիտակցումը, որ ինչ-որ բան սխալ են արել, ինչ-որ բանում մեղավոր են. իրենց քայլերը բերեցին այս արդյունքին: Ուստի, նրանք որեւէ կերպ իշխանության մնալու պարագայում շարունակելու են քանդել»:

Գորգիսյանը ներկայացրեց նաեւ իր մտահոգությունները Հայաստանի ճանապարհների բացման, ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի արդեն նախկին տեղակալ Բորիս Ավագյանի աշխատանքից ազատվելու եւ այլ հարցերի վերաբերյալ: