Տպել
03.03.2021
Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրելու համար օրենսդիրները քննարկեցին ԲԴԽ-ի առաջադրած թեկնածությունները
1 / 21

«Արսեն Մկրտչյանը բազմափորձ դատավոր է եւ վայելում է գործընկերների հարգանքը դատական իշխանությունում»,-ասաց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուներից Արսեն Մկրտչյանի կենսագրական տվյալները եւ մասնագիտական որակները խորհրդարանին ներկայացնելիս:

Ի պատասխան պատգամավորների հարցադրումներին նոյեմբերի 15-ին իր հնչեցրած հայտարարության վերաբերյալ` Ռուբեն Վարդազարյանն ասաց. «Դա ԲԴԽ նախագահի հայտարարությունն է, կոչն է եւ համաձայնեցված չի ԲԴԽ անդամների հետ»:

Մինչդեռ Նիկոլայ Բաղդասարյանը պնդեց՝ ԲԴԽ նախագահն իրավունք չունի ԲԴԽ-ի անունից անձնական կարծիք ներկայացնելու, վերջինս պետական պաշտոնյա է, ԲԴԽ-ն կոլեգիալ մարմին է: «Դուք ձեր լիազորությունները չարաշահել եք»,-ընդգծեց պատգամավորը:

Այդ հայտարարությունը վնասել է մեր երկրի անվտանգությանը եւ ներքին կայունությանը. նման կարծիք հայտնեց Անդրանիկ Քոչարյանը: Նա կոչ արեց Վարդազարյանին հեռու պահել դատական համակարգը երկրի կայունությանը վնասող ազդեցություններից: Ի պատասխան՝ նշվեց. «Ես կհետեւեմ ձեր կոչին եւ ջանք չեմ խնայի դատական համակարգը հեռու պահելու քաղաքական որեւէ ազդեցությունից»:

Դատական իշխանությունում տեղի ունեցող դրական եւ բացասական գործոններին անդրադարձավ Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Արսեն Մկրտչյանը:

«Դատական իշխանությունում ունենք սերունդների բավականին լավ ներկայացվածություն, ազատ, խորագետ միտք, բայց չունենք արդար դատարանի հանրային լայն ընկալում: Ունենք սահմանադրական արդարադատություն, պատճառաբանված դատական ակտեր, սակայն հանրությունն արդարադատության վերջնական սպասում ունի ՄԻԵԴ-ից: Ունենք դրական ելակետային հենքեր արդարադատության որակի տեսանկյունից եւ բացասական՝ հանրային ընկալման տեսանկյունից»,-ասաց թեկնածուն: 

ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը մարտի 3-ի նիստում ներկայացրեց նաեւ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավորի թեկնածու, իրավաբանական գիտությունների դոկտոր Արմեն Հայկյանցի կենսագրությունն ու աշխատանքային ուղին: Հայկյանցը խորհրդարանին հայտնեց իր դիտարկումները Վճռաբեկ դատարանին վերապահված գործառութային շրջանակում արդարադատական առաքելության առանձին ասպեկտների շուրջ:

«Աներկբա է, որ Վճռաբեկ դատարանի կարգավիճակը վերջին երեք տասնամյակներում՝ ՀՀ անկախացումից ի վեր, հանդիսանում է Հայաստանի իրավական համակարգի կառուցողական զարգացման արդյունքը»,- ասաց Արմեն Հայկյանցը:

Հարցի քննարկումը կշարունակվի խորհրդարանի վաղվա նիստում:


05.05.2024
Հայ խորհրդարանականները Վաշինգտոնում մի շարք հանդիպումներ են ունեցել. քննարկվել են համագործակցության նոր ուղղություններ
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ միջազգային հանրապետական ինստիտուտի  Եվրասիայի գծով ավագ տնօրեն Ստեֆան Նիքսին, ԱՄՆ խաղաղության ինստիտուտի Եվրոպայի եւ Ռուսաստանի գծով փոխնախագահ, դեսպան Ուիլիամ Թեյլորին, Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի հարցերով...