Հունվարի 14-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հետ:
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի տեղեկացմամբ՝ հանդիպման նպատակն է վերուծել հունվարի 11-ին Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման եւ ստորագրված հայտարարության արդյունքները, դրանից բխող հետագա հնարավորություններն ու քայլերը: Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է, որ քննարկման առաջնահերթությունը հայ ռազմագերիների վերադարձի ուղղությամբ տարվող քայլերն են:
Հանդիպման մեկնարկին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը, անդրադառնալով նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարի հայտարարությանը, նշել է, որ հրադադարի վերջին լուրջ խախտումը տեղի է ունեցել հունվարի 13-ին, ինչի հետեւանքով վիրավորվել է ՊԲ զինծառայող:
«Խիստ մտահոգված ենք Ադրբեջանի կողմից հայտարարության առանցքային դրույթների շարունակական խախտումներով»,- ասել է նա: Նախարարն ընդգծել է, որ հայ զինծառայողների հանդեպ շինծու մեղադրանքների առաջադրումը, քրեական գործերի հարուցումը ոչ միայն խախտում է եռակողմ հայտարարությունը, այլեւ՝ Ժնեւյան կոնվենցիաները:
«Այս գործոնները չեն նպաստում տարածաշրջանում վստահության ձեւավորման ջանքերին, քանի որ վստահության առաջացման ամենակարեւոր գրավականը ստանձնած պարտավորությունների իրականացումն է: Հայաստանը կշարունակի գործադրել իր ջանքերը բոլոր ռազմագերիների եւ պատանդների հետ վերադարձման, անհետ կորածների ճակատագրի պարզաբանման նպատակով»,- նշել է Արա Այվազյանը:
Ըստ նախարարի՝ Հայաստանը շարունակելու է հանդես գալ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի դիրքերից, պատրաստ է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը իրականացնել Մինսկի խմբի համանախագահությամբ` հիմնված հիմնարար սկզբունքների վրա:
«Տարածաշրջանում ստեղծված իրավիճակն ուժի կիրառման հետեւանք է: Ուժի կիրառումը կարող է ձեւավորել հակամարտության մեջ նոր փուլ, սակայն այն չի կարող լուծել հակամարտությունը: Միայն բանակցված քաղաքական կարգավորումը, որը կհարգի բոլորի իրավունքները, ճանապարհ կհարթի պատերազմի պատճառների եւ հետեւանքների վերացման համար, կարող է տեւական խաղաղություն եւ հաշտություն բերել Հարավային Կովկասի տարածաշրջան»,- ասել է նախարարը:
Հանդիպումը շարունակվել է փակ ձեւաչափով:
Հանդիպմանը չեն մասնակցել խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները: