National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
26.11.2020

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
26.11.2020
Խորհրդարանի արտահերթ նիստում քննարկվել եւ չի ընդունվել «Ռազմական դրությունը վերացնելու մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագիծը
1 / 41

ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների նախաձեռնությամբ նոյեմբերի 26-ին գումարվել է  Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված է եղել մեկ հարց՝ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Ռազմական դրությունը վերացնելու մասին»  ԱԺ որոշման  նախագիծը:

 Նախաձեռնությունը ներկայացրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը՝ նշելով, որ  2020 թվականի սեպտեմբերի 27-ից  թուրք-ադրբեջանական զինված ուժերը լայնամասշտաբ  ագրեսիա են սկսել  Արցախի Հանրապետության դեմ, որի հետեւանքով ՀՀ Կառավարությունը կայացրել  է «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» որոշում` միաժամանակ սահմանելով ռազմական դրության ժամանակ կիրառվող միջոցառումները եւ իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումները, ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցներն ու մարմինները: Պատգամավորը շեշտել է, որ  ռազմական դրություն հայտարարելու համար նախադրյալ հանդիսացած հիմքերն այժմ  վերացել են, սակայն դեռեւս ուժի մեջ  են սահմանափակումները: Նկատի ունենալով այս իրողությունը՝ խմբակցությունն  առաջարկում է  վերացնել հայտարարված  ռազմական դրությունը, քանի որ այն սահմանափակում եւ խոչընդոտում է քաղաքացիների ազատ տեղաշարժը, հավաքների եւ խոսքի ազատությունը, տնտեսական գործունեությունը, ինչն էլ իր հերթին  խորացնում է տնտեսության ճգնաժամը:  Պատգամավորը հավելել է, որ ռազմական դրությամբ պայմանավորված՝ հանրապետությունից չեն կարողանում դուրս գալ երկքաղաքացիություն ունեցող անձինք, ինչպես նաեւ  իրենց առօրյա կյանքին վերադառնալ չեն կարողանում այն քաղաքացիները, որոնք զորակոչվել են պատերազմական օրերին եւ առայսօր գտնվում են ծառայության վայրում:

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի բացասական եզրակացությունը ներկայացրել է Արեն Մկրտչյանը: Նրա տեղեկացմամբ՝  առկա են խնդիրներ, որոնք հնարավոր չէ կարգավորել՝ չեղարկելով ռազմական դրությունը: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է հետպատերազմական շրջանում 520 կմ երկարությամբ սահմանի պաշտպանության ապահովմանը, զինծառայողների պատշաճ հերթափոխի կազմակերպմանը եւ այլն:

Նա հայտնել է,  որ Կառավարությունն այժմ  մշակում է օրենսդրական նախաձեռնություն, որի ընդունումից հետո վերոնշյալ խնդիրները կկարգավորվեն առանց ռազմական դրության պայմանների:

Կառավարության դիրքորոշումը ներկայացրել է ՀՀ առողջապահության նախարարի առաջին  տեղակալ Անահիտ Ավանեսյանը:  Նա պարզաբանել է, որ այսօր նպատակահարմար չէ չեղարկել ռազմական դրությունը, քանի որ  առկա են Կառավարության որոշումներ, որոնք կարող են կիրարկվել միայն ռազմական դրության պայմաններում: Փոխնախարարի խոսքով՝ ռազմական դրությունն  անհրաժեշտ է չեղարկել աստիճանաբար՝ գործողության մեջ դնելով գործադրի կողմից  մշակվող օրենսդրական փաթեթը:

Նախաձեռնության վերաբերյալ տեսակետներ են հայտնել ԱԺ պատգամավորները:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները վաղ են համարել ռազմական դրության վերացումը: Կարծիք է հնչել, որ պատերազմը դեռեւս չի ավարտվել: Հնարավոր են համարվել սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրության իրավական ռեժիմով սահմանված որոշ միջոցառումների մեղմացումը, փոփոխումը եւ չեղարկումը: Նշվել է, որ ռազմական դրությունը կհանվի, սակայն ժամանակ է հարկավոր, որպեսզի պետությունը պատրաստվի առկա դրությունից սովորական ռեժիմ անցնցում անցմանը:

Ընդդիմադիր պատգամավորների կարծիքով՝ երկրի շահերից է բխում օր առաջ ռազմական դրության վերացումը, իսկ դրա պահպանումը հետապնդում է քաղաքական նկատառումներ:

Խորհրդարանականները խոսել են նաեւ հետպատերազմական իրավիճակի մասին, բարձրաձայնել իրենց մտահոգությունները: Նշվել է, որ Կառավարությունն այս պահին քայլեր է ձեռնարկում երկրից դուրս գալու ռեժիմը դյուրացնելու ուղղությամբ:

Արտահերթ նիստում ելույթ է ունեցել նաեւ ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղար Արթուր Սարգսյանը: Նա շնորհակալություն է հայտնել նախարարության դիրքորոշումը ներկայացնելու հնարավորության ընձեռնման համար: Բանախոսը ներկայացրել է ՊՆ մասնագիտական մոտեցումը հարցի վերաբերյալ: Զեկուցողի խոսքով՝ նախաձեռնությունն ընդունելու եւ լրացուցիչ կարգավորումներ միաժամանակ չընդունելու պարագայում խնդիրներ են առաջանալու պաշտպանական եւ անվտանգային հարցերի վերաբերյալ: Նշվել է, որ հնարավոր խնդիրներից խուսափելու եւ հավասարակշռված լուծումներ ու մոտեցումներ գտնելու նպատակով նախարարությունը մշակել է համապատասխան իրավական ակտեր, որոնք ՊՆ-ից դուրս  շրջանառվելուց եւ այլ նախարարություններում մասնագիտական շրջանակների հետ քննարկվելուց հետո կընդունվեն Կառավարության կողմից:

ՊՆ ներկայացուցիչն առաջարկել է ձեռնպահ մնալ ներկայացված տարբերակով նախաձեռնության ընդունումից:

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ներկայացրել է սեպտեմբերի 27-ից մինչեւ այսօր տեղի ունեցած իրադարձությունները՝ պարզաբանելով որոշ մանրամասներ: Նա նշել է, որ պետք է գնահատվեին առկա հնարավորությունները եւ համապատասխան որոշումներ կայացվեին: Էդմոն Մարուքյանը խոսել է չկայացած խորհրդատվությունների, քննարկումների, իրատեսական գործողությունների պլանի բացակայության մասին:

Նա կոչ է արել կողմ քվեարկել ռազմական դրությունը վերացնելու մասին նախագծին:

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անունից ելույթ է ունեցել Նաիրա Զոհրաբյանը: Նա տեղեկացրել է, որ ադրբեջանցի զինծառայողները գտնվում են Սոթքի հանքավայրի մատույցներում, եւ իշխանությունը չի տիրապետում իրավիճակին:

Ըստ բանախոսի՝ պատմությունը, քննիչ հանձնաժողովները դեռեւս կբացահայտեն, որ կորուստները սեփական ուժերը ոչ ճիշտ գնահատելու արդյունք են՝ ընդգծելով, որ գալու է պատասխան տալու ժամանակը:

Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է ռազմագերիներին փոխանակելու, զոհվածների դիակները վերադարձնելու, փախստականների կարիքները հոգալու խնդիրներին, խոսել  է Հայաստանի պետականությունը չկորցնելու, Արցախը փրկելու պատմական առաքելության մասին:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ ռազմական դրության ռեժիմն այս պահին անհրաժեշտություն է՝ հաշվի առնելով հատկապես Սոթքում տիրող իրավիճակը: Նրա խոսքով՝ ռազմական դրությունը հաստատվել է Կառավարության որոշումով՝ ռազմական գերատեսչության առաջարկով: Ըստ բանախոսի՝ ռազմական գերատեսչությունը պետք է, իր առջեւ դրված խնդիրներից ելնելով, որոշում կայացնի դրա շարունակության անհրաժեշտության կամ դադարեցման մասին:

Ըստ նրա՝ իշխող ուժը, խորհրդարանական խմբակցությունները պետք է գտնեն միասին խորհրդակցություններ անցկացնելու ձեւաչափ՝ ձեռնարկելով ճգնաժամը հաղթահարելուն ուղղված քայլեր:

Եզրափակիչ ելույթում Գեւորգ Գորգիսյանը նշել է, որ կառավարության ներկայացուցիչները եւ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները ռազմական դրության պահպանումը փորձել են կապել երկրի անվտանգության խնդիրների հետ: Ըստ բանախոսի՝ ռազմական դրության պահպանման համար ներկայացված հիմնավորումները բավարար չեն:

Խորհրդարանը քվեարկության արդյունքում չի ընդունել որոշման նախագիծը:

Սպառելով օրակարգը՝ խորհրդարանն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը:


26.11.2020
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նամակ է հղել Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեին
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նամակ է հղել Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեին՝ շնորհակալություն հայտնելով վերջինիս եւ Սենատի մյուս անդամներին «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ» բանաձեւի ընդունման կապակցությամբ:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS