Տպել
20.04.2021
«2018-ի ընտրություններին մասնակցել ենք ընդդիմություն լինելու հայտով». Գեւորգ Գորգիսյան
1 / 1

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանն ապրիլի 20-ին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում պարզաբանել է իր կողմից արված այն հայտարարությունը, թե 2018-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանին չի ընտրել. «Իրականում, վերջին շրջանում շատ են եղել շահարկումներ, որ 2018 թվականի ընտրություններից հետո «Լուսավոր Հայաստանն» ընտրել է Նիկոլ Փաշինյանին վարչապետ եւ հիմա էլ քննադատում է: Դա իրականությանը չի համապատասխանում: 2018 թվականի ընտրություններից հետո այն ուժի առաջին համարը, որը 50 %-ից ավել հավաքեց, դարձավ վարչապետ: Իմ պատասխանն այսպես է եղել: Ակնհայտ է, որ 2018-ի գարնանը մենք ընտրել ենք Նիկոլ Փաշինյանին վարչապետ: Բայց այն ժամանակ հեղափոխությունն իրականացրած Փաշինյանն էր, որը խոստանում էր ժողովրդավարություն, փոխել սուպերվարչապետական համակարգը, պայքարել կոռուպցիայի, մենաշնորհների դեմ, իրականացնել դատական ռեֆորմներ, անցումային արդարադատություն, հետ բերել թալանածը եւ այլն: Կարծում եմ՝ անհամեմատելի են այն ժամանակն ու այսօրը: Եւ մենք դեռեւս 2018-ի աշնանը ընտրությունների գնալիս գիտակցում էինք, որ նա իր որեւէ խոստում չի կատարելու, եւ ընտրություններին մասնակցել ենք ընդդիմություն լինելու հայտով»: