Տպել
25.02.2021
ԱԱՀ-ով հարկվելու օրենքի նախաձեռնությունը հավելյալ քննարկման կարիք ունի
1 / 2

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը փետրվարի 24-ին հանդիպեց «Մեկ ձայն» անկախ դպրոցների հայկական ասոցիացիա հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Շամամ Գեւորգյանի, ասոցիացիայի անդամներ՝ «Այբ» դպրոցի ուսուցիչ Արամ Փախչանյանի, «Ուսում» դպրոցի համահիմնադիր Հայկազ Նավասարդյանի եւ «Փոքրիկ իշխան» դպրոցի գործադիր տնօրեն Մարիա Խախամյանի հետ:

Քննարկվեց գործադիր իշխանության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը, որով նախատեսվում է կրթության եւ առողջապահության ոլորտները հարկել ավելացված արժեքի հարկով: Ոլորտների հարկումը պայմանավորված է հարկային քաղաքականության ճեղքի կրճատմանն ուղղված միջոցառումներով:

Նախաձեռնության ընդունման դեպքում մասնավոր դպրոցները եւս կհարկվեն ԱԱՀ-ով: Ներկաները նախաձեռնությունը  մտահոգիչ եւ խնդրահարույց համարեցին: Մասնավոր դպրոցներում, որտեղ սովորում է շուրջ 10 500 աշակերտ, դասավանդում՝ մոտ 1 500 ուսուցիչ, կսկսվի սովորողների արտահոսք:  Ըստ իրենց՝ հարցումները ցույց են տվել, որ ծնողների մեծ մասը չի կարողանալու վճարել ուսման վարձը, որն ԱԱՀ-ով հարկվելու պարագայում առնվազն 20 տոկոսով կբարձրանա: Արամ Փախչանյանը համոզված է, որ ԱԱՀ-ով հարկումը ոչ միայն կվնասի կրթության ոլորտը, այլեւ կտուժի պետությունը, որին այս որոշումը օգուտ չի տալու, հետեւաբար անհրաժեշտ է վերանայել այն:

Նշվեց, որ կրթության ոլորտն ԱԱՀ-ով հարկելու մեխանիզմի ներդրմանը դեմ են ոչ միայն վերոնշյալ ասոցիացիայի մաս կազմող 8 մասնավոր դպրոցները, այլեւ մյուս 38 մասնավոր կրթօջախները:

Մխիթար Հայրապետյանը նշեց, որ խնդրից տեղյակ է, եւ կարծում է, որ հարցը հավելյալ քննարկման կարիք ունի: