Տպել
02.04.2021
ԱԺ փոխնախագահն ընդունեց ԱՄՆ դեսպանին
1 / 3

ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանն ապրիլի 2-ին ընդունեց  Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների  արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիին: ԱԺ փոխնախագահը շնորհակալություն հայտնեց Հայաստանում եւ Արցախում ԱՄՆ օժանդակությամբ  իրականացված բազմաթիվ ծրագրերի համար:

«Հայաստանի համար չափազանց պատասխանատու ժամանակաշրջան է՝ լի փորձություններով: Մեզ համար կարեւոր է եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում ԱՄՆ-ի հավասարակշռված մոտեցումը, քանի որ գերտերությունների ջանքերի շնորհիվ է հնարավոր հասնել կայուն խաղաղության եւ հարցերի լուծման»,-նշեց  Վահե Էնֆիաջյանը՝ անդրադառնալով հետպատերազմական շրջանի ցավալի իրողություններին:  Փոխնախագահը  նկատեց, որ Ադրբեջանը ոչնչացնում է հայկական պատմամշակութային նշանակություն ունեցող հուշարձաններ, եկեղեցիներ ու խաչքարեր: «Նրանք մերժողական քաղաքականություն են վարում եւ անտեսում ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ նման կարեւորագույն արժեքների  պահպանությանն ուղղված բարձր առաքելությունը»,-նկատեց նա:

Էնֆիաջյանը նաեւ տեղեկացրեց, որ Ադրբեջանն անտեսում է գերիների եւ ռազմագերիների փոխանակման հարցում ձեռք բերված «բոլորը բոլորի դիմաց»  եռակողմ հայտարարությամբ ամրագրված սկզբունքը:  Դեսպան Լին Թրեյսին նշեց, որ իրենք ադրբեջանական իշխանությունների հետ այս ուղղությամբ  աշխատանքներ են տանում`  հորդորելով հնարավորինս շուտ վերադարձնել պահվող անձանց: Ըստ նրա` եղել են նաեւ որոշակի արձագանքներ. մասնավորապես, Կարմիր խաչ միջազգային կազմակերպության ներկայացուցիչները  կարողացել են տեսակցել Հադրութից գերեվարված զինծառայողներին:  Բացի գերիների եւ ռազմագերիների վերադարձի հետ կապված հարցից, ԱՄՆ դեսպանությունը փորձում է աջակցել նաեւ զոհվածների աճյունների նույնականացման հարցում՝ համագործակցելով ՀՀ առողջապահության նախարարության հետ: «Այսպիսի մոտ 100 դեպք կա»,-հստակեցրեց  դեսպանը:  Նա նաեւ իրազեկեց, որ ԱՄՆ-ն հետպատերազմական շրջանում 5 մլն ԱՄՆ դոլարի աջակցության ծրագրեր է իրականացրել  պատերազմից տուժած արցախցիների  համար: 


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...