Տպել
26.02.2021
ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ձմեռային նստաշրջանում
1 / 1

Փետրվարի 24-26-ը առցանց տեղի է ունեցել ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանը: ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հռիփսիմե Գրիգորյանն այսօր ելույթ է ունեցել կառույցի տնտեսական հարցերի, գիտության, տեխնոլոգիայի եւ շրջակա միջավայրի հանձնաժողովի նիստի ժամանակ:
 
«Խոսելով Ղարաբաղյան հակամարտության ավարտված լինելու մասին, Ադրբեջանի պատվիրակության իմ գործընկերը սխալվում է:  Հակամարտությունը բռնի ուժով լուծելու փորձը, որը Հելսինկյան եզրափակիչ ակտի աղաղակող խախտում է, կարող է դառնալ վտանգավոր նախադեպ ԵԱՀԿ տարածաշրջանի համար եւ խարխլել ԵԱՀԿ ամբողջ անվտանգային ճարտարապետությունը:

Տարածաշրջանում տեւական խաղաղության հաստատումը կարող է տեղի ունենալ միայն հակամարտության համակողմանի կարգավորման միջոցով, ինչը ներառում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը:

Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ գործընկերներին, ովքեր արդեն խոսել են այս մասին եւ հատկապես ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդին: Վերջինս իր երեկվա խոսքում նշել է, որ թեեւ հրադարարի մասին հայտարարությամբ ավարտվել են ռազմական գործողությունները, երկարաժամկետ առումով հակամարտությունը կարգավորված չէ: Մենք գնահատում ենք ԵԱՀԿ գործող նախագահության ամուր դիրքորոշումը՝ աջակցելու ԵԱՀԿ Մինսկի խմբին, որն Արցախի հակամարտության կարգավորման միջազգայնորեն ճանաչված միակ ձեւաչափն է, շարունակելու աշխատանքները՝ ուղղված հակամարտության համակողմանի կարգավորմանը»,-իր ելույթում նշել է Հռիփսիմե Գրիգորյանը: