ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրեց «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով: «Առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում մենք հիմնականում կենտրոնացել ենք «Սնանկության մասին» օրենքում որոշակի հարաբերությունների կարգավորման հստակեցմանը, որը բխում էր պրակտիկայից: Այսինքն՝ առաջինից երկրորդ ընթերցում նախագիծը կոնցեպտուալ առումով փոփոխություններ չի կրել»,-հայտնեց նախարարը:
Քննարկվեց պատգամավորներ Լիլիթ Մակունցի եւ Գեւորգ Պապոյանի հեղինակած «Գնումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը: «Նախագծում իմ առաջարկով որոշ տեխնիկական փոփոխություններ ենք կատարել, որոնք որեւէ կերպ բովանդակության վրա չեն ազդում, բայց իրավական տեխնիկայի առումով նախագիծն ավելի կատարելագործվել է»,-նշեց համահեղինակ Գեւորգ Պապոյանը:
Օրինագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է պայմանագրերի կատարման եւ կառավարման գործընթացներում հակակշիռների ու զսպումների համարժեք մեխանիզմի միջոցով հանրային հսկողության թափանցիկ եւ հրապարակային համակարգ ներդնելու անհրաժեշտությամբ:
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը ներկայացրեց «Արտոնագրերի մասին» եւ «Արդյունաբերական դիզայնի մասին» օրենքների նախագծերը՝ կից փաթեթով:
Պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հեղինակած «Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է հոկտեմբերի առաջին կիրակի օրը նշել որպես Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների օր: Ռուստամ Բաքոյանը հայտնեց, որ առաջին ընթերցմամբ ընդունված նախագծում որպես ՀՀ ազգային փոքրամասնությունների օր սահմանվել էր սեպտեմբերի վերջին շաբաթ օրը, սակայն այժմ կատարվել է փոփոխություն: «Ամեն 7 տարին մեկ հնարավոր էր, որ սեպտեմբերի 27-ին կլինի այս օրը, եւ իհարկե, ՀՀ քաղաքացիները, այդ թվում նաեւ ազգային փոքրամասնությունները, սեպտեմբերի 27-ը երբեք չեն կարող դիտարկել որպես տոն օր»,-ասաց հեղինակը:
Քննարկվեց նաեւ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը՝ կից փաթեթով, որում կատարվել են 30-ից ավելի փոփոխություններ:
Պատգամավորներ Եղիշե Սողոմոնյանի, Արտակ Մանուկյանի, Վարդան Աթաբեկյանի եւ Համազասպ Դանիելյանի մշակած «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը եւս քննարկվեց երկրորդ ընթերցմամբ:
Քննարկված օրինագծերի վերաբերյալ ԱԺ գլխադասային հանձնաժողովների եզրակացությունները դրական էին: