Տպել
14.04.2021
Աշակերտներն ԱԺ-ում եզակի հնարավորություն ստացան ներկա լինելու Կառավարության ծրագրի 2020-ի կատարման ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ զեկույցի քննարկմանը
1 / 72

Վիկտորյան սովորում է «Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամի 8-րդ դասարանում:  Նա երազում է դառնալ վարչապետ: Եվ այդ մասին նա հայտարարեց երկրի առաջին ամբիոնից` Ազգային ժողովում: Վիկտորյան հույս ունի, որ կդառնա Հայաստանի առաջին կին վարչապետը:

Վիկտորյայի դասարանցի Գոռը վարչապետ դառնալ չի ուզում: Նա ունի այլ պատկերացումներ իր ապագայի վերաբերյալ:

Գոռի ու Վիկտորյայի ցանկություններն ապագայի ընտրության հարցում տարբեր էին, սակայն նրանք եւ իրենց մյուս դասարանցիներն ունեին մեկ ընդհանուր նպատակ՝ լինել Հայաստանի գլխավոր շենքերից մեկի ներսում: Նրանց այդ երազանքն իրականացված է:

Ապրիլի 14-ին «Բաց դաս» ծրագրի շրջանակում խորհրդարանի հյուրերն էին «Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամի աշակերտները եւ ուսուցիչները:

Աշակերտներն ԱԺ դահլիճի օթյակից հետեւեցին նիստի ընթացքին. ամբիոնի մոտ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում էր Կառավարության ծրագրի կատարողականը: Ի դեպ, դա տեղի է ունենում տարեկան ընդամենը 2 անգամ:

Երեխաների հետ զրուցեցին  ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Հովհաննես Հովհաննիսյանը, Վիկտոր Ենգիբարյանը եւ Հակոբ Ասլանյանը:

Պատգամավորների կարծիքով՝ երեխաները ճիշտ ուղու վրա են՝ ընտրելով հենց այդ դպրոցը:

Ավելի ուշ ԱԺ նիստերի դահլիճում երեխաների հետ զրուցելու հնարավորությունը բաց չթողեցին: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Մոլորվելով խորհրդարանի միջանցքներում՝ նրանք վերջապես գտան ԱԺ թանգարան բերող ճանապարհը: Այնտեղ ծանոթացան ցուցադրվող հուշանվերներին: Տեսնելով դրանց բազմազանությունը՝ երեխաներին հատկապես հետաքրքրեց, թե որ երկրներն են ավելի շատ նվիրել: Այսպիսով նրանց համար նաեւ պարզ դարձավ միջխորհրդարանական հարաբերությունների ակտիվությունը:

Նույն օրը խորհրդարան այցելեցին նաեւ Արագածոտնի մարզի Օշական գյուղի Մեսրոպ Մաշտոցի անվան դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները:

Նրանք եւս ծանոթացան օրենսդիր մարմնի պատմությանը՝ այցելելով թանգարան ու գրադարան:  Այնտեղ նրանց գրքերի անծայրածիր աշխարհը ներկայացրեց  Ազգային գրադարանային շաբաթվա հիմնադիրներից մեկը՝ Ֆաթմա Խաչատրյանը, որը, ի դեպ, արդեն երկար տարիներ ԱԺ գրադարանավարն է:

Գրադարանում երեխաների հետ հանդիպեցին ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վիկտոր Ենգիբարյանը եւ Սերգեյ Մովսիսյանը:

Զրույցից հետո երեխաները եղան ԱԺ նիստերի դահլիճի օթյակում, որտեղ նրանց ծափերով ողջունեցին ԱԺ պատգամավորներն ու Կառավարության անդամները: Աշակերտները հետեւեցին Կառավարության հարց ու պատասխանին, որից ոգեւորված օշականցի Մանեն հայտարարեց, որ հենց նոր որոշեց պատգամավոր դառնալ: