Տպել
16.02.2021
ԱԺ քննիչ հանձնաժողովը 251 հարցով դիմեց Կառավարությանը
1 / 8

ԱԺ քննիչ հանձնաժողովը սահմանված ժամկետում կազմել եւ Կառավարությանն է ուղարկել 251 հարցից բաղկացած հարցաշար: Փետրվարի 16-ին հրավիրված նիստի ժամանակ այդ մասին տեղեկացրեց Արկադի Խաչատրյանը՝ Նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի` համաճարակի հետեւանքները մեղմելու կամ վերացնելու ուղղությամբ Կառավարության եւ պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաեւ արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահը:

251 հարցից 164-ը վերաբերում է առողջապահության ոլորտին, 44-ը՝ տնտեսական հետեւանքներին եւ ֆինանսական միջոցների ծախսման ուղղություններին, 49-ը՝ սոցիալական ոլորտին: Հարցումներ են ուղարկվել նաեւ Հաշվեքննիչ պալատ, ՀՀ ԿԲ, ՊԵԿ, ՀՀ գլխավոր դատախազություն, ՊՆ, Ոստիկանություն, ՊՎԾ եւ ՄԻՊ:

Հարցերը ներկայացրել են ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների նեկայացուցիչները:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորները նշեցին, որ համավարակի դեմ պայքարի գործընթացը դեռ չի ավարտվել,  քննիչ հանձնաժողովը ստեղծվել է ժամանակից շուտ, ուստի խմբակցությունը նպատակահարմար չի համարել հարցեր ներկայացնելու: Ավելին՝ դրանց մի մասին տարբեր առիթներով պատասխաններ տրվել են ու հարցաշարում կան քաղաքական պնդումներ:

Հանձնաժողովի նախագահը հիշեցրեց, որ նախնական պայմանավորվածության համաձայն հարցաշարը գրաքննության չպետք է ենթարկվի. կարող են լինել առաջարկներ:

Քննիչ հանձնաժողովին առաջինը պատասխանել է Հաշվեքննիչ պալատը: Կառույցը պատրաստակամություն է հայտնել  ներկայացնել պալատի ուսումնասիրությունները եւ արդյունքները:

Արկադի Խաչատրյանն ակնկալեց լսելու մյուս գերատեսչությունների ղեկավարներին եւս: