Տպել
19.04.2021
ԱԺ պատգամավորն այցելեց վիրավոր զինվորներին
1 / 5

2020-ի սեպտեմբերի 27-ից 44 օր շարունակ հայ զինվորները կռվում էին Ադրբեջանի սանձազերծած պատերազմում: Աշխարհի տարբեր երկրներից հայերը, լսելով պատերազմի մասին, գալիս-հասնում էին հայրենիք:

Հայաստանի ամենամեծ ազգային փոքրամասնության ներկայացուցիչները հայերի հետ հավասար 44 օր պայքար մղեցին թշնամու դեմ: Եզդիները կամավորական խմբեր ձեւավորեցին հենց առաջին օրերին եւ միացան Արցախի պաշտպանությանը: Այդ ընթացքում նրանցից 20-ը զոհվեցին, վիրավորների թիվը 100-ից ավելին է:

ԱԺ պատգամավոր, եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը պարբերաբար այցելում է վիրավոր զինվորներին: Գիտի նրանց խնդիրների մասին: Ապրիլի 18-ին պատգամավորը նորից այցելեց տղաներին:

Արարատի մարզի Մրգավետ համայնքում է բնակվում ապագա երգիչ Շամալ Ուզոյեւը: Շամալն ու եղբայրը սովորել են Ջիվանու անվան աշուղական դպրոցում: Նա երրորդ կարգի հաշմանդամություն է ձեռք բերել պատերազմի ընթացքում: Շամալը երազում է, որպեսզի շուտ լավանա վիրավոր ոտքն ու ձեռքը եւ կարողանա ընդունվել Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա: Տեսնելով եղբոր ցավերը` փոքրիկ Թեհմինան որոշել է դառնալ բժիշկ, որ բուժի բոլոր վիրավոր զինվորներին:

Ազգությամբ եզդի Յուրի Համզոյանն ապրում էր Ռուսաստանում: 18 տարին լրանալուն պես ժամանել է Հայաստան` հայրենիքին պարտքը մատուցելու: Վիրավորվեց Շուշիում պատերազմի վերջին օրերին: Յուրին հայրենասիրությունը հորեղբորից է ժառանգել, որը զոհվել է Արցախյան առաջին պատերազմի ընթացքում:

Հայրենիքին պարտքը տալու համար հեռավոր Ավստրիայից Հայաստան են վերադարձել նաեւ Ալոյան եղբայրները: Տղաների պապը վստահ է` մեր պարտքն է միշտ լինել հայ եղբայրների կողքին: Եղբայրներից ավագը` հետախույզ Թենգիզը, հինգ ընկերների հետ ժամեր շարունակ դիմադրել է շուրջ 200 հոգանոց թշնամու խմբին: Հաջողվել է ոչնչացնել գրեթե կեսին: Կրտսեր եղբայրը մինչ օրս շարունակում է ծառայել Արցախում: ԱԺ պատգամավորն իր եւ համայնքի անունից պատրաստակամություն հայտնեց օգնելու տղաներին` ոտքի կանգնելու եւ շարունակելու կյանքը: Նա հորդորեց տղաներին անպայման շարունակել ուսումը: