ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 7-ի նիստում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանն առաջին ընթերցմամբ ներկայացրեց ««Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային եւ մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:
Գործող օրենքով հստակ կարգավորված չեն ծրագիրն իրականացնող կազմակերպությունների՝ ծրագրին չառնչվող այն գործարքների հետ կապված հարաբերությունները, որոնց համար նախկինում կիրառվել են օրենքով սահմանված հարկային արտոնություններ: Նախագծի նպատակը ««Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային եւ մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» օրենքի կիրառության ընթացքում ծագած խնդիրների լուծումն ու ծրագրի հետագա իրականացումը խոչընդոտող պայմանների վերացումն է:
Փոխնախարարը ներկայացրեց նաեւ «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որի ընդունման արդյունքում էականորեն կբարելավվի գյուղատնտեսական եւ սպառողական կոոպերատիվների գործունեության հարկային միջավայրը: Նախադրյալներ կապահովվեն վերջիններիս ստեղծման եւ զարգացման համար:
Նախագծով շահութահարկով հարկման նպատակով գյուղատնտեսական ապրանք արտադրող են համարվում եւ մինչեւ 2024 թվականի դեկտեմբերի 31-ը շահութահարկից ազատվում են նաեւ գյուղատնտեսական եւ սպառողական կոոպերատիվները՝ իրենց անդամների (մասնակիցների) կողմից արտադրված գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացվող եկամտի առումով:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանն առաջին ընթերցմամբ ներկայացրեց «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող նախագծերի փաթեթը:
Կառավարության ծրագրով կարեւորվել է պետություն-մասնավոր գործընկերության շրջանակում ենթակառուցվածքային ծրագրերում օտարերկրյա ներդրումների ներգրավման հնարավորությունը: Նշված արդյունքին հասնելու համար նպատակահարմար է համարվել մշակել պետություն-մասնավոր գործընկերությանն առնչվող իրավական կարգավորող նորմերի միասնական շրջանակ: Այն նշանակալի դեր կունենա մասնավոր գործընկերների, այդ թվում՝ օտարերկրյա, ներդրումային ծրագրերում ակտիվության բարձրացման, վստահության ամրապնդման եւ փոխադարձ պարտավորությունների եւ ռիսկերի արդյունավետ բաշխման համար:
Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց քննարկված բոլոր նախագծերին: