Տպել
22.03.2021
Հայաստան է ժամանել շուրջ 1500 լիբանանահայ
1 / 4

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի  մշտական հանձնաժողովում մարտի 22-ին քննարկվեց  2020-ի  կատարողականի վերաբերյալ Կառավարության զեկույցը:

ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի խոսքով՝ Covid-19 համավարակն ու պատերազմն ամբողջովին փոխել են կառույցի բնականոն աշխատանքը, եւ որոշ ծրագրեր չեն իրականացվել ամբողջովին կամ մասամբ:  Մասնավորապես, չեն իրականացվել Հայաստան-Սփյուռք համաժողովը, որի անցկացումը հետաձգվել է,  մասամբ՝ «Քայլ դեպի տուն» ծրագիրը: Վերջինս որոշ չափով իրականացվել է հեռավար:

Իրականացվել է  «Ի գործ» ծրագիրը, որի  51 մասնակից   արդեն աշխատում է Հայաստանի պետական հիմնարկներում: «Մեր այս հայրենակիցներից 6-ը մտադիր է  հետագա կյանքը շարունակել հայրենիքում»,- նշեց Զարեհ Սինանյանը:

Բեյրութում տեղի ունեցած  հայտնի աղետից հետո Լիբանանի հայ համայնքին օգնելու նպատակով օգոստոսի սկզբին Հայաստանից եւ Արցախից 3 օդանավով Բեյրութ օգնություն է ուղարկվել:

Հայաստան է ժամանել շուրջ 1500 լիբանանահայ: Նրանք աջակցություն են ստացել բնակարանի, կրթական եւ առողջապահական հարցերով:

 Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում կառույցը գործակցել է Սփյուռքի կազմակերպությունների հետ: Խորհրդարանի հետ որոշակի աշխատանքներ են տարվել Սփյուռքի մասին օրենք ունենալու համար:

Վերանայվել է կառույցի բյուջեն, ինչի արդյունքում այն 40 տոկոսով կրճատվել է:

Այս համատեքստում Զարեհ Սինանյանը նշեց, որ փոքր են իր ղեկավարած կառույցի թե՛ բյուջեն, թե՛ աշխատակազմը, ինչն էլ ազդում է աշխատանքների իրականացման վրա: