Տպել
16.03.2021
Նոր օրենսդրական փաթեթ՝ միտված սպառողների շահերի պաշտպանությանը
1 / 7

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանն ու Բաբկեն Թունյանը նախաձեռնել են փոփոխություններ «Բանկային ավանդների ներգրավման մասին»  եւ հարակից երկու  օրենքներում: Առաջարկվում է սպառողներին վարկեր տրամադրելու կամ ավանդներ ներգրավելու իրականացման համար նախատեսված կարգավորումները խախտելու դեպքում ավելացնել տուգանքների չափերը: Գործող օրենսդրությամբ դրանք բավականին ցածր են.  առաջին խախտման համար սահմանված է 100 հազար դրամ տուգանք, երկրորդի դեպքում` 200 հազար, իսկ երրորդ եւ ավելի խախտումների դեպքում` 500 հազար  դրամ:

Առաջարկվում է վերոնշյալ  օրենքի 11-րդ հոդվածը շարադրել  նոր խմբագրությամբ. «Բանկի կողմից սույն օրենքի կամ դրա հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջները 365 օրվա ընթացքում մեկ անգամ խախտելու համար Կենտրոնական բանկը կարող է նշանակել տուգանք` 500 հազար դրամի, երկրորդ անգամ խախտելու համար՝ 1 մլն դրամի, երրորդ եւ ավելի դեպքերում՝ 2 մլն դրամի չափերով»: Տուգանքը կգանձվի Կենտրոնական բանկի հայցով, իսկ այն դեպքում, երբ բանկը համաձայն չէ տուգանքի նշանակման կամ դրա չափի հետ, դատարանի վճռով: Գանձված գումարը կմուտքագրվի  ՀՀ պետական բյուջե: Արտակ Մանուկյանի խոսքով՝ օրենսդրական փաթեթի նպատակը սպառողների իրավունքների պաշտպանությունն է:

Հիմնական զեկուցող Արտակ Մանուկյանը նշեց, որ փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո բովանդակային փոփոխության չի ենթարկվել:

Հարակից ղեկուցող Եղիշե Սողոմոնյանը նշեց, որ տուգանքի չափերի  ավելացումը միտում ունի ոչ թե բանկերին տուգանելու, այլ խախտումները կանխարգելելու:

Նախագծերի փաթեթը մարտի 16-ին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց երկրորդ ընթերցմամբ եւ դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում: