Տպել
02.12.2020
Քննարկվել են ՀՀ պետական գույքի մասնավորեցման եւ ՀՀ հարկային օրենսգրքի փոփոխություններին առնչվող նախագծեր
1 / 5

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ դեկտեմբերի 2-ին հրավիրած նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ՀՀ կառավարության եւ ԱԺ պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի համատեղ հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից նախագծերի փաթեթը, որով փորձ է արվում կարգավորել  միջպետական, հանրապետական եւ մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին, ինչպես նաեւ այդ ճանապարհների օտարման շերտերում եւ պաշտպանական գոտիներում սոցիալական գովազդ տեղադրելու հետ կապված հարաբերությունները: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի հավաստմամբ՝ նախատեսվում է ավտոմոբիլային ճանապարհների վրա տեղադրված գովազդային վահանակների վրա տեղադրված սոցիալական գովազդը ազատել հարկումից, դատարկ վահանակների եւ գովազդակիր ընկերության սեփական գովազդի մասով ճանապարհային հարկի դրույքաչափերը համապատասխանեցնել համայնքներում տեդադրվող գովազդի համար վճարվող տեղական տուրքի դրույքաչափերին: Ըստ նրա՝ Կառավարությունը շարունակելու է ջանքեր գործադրել մարզպետարանների գործունեության արդյունավետության բարձրացման, տարածքային զարգացման անհամաչափությունները մեղմելու, ինչպես նաեւ վարչատարածքային բարեփոխումների շարունակական ընթացքն ապահովելու ուղղությամբ: Կիրականացվեն լիազորությունների ապակենտրոնացմանն ուղղված միջոցառումներ, մասնավորապես` առողջության առաջնային պահպանման, միջհամայնքային եւ միջբնակավայրային ճանապարհների պահպանության ու շահագործման, հանրակրթական դպրոցների շենքերի պահպանության ու շահագործման, սոցիալական համալիր ծառայությունների կազմակերպման ու իրականացման ոլորտներում:

Պատգամավորները հիմնականում կողմ են արտահայտվել օրենսդրական փաթեթին, ինչպես նաեւ հաստատել այն 24ժամյա ռեժիմով քննարկելու հատուկ կարգը:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ՀՀ  արտակարգ իրավիճակների նախարարության համակարգում տեղի ունեցող փոփոխությունների շրջանակներում «Հատուկ լեռնափրկարար ծառայություն» ՓԲԸ-ն ընդգրկել  մասնավորեցման ծրագրում: Ըստ ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանի՝ մասնավորեցման արդյունքում ինչ-որ չափով կնվազի ընկերության՝ որպես պետական կառույցի գերիշխող դիրքը ոլորտում, որի հետեւանքով կստեղծվեն լեռնափրկարար ծառայություն մատուցող կազմակերպություններ, իսկ ծառայության մատուցումը կդառնա մրցակցային: Առաջարկվում է նաեւ մասնավորեցման պայմանագրում, գնորդի պարտականությունների գլխում ներառել դրույթ՝ լեռնափրկարար ծառայության մատուցման գործառույթը որպես պարտադիր պայման արձանագրելով:

Հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել քննարկված հարցերին Ազգային ժողովի յոթերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվելու համար:

Մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը գործընկերներին տեղեկացրել է, որ առաջիկայում կստեղծվի տնտեսական հարցերի արագ արձագանքման աշխատանքային խումբ: Հիմնական նպատակն է լինելու գործարարների առջեւ ծառացող խնդիրների հրատապ լուծումը:
 


04.05.2024
Հայ պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի եւ տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրենին
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները մայիսի 3-ին Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի եւ տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրեն Մարկ Քեմերոնին: Մարկ Քեմերոնը ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման գործընթացը` հիմնված Ալմա-Աթայի հռչակ...