Տպել
22.03.2021
Բարձրացել է քրեակատարողական հիմնարկների 2000-ից ավելի ծառայողի աշխատավարձ
1 / 6

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 22-ի նիստում քննարկվեց Կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 242-Ա որոշմամբ հավանության արժանացած «ՀՀ կառավարության 2019-ի փետրվարի 8-ի N 65-Ա որոշմամբ հավանության արժանացած՝ Կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցը:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրեց զեկույցի՝ իրավապահ համակարգ, արդարադատություն, օրենքի գերակայություն, կոռուպցիայի դեմ պայքար բաժին:

Նշվեց, որ 2020-ին ընդունվել է ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը եւ դրանից բխող 2020-2022-ի միջոցառումների ծրագիրը: Ընդունվել են պարեկային ծառայության ստեղծման եւ գործարկման համար անհրաժեշտ օրենսդրական ակտեր, որոնց նպատակը ժամանակակից մարտահրավերներին դիմակայող, մասնագիտացված ու տեխնիկապես հագեցած ոստիկանության եւ նոր ոստիկանի կերպարի ստեղծումն է: Ձեռք են բերվել պարեկային ծառայության համար անհրաժեշտ նոր տեխնիկական միջոցներ եւ հանդերձանք:

2021-ի ընթացքում կգործարկվեն պարեկային ծառայության Երեւանի ստորաբաժանումը եւ օպերատիվ կառավարման կենտրոնը: Վերջինս լինելու է քաղաքացիներից ահազանգեր ընդունող եւ արտաքին ծառայության իրականացումը մեկ կենտրոնից կառավարող կառույց:

2020-ի ընթացքում կասեցվել է շուրջ 2200 վարորդական վկայական, 45 անձ զրկվել է դրանից: Կայացվել է տուգանային միավորներին առնչվող շուրջ 415 000 որոշում:

Նախորդ տարում շարունակվել է հակակոռուպցիոն ռազմավարությամբ 2020-ի համար սահմանված կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված բարեփոխումների իրականացումը, որի շրջանակներում ընդլայնվել են կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի լիազրությունները: Հանձնաժողովը հաշվետու ժամանակահատվածում իրականացրել է 47 անձի բարեվարքության ստուգում, որից 26-ի առնչությամբ ներկայացվել է դրական եզրակացություն, 16-ի վերաբերյալ՝ դրական վերապահումով, 4-ի վերաբերյալ՝ բացասական: Մեկ անձի առնչությամբ եզրակացություն չի ներկայացվել:

Ներդրվել է նոր ծախսերի հայտարարագրման ծրագիր: Հայտարարատու պաշտոնատար անձանց թիվը կազմում է 9000 նախկին 3000-ի փոխարեն:

Մշակվել է հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենքի եւ հարակից օրենքներով օրենսդրական փաթեթը, որը կարգավորում է կոմիտեի լիազորությունները:

2020-ին ընդունվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենսդրական փաթեթը, ապա սեպտեմբերին դատախազությունում ձեւավորվել համանուն ստորաբաժանում: Ստեղծումից մինչեւ դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում  նշյալ վարչությունում ստացվել են 201 քրեական գործերի վերաբերյալ նյութեր` հնարավոր ապօրինի ծագմամբ գույք ունեցող 430 սուբյեկի վերաբերյալ: Ուսումնասիրությունների արդյունքում որոշում է կայացվել նրանցից 214-ին պատկանող գույքի առնչությամբ սկսելու ուսումնասիրություններ: Դրանք ընթացքի մեջ են:

Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է կոռուպցիոն բնույթի 1114 հանցագործություն, որից 157-ը՝ կաշառքի, 160-ը՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացման, 155-ը՝ պաշտոնական կեղծիքի, 389-ը՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, 52-ը պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքեր են:

Իրական սեփականատերերի ռեգիստրի ներդրման շնորհիվ՝ մետաղական հանքաքար արդյունահանող կազմակերպությունների սեփականատերերի բացահայտման նպատակով 2020-ին առաջին անգամ 34 ընկերություն ներկայացրել է հայտարարագիր:

Նախորդ տարի 2000-ից ավելի քրեակատարողական ծառայողի աշխատավարձ բարձրացել է 30 տոկոսով, ինչը նպատակ է հետապնդում ապահովելու արդյունավետ պայքար քրեական ենթամշակույթի դեմ եւ նպաստելու արդարադատության իրականացմանը: