ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի ընդունման հարցը խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկեց փետրվարի 9-ին:
Նպատակն է վարույթի ամրագրումը դարձնել էլեկտրոնային: Առաջին անգամ որպես քրեական դատավարության սկզբունք ամրագրվում է իրավունքի չարաշահման արգելքը, հնարավորություն է տրվում ներդնել պահեստային դատավորի գաղափարը: Ըստ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի՝ դա հնարավարություն կտա բուն դատավորի փոփոխության դեպքում գործը նորից չսկսել:
Նախաքննության փուլում առաջարկվում է մեծացնել պաշտպանի դերակատարումը, հետայսու վերջինիս կողմից ներկայացված տեղեկությունները ապացույցի կարգավիճակ կունենան: Կներդրվի փաստերի իրավական կանխավարկածի ինստիտուտը, կվերացվի նաեւ քրեական գործի հարցման ձեւական փուլը:
Օրվա վերջին նիստում «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն` ՀՀ ԱԺ պատգամավորները հանդես եկան հայտարարություններով: