National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
08.03.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
28.10.2020
Լենա Նազարյանն ընդունել է «Կանանց երկխոսություն» համառուսաստանյան քաղաքական կուսակցության նախագահին
1 / 3

Հոկտեմբերի 27-29-ը ՀՀ ԱԺ պատգամավոր Անուշ Բեղլոյանի հրավերով աշխատանքային այցով մեր երկրում է «Կանանց երկխոսություն» համառուսաստանյան քաղաքական կուսակցության նախագահ Ելենա Սեմերիկովան, ում այսօր ընդունել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը:

Հանդիպմանը մասնակցել են նաեւ ԱԺ պատգամավորներ Անուշ Բեղլոյանը, Վլադիմիր Վարդանյանը եւ Նազելի Բաղդասարյանը:

Ողջունելով հյուրի այցը Հայաստան՝ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը ցավով է ընդգծել այն փաստը, որ այն տեղի է ունենում ոչ խաղաղ, այլ պատերազմական իրավիճակում: Ներկայացնելով ստեղծված իրադրությունը՝ Լենա Նազարյանը փաստել է, որ արդեն մեկ ամիս է Ադրբեջանն ու Թուրքիան մեզ ներքաշել են պատերազմի մեջ:

«Պատերազմը սկսել է Ադրբեջանը՝ Թուրքիայի քաղաքական եւ ռազմական աջակցությամբ: Երեւի իրենց երկրներում տուժածների հետ ներքին խնդիրներ չունենալու համար ռազմի դաշտ են հանել վարձկանների Սիրիայից, Լիբիայից, Աֆղանստանից եւ Պակիստանից»,-ասել է ԱԺ փոխխոսնակը:

Լենա Նազարյանն ընդգծել է, որ ԼՂ հիմնահարցը մեզ համար տարածքային խնդիր չէ, այլ՝ մարդու իրավունքների հարց: Նրա խոսքով՝ Արցախյան խնդիրը ծագել է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում բնակվող հայերի նվազագույն իրավունքներն ապահովելու հարցում Ադրբեջանի անկարողության պատճառով: ԱԺ փոխնախագահը համոզմունք է հայտնել, որ այս 30 տարիներին պարզ է դարձել՝ հայերն ու ադրբեջանցիները չեն կարող ապրել միասին Ադրբեջանի ղեկավարության ներքո: «Դա հայերի կյանքին ու անվտանգությանն ուղիղ սպառնալիք է: Մենք ասել ենք, որ պատրաստ ենք փոխզիջումների, պատրաստ ենք հարցը լուծել բանակցությունների ճանապարհով: Մինչ այժմ էլ այդպես ենք ասում»,-փաստել է Լենա Նազարյանը:

Որպես խնդրի լուծման ուղիներից մեկը՝ ԱԺ փոխնախագահը մատնանշել է հայերի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը անկախ հանրապետությունում: Նրա համոզմամբ՝ հայերը չեն կարող ապրել Ադրբեջանի ղեկավարման ներքո, դա կլինի նոր ցեղասպանություն, մեր պատմության կրկնությունը: Ադրբեջանը դեմ է փոխզիջումներին, խաղաղությանն ու բանակցություններին: Այս համատեքստում Լենա Նազարյանը կարեւորել է միջազգային հանրության դերը:

«Այն փաստը, որ Ադրբեջանն անտեսում է պայմանավորվածությունները, վարկաբեկում Ռուսաստանին, Ֆրանսիային եւ ԱՄՆ-ին, չպետք է աննկատ մնա: Մարդիկ տեսնում են, որ ժողովրդավար գերտերություններն ունակ չեն ազդելու այն երկրների վրա, որոնք գործում են ահաբեկչական մեթոդներով: Եթե աշխարհը փոխվում է, այս պատերազմը ցույց է տալիս, որ այն դառնում է ավելի վատ, վտանգավոր եւ անկանխատեսելի: Եթե գերտերությունները չեն կարող պաշտպանել փոքր ժողովրդավարությունը, դա խարխլում է մարդկանց հավատը ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հանդեպ: Իսկ դա իր հերթին կհանգեցնի նոր պատերազմների, ցեղասպանության եւ մարդկային տառապանքների: Ոչ մեկ չի ունենա լավ կյանք՝ անկախ ազգությունից եւ ապրելու վայրից»,-նշել է ԱԺ նախագահի տեղակալը:

Ելենա Սեմերիկովան շնորհակալություն է հայտնել այցի հրավերի համար՝ տեղեկացնելով, որ հոկտեմբերի 13-ին միջազգային փորձագիտական խորհրդակցության ընթացքում «Բարեկեցությունը եւ սոցիալական արդարությունը՝ որպես կայուն զարգացման գործոններ» թեմայի շրջանակում Ռուսաստանի, Հայաստանի, Արցախի,  Ադրբեջանի եւ այլ երկրների կանանց մասնակցությամբ քննարկվել եւ կարեւորվել է ստեղծված բարդ իրավիճակում կանանց փոխգործակցությունը տարբեր մակարդակներում: Նա փաստել է, որ Լեռնային Ղարաբաղում ընթանում է լայնածավալ պատերազմ, ինչը 21-րդ դարում պետք է անթույլատրելի լինի եւ դրա դադարեցման համար կարեւորել է գործուն քայլերի իրականացումը: Ելենա Սեմերիկովայի խոսքով՝ ցանկացած ազգության եւ դավանանքի մոր համար պատերազմից ավելի վատ բան չկա:

Նա տեղեկացրել է, որ ԱՊՀ կանանց հետ համատեղ ստեղծել է «Կանանց երկխոսություն» միջազգային խաղաղարար շարժումը եւ Հայաստանում այդ շարժման կառույցը բացելու հարցում ակնկալում է Լենա Նազարյանի աջակցությունը:

Ելենա Սեմերիկովան Լենա Նազարյանին խնդրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին փոխանցել Սուրբ Նիկոլայ Հրաշագործի սրբապատկերը, որը մինչ իր Երեւան գալը օրհնվել եւ օծվել է Մոսկվայի Սուրբ Նիկոլայ Հրաշագործի տաճարում: Նա համոզմունք է հայտնել, որ սրբապատկերը խաղաղություն կբերի հայ ժողովրդին:

Վլադիմիր Վարդանյանը կարծիք է հայտնել, որ պատերազմն ընդամենը քող է, որի ներքո փորձ է արվում իրականություն դարձնել հայ բնակչության ցեղասպանությունը:

Պատգամավորներն իրենց խոսքում ընդգծել են Ադրբեջանի հասարակության շրջանում հայատյացության քարոզը: Նրանք կարեւորել են ԼՂ հակամարտության կարգավորումը բացառապես բանակցությունների ճանապարհով:


08.03.2021
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի շնորհավորական ուղերձը Կանանց տոնի առթիվ
Սիրելի՛ կանայք, Շնորհավորում եմ կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ: Ձեր աշխատանքն ու համառությունը, որոնք մեծագույն հարգանքի են արժանի, կարեւորագույն երաշխիքն են՝ դուք, մեր քույրերը, մեր աղջիկները անպայմանորեն զբաղեցնելու են իրենց արժանի տեղը մեր կյանքի բոլոր ոլորտներում...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS