Ապրիլի 20-ին կայացած խորհրդարանական ճեպազրույցներին «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը տեղեկացրեց, որ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ըստ Գորգիսյանի՝ դրանով փոխվեցին զինծառայողների ծառայության տարիքային շեմերը: Բարձրացնելով տարիքային շեմերը՝ հնարավորություն տրվեց ցանկության դեպքում շարունակելու ծառայությունը:
Պատասխանելով լրագրողի հարցին՝ Գեւորգ Գորգիսյանն անդրադարձավ Վայոց Ձորում վարչապետի հայտարարությանը, որում վերջինս նշել է, թե պետք է պարտադիր զինվորական ծառայությունը գրավիչ դարձնել, եւ գաղափար կա այն կրճատելու եւ դարձնելու հինգ տարին մեկ՝ երեք կամ երկու ամիս ժամկետով: «Ցանկացած գաղափար պետք է հիմնված լինի ինչ-որ հաշվարկների վրա: Վստահ չեմ, որ վարչապետն ունի որեւէ հաշվարկ, որով, առանց խաթարելու երկրի անվտանգությունը, կարող ենք մեզ թույլ տալ դա: Գայթակղիչ է նախընտրական շրջանում տալ խոստումներ, որոնք հետո անհնար է լինելու իրականացնել: Բայց մենք գիտենք, որ վարչապետը երբեք չի խորշել դրանից: Գիտակցելով, որ ժողովուրդն այսօր շատ մտահոգված է բանակում զինվորների վիճակով, առաջնագծի կահավորման խնդիրներով, կեցության պայմաններով եւ փորձելով ինչ-որ դիվիդենտներ քաղել նախընտրական փուլում՝ նա ուղղակի խոստումներ է տալիս, որը չի կարողանալու իրականացնել: Ցանկացած ռեֆորմի հիմքում պետք է լինեն հաշվարկներ եւ գիտական հիմք: Ես վստահ չեմ, որ այն կա»,- ասաց Գորգիսյանը: