Խորհրդարանը մարտի 23-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
Արդարադատաության նախարար Ռուստամ Բադասյանի խոսքով՝ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կատարվել են մի շարք փոփոխություններ: Հակիրճ ներկայացնելով կատարված փոփոխությունները՝ նախարարը նշեց, որ վերանայվել են Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների պաշտոնների խմբերը եւ պաշտոններին ներկայացնող պահանջները: Սահմանվել է դրույթ, համաձայն որի՝ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ հետախուզական գործառույթներն իրակացնող ստորաբաժանման պաշտոնները համալրվում են կոմիտեի նախագահի սահմանած կարգով եւ պայմանններով անցկացվող մրցույթի արդյունքների հիման վրա՝ հաշվի առնելով վերջիններիս գործունեության առանձնահատկությունները: Ամբողջությամբ վերանայվել է «Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի՝ քննչական ենթակայությանն առնչվող հատվածը: Նախագծերի փաթեթում կատարվել են նաեւ մի շարք խմբագրական եւ տեխնիկական բնույթի փոփոխություններ:
Պատգամավոր Թագուհի Թովմասյանը ելույթում անդրադարձավ նախորդ շաբաթ արտահերթ ռեժիմով քննարկված եւ ընդունված՝ ԲԴԽ-ին մի շարք լիազորություններով օժտելու նախագծին: Նրա խոսքով՝ մտահոգություն կա, որ դատական համակարգն առաջիկայում կոլապսի է ենթարկվելու, որովհետեւ ինքնաբացարկների տարափը դատական նիստեր անցկացնելու հնարավորություն չի ընձեռելու: Պատգամավորը բարձրացրեց նաեւ ԲԴԽ-ում քննվող դատավորների գործերի հրապարակայնության հարցը:
Ռուստամ Բադասյանը եզրափակիչ ելույթում պարզաբանեց, որ Արդարադատության նախարարությունը ներկայացրել է իր դիտարկումները դեռեւս առաջին ընթերցման քննարկման ժամանակահատվածում, որոնք ամբողջությամբ տեղայնացվել են երկրորդ ընթերցմամբ ընդունված տարբերակում: Նշվեց, որ նախագծի ընդունման առնչությամբ ԱՆ-ն չունի որեւէ առարկություն, եւ այն չի պարունակում որեւէ հակասահմանադրական դրույթ: Նա նաեւ ընդգծեց, որ կոլապսի որեւէ հիմք չկա:
Ռուստամ Բադասյանը խորհրդարանի քննարկմանը ներկայացրեց նաեւ ՀՀ քրեական օրենսգիրքն ու կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Նրա խոսքով՝ բազմաթիվ մասնագիտական քննարկումների արդյունքում կատարվել են լայնածավալ փոփոխություններ: «Եվ քանի որ Քրեական եւ Քրեական դատավարության օրենսգրքերը կարգավորում են բավականին բարդ հարաբերություններ, ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում քնարկումներից հետո համատեղ որոշում ենք կայացրել, որ նախագծին «դեմ» քվեարկություն կլինի, որ հնարավորություն լինի այն վերադարձնել առաջարկների ներկայացման փուլ: Մեկ-երկու հարց կա, որ պետք է քննարկենք ու բացառենք որեւէ սխալ, որից հետո հաջորդ լիագումարի ընթացքում կկարողանանք քննարկել օրենսգիրքը»:
«ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը խորհրդարանի քննարկմանը ներկայացրեց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը: Ըստ զեկուցողի՝ առաջարկվող փոփոխությունները վերաբերում են պաշարների գնահատմանը եւ վերագնահատմանը, արդյունահանման իրավունք ստանալուն: Ոչ մետաղական օգտակար հանածոների նոր հանքավայրերի դեպքում, որոնք կգնահատվեն եւ կհաստատվեն 2021-ից, իրավաբանական անձն արդյունահանման իրավունք ստանալու նպատակով կարող է դիմել լիազոր մարմին այն հանքավայրի համար, որտեղ նախորդող 10 տարվա ընթացքում ընդերքաբանական փորձաքննության արդյունքներով հաստատվել են օգտակար հանածոյի պաշարներ: Մինչեւ 2021-ը գնահատված եւ հաստատված պաշարներով ոչ մետաղական օգտակար հանածոների հանքավայրերի դեպքում ժամկետային սահմանափակում չի կիրառվի: Առաջարկվում է նաեւ նախապատվություն տալ այն դիմումատուին, որն առաջինն է դիմում ներկայացրել ընդերքի միեւնույն տեղամասի համար: Լիլիա Շուշանյանն անդրադարձավ նաեւ գործունեությունը դադարեցրած հանքավայրերի վերահսկողության խնդրին: