Տպել
22.02.2021
Առաջարկում են վերանայել 1999-ից ի վեր գործող պետտուրքի դրույքաչափերը
1 / 12

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փետրվարի 22-ի նիստում քննարկված օրենսդրական նախաձեռնություններից առաջինը տուրքի գործող դրույքաչափերի մասին էր: Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Պետական տուրքի մասին» օրենքում եւ նոր դրույքաչափեր սահմանել դատարաններ ներկայացվող հայցադիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ եւ վճռաբեկ բողոքների համար: Արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը տեղեկացրեց, որ  օրենքը 1999 թվականից ի վեր որեւէ փոփոխության չի ենթարկվել, մինչդեռ Հայաստանում փոփոխվել են սոցիալ-տնտեսական ցուցանիշները:

Առաջարկվել է տուրքի գործող դրույքաչափերն ավելացնել մինչեւ 4 անգամ, ինչպես նաեւ վերանայել Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումների դրույքաչափերը:

Առաջին ատյանի դատարան դրամական պահանջով դիմելու համար առաջարկվում է սահմանել 3%՝ նախկին 2%- ի փոխարեն: Վերաքննիչ քաղաքացիական դատարան բողոք ներկայացնելու համար, որպես առավելագույն դրույքաչափ, սահմանվել է 15 մլն դրամ, իսկ Վճռաբեկ դատարանում քաղաքացիական գործերով՝ 10 մլն դրամ: Սահմանվել են պետական տուրքի առավելագույն, նվազագույն չափերը՝ նաեւ վարչական դատավարության կարգով քննվող գործերի համար:

«Նախագծերի փաթեթում առկա են մի շարք դրական առանձնահատկություններ. տարանջատվել են քաղաքացիական, վարչական եւ սնանկության գործերով պետական տուրքերի վճարման կարգերը»,- ասաց պատգամավոր Սարգիս Խանդանյանը: Նա կարեւորեց նաեւ  առավելագույն շեմերի նախատեսումը:

Փոփոխություններով եւ լրացումներով գործադիրն ակնկալում է բարձրացնել արդարադատության արդյունավետությունը: Որպես հատուկ նպատակ՝ կարեւորվում է դատարան դիմելու մատչելիության սկզբունքը չխախտելը:

Անի Սամսոնյանը տեղեկացրեց, որ հանձնաժողով են դիմել «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ անդամները՝ ներկայացնելով քննարկվող փաթեթի վերաբերյալ իրենց դիտարկումները: Նրանք առաջարկել են հրաժարվել պետական տուրքի գործող դրույքաչափերի փոփոխություններից՝ նշելով, որ քաղաքացիները հայտնվելու են  անհավասար եւ անբարենպաստ իրավիճակում:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում նախատեսվող լրացումը: Ռուստամ Բաքոյանն առաջարկել է Ազգային փոքրամասնությունների օրը սեպտեմբերի վերջին շաբաթ օրվա փոխարեն նշել հոկտեմբերի առաջին կիրակի օրը: «Հիմնավորումը  հետեւյալն է՝ նախագիծը մինչեւ Արցախյան պատերազմի սկսվելն էր դրվել շրջանառության մեջ, հետեւաբար պատերազմից հետո չենք կարող թողնել սեպտեմբերի վերջին շաբաթ օրը, քանի որ 7 տարին մեկ այդ օրը լինելու է սեպտեմբերի 27-ին: Մեզ համար սեպտեմբերի 27-ն ուղղակի չի կարող նշվել որպես տոն»,- ասաց Բաքոյանը:
 


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...