Տպել
11.01.2021
Քննարկվել են երեխաների իրավունքներին վերաբերող օրենսդրական նախաձեռնություններ
1 / 6

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 11-ին նիստ է գումարել, որը վարել է հանձնաժողովի նախագահի տեղեկալ Անի Սամսոնյանը:

Հանձնաժողովը քննարկել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հեղինակած ««Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Ըստ հիմնական զեկուցող Ռուստամ Բաքոյանի՝ Հայաստանի Հանրապետությունը մոնոէթնիկ երկիր է, ուր ապրում է 11 ազգային փոքրամասնություն: Ըստ միջազգային փորձի՝ աշխարհի տարբեր պետություններում հիմք ընդունելով ՄԱԿ-ի հռչակագիրը՝ պաշտոնապես ամրագրված է Ազգային փոքրամասնությունների օրը: Նախագծով առաջարկվել է սեպտեմբերի վերջին շաբաթ օրն այսուհետ ընդգրկել ՀՀ տոների եւ հիշատակի օրերի ցանկում՝ նշելով որպես ՀՀ ազգային փոքրամասնությունների օր: Ըստ Ռուստամ Բաքոյանի՝ ՀՀ քաղաքացիները եւս մեկ առիթ կունենան ուշադրություն դարձնելու ազգային փոքրամասնությունների խնդիրներին, նրանց մշակույթի պահպանմանը, հանրայնացմանն ու տարածմանը:

Հարակից զեկուցող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը ողջունել եւ կարեւորել է նախագծի ընդունումը՝ նշելով, որ այն ազգային փոքրամասնությունների մշակութային ինքնության ճանաչելիության բարձրացման կարեւոր խթան կարող է լինել:

Նախագիծն ստացել է դրական եզրակացություն:

«Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի` հաղորդագրություններ ներկայացնելու կարգի վերաբերյալ կամընտիր արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը հանձնաժողովականների քննարկմանն է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը:

Արձանագրությունն ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանի 89-րդ լիագումար նիստում 2011 թվականի դեկտեմբերի 19-ին: Այն ստորագրել է 52, վավերացրել՝ 46 պետություն: Հայաստանի Հանրապետությունն  արձանագրությունը ստորագրել է 2019թ. սեպտեմբերի 26-ին:
 

Արձանագրությունը կոչված է ամրապնդելու եւ լրացնելու ազգային եւ տարածաշրջանային մեխանիզմները, որոնք երեխաներին հնարավորություն են տալիս բողոքներ ներկայացնել իրենց իրավունքների խախտումների դեմ:

Մանրամասն ներկայացնելով արձանագրությամբ կարգավորվող դրույթները՝ հիմնական զեկուցողն առաջարկել է կողմ քվեարկել նախագծին:

Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Երեխայի իրավունքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանի ներկայացմամբ՝ նախագծի ընդունումը պայմանավորված է «Երեխայի իրավունքների մասին» օրենքը ՀՀ Սահմանադրությանը եւ «Հոգեբուժական օգնության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:

Նախագծով առաջարկվում է սահմանել 16 տարին լրացած, հոգեկան առողջության խնդիր ունեցող երեխայի՝ հոգեբուժական միջամտություն ստանալու կամ դրանից հրաժարվելու վերաբերյալ կամավոր իրազեկված լինելուն համաձայնություն տալու իրավունքը: Նախագծով առաջարկվել է գրավոր իրազեկված համաձայնությունը ստանալ նրա օրինական ներկայացուցչից, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Սահմանվել է նաեւ, որ երեխայի հոգեբուժական օգնությունը եւ սպասարկումն իրականացնելիս նրա կարծիքն ամրագրելը պարտադիր է:

Հարակից զեկուցող ԱԺ պատգամավոր Մարիա Կարապետյանը նշել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախագիծը լուրջ, բազմակողմանի քննարկման է ենթարկվել: Նա կարեւորել է նախագծի ընդունումը:

Կառավարության կողմից լրամշակված օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ 5 որոշման համաձայն՝ Ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված ՀՀ օրենսդրության բարեփոխման շուրջ քննարկումների նպատակով ստեղծված աշխատանքային խմբի գործունեության ժամկետն ավարտվելուց հետո հանձնաժողովի հերթական կամ արտահերթ նիստում զեկուցվում է գործունեության արդյունքների մասին: Զեկույցը ներկայացրել է աշխատանքային խմբի ղեկավար, ԱԺ պատգամավոր Սարգիս Խանդանյանը: Նա նշել է, որ գործունեության մեկ տարվա ընթացքում աշխատանքային խումբն աշխատել է պետական գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, փորձագետների հետ, սերտ համագործակցել ՀՀ արդարադատության նախարարության հետ:

Սարգիս Խանդանյանին ուղղված հարցերը վերաբերել են խմբի աշխատանքների շարունակականությանը, սպասվող օրենսդրական նախաձեռնություններին:

Հանձնաժողովը զեկույցն ընդունել է ի գիտություն: 


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...