Տպել
02.03.2021
Բանավեճ՝ ԱԺ հերթական նիստերի օրակարգի քննարկման ընթացքում
1 / 13

Մարտի 2-ին ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերի քննարկման ժամանակ պատգամավորներից ոմանք անդրադարձան ներքաղաքական իրավիճակին:

Տիգրան Ուրիխանյանը հարց ուղղեց ԱԺ նախագահին. «Ես օրակարգի հետ կապված մի բան եմ ուզում ասել: Հարգարժան խորհրդարան, եթե նկատել եք, երկրում  ճգնաժամ է, ծայրահեղ վիճակ է: Ներքաղաքական իրավիճակը հանգուցալուծման կարիք ունի»: Պատգամավորը  խորհրդարանին առաջարկեց գտնել հանգուցալուծում, ինչին  ի պատասխան  Արարատ Միրզոյանը նշեց, որ իրավիճակի հանգուցալուծման տարբերակներ առաջարկվել են, առաջարկ հրապարակավ եղել է նաեւ վարչապետի կողմից. «Կարելի է նստել, քննարկել, հանգուցալուծումը գտնել»:

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն անդրադարձավ ԱԺ արտահերթ հրավիրելու՝ օրեր առաջ ԱԺ ընդդիմության հնչեցրած պահանջին:  «Պարոն Միրզոյան, Դուք, որպես ԱԺ նախագահ, պարտավոր եք նման հարցերում լինել անաչառ եւ արբիտրի դեր կատարել: Եթե որոշում կար, որ խորհրդի նիստը չպետք է կայանա եւ բոյկոտվի, ապա Դուք պետք է գայիք, բացեիք եւ իրազեկեիք մեզ,  ինչը Դուք չեք արել»: Մարուքյանն ԱԺ նախագահին մեղադրեց ներքաղաքական իրավիճակի հանգուցալուծման հարցում դերակատարություն չունենալու մեջ եւ հորդորեց հրաժարական տալ, ինչին ի պատասխան Արարատ Միրզոյանը նշեց, որ ինքն իր պարտականությունները կատարում է պատշաճ կարգով: «Առողջական, քաղաքական,  կամ գուցե այլ պատճառներով այդ օրը Ձեր նշած նիստին չեմ մասնակցել, դա իմ իրավունքներից մեկն է, ոչ թե պարտականությունը»,- ընդգծեց ԱԺ նախագահը՝ պատգամավորին հորդորելով ավելի շատ ուշադրություն դարձնել սեփական պարտականություններին: Ըստ Արարատ Միրզոյանի՝ Էդմոն Մարուքյանի այս հայտարարությունը փորձ է՝ ուղղված  իրավիճակի բարդացմանը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար  Արման Աբովյանը կարծիք  հայտնեց, թե այնպիսի տպավորություն է, որ խորհրդարանն ամբողջովին  կտրված է իրականությունից:  Նա նույնպես անդրադարձավ արտահերթ նիստ հրավիրելու՝ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների առաջարկին: «Դուք որոշել եք, որ խորհրդարանն «Իմ քայլի» դուքյանն է: Ինչու՞ չեք գալիս, առավոտից երեկո լարվածություն եք գեներացնում: Գայիք, դեմ քվեարկեիք»,-ասաց նա՝ նշելով, որ ԱԺ հերթական նիստերի օրակարգային հարցերը իրականությունից դուրս են: «Դուք միտումնավոր պարալիզացնում եք խորհրդարանի աշխատանքը»,- ընդգծեց նա: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը դիմեց Արման Աբովյանին՝ նշելով, որ նա ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության  անդամ է, սակայն 14 հեռավար քննարկումներից ոչ մեկին չի մասնակցել: «Ոչ մի անգամ ադրբեջանական պատվիրակների հետ չեք  բանավիճել ու ոչ մի անգամ նրանց տեղը չեք դրել, ինչպես հիմա ուզում եք մեզ մեր տեղը դնել»,- ասաց նա:

 Նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերն այս բանավեճից հետո հաստատվեցին: