Տպել
27.09.2020
ՀՀ ԱԺ հատուկ նիստում քննարկվել է «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» հարցը
1 / 23

ՀՀ Ազգային ժողովը սեպտեմբերի 27-ին իրավունքի ուժով գումարել է Ազգային ժողովի հատուկ նիստ՝ պայմանավորված ՀՀ Կառավարության՝  2020 թվականի սեպտեմբերի 27-ին ընդունած  «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» որոշմամբ: Հատուկ նիստը գումարվել է ՀՀ Սահմանադրության  119-րդ հոդվածի 2-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ»  սահմանադրական օրենքի  47-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն: Քվորում կար. նիստին գրանցվել էր 115 պատգամավոր:

Նիստի օրակարգում ընդգրկված էր մեկ հարց՝ Կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» N 1586 Ն որոշումը:  Որոշման տեքստը՝ այստեղ:

Ելույթ է ունեցել  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը հայտնել  է, որ այսօր՝ վաղ  առավոտյան, Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ հարձակում են գործել Արցախի պաշտպանության դիրքերի ուղղությամբ: Նախ ձեռնարկվել է հրետանու եւ  հրթիռային հարձակում, որից հետո գործի է դրվել ծանր տեխնիկան, եւ գործնականում հարձակման թիրախ են դարձել ՊԲ բոլոր դիրքերը՝ շփման գծի  ողջ երկայնքով:   «Սա, ըստ էության, Ադրբեջանի փորձն է՝ Արցախի հարցը լուծել ռազմական ճանապարհով, եւ Լեռնային Ղարաբաղն օկուպացնել: Սա ակնհայտ ագրեսիայի գործողություն է: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում կա նաեւ Հայաստանի սահմանների վրա հարձակման անմիջական սպառնալիք՝ ՀՀ Կառավարությունը հայտարարել է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք»,-շեշտել է Նիկոլ Փաշինյանը:

Նա տեղեկացրել է, որ այս պահին Արցախի Պաշտպանության բանակը մղում է մարտեր, իրադրությունը լարված է, կան զոհեր եւ՛ քաղաքացիական բնակչության, եւ՛ զինծառայողների շրջանում: Վարչապետը նշել է, որ այս պահին չկա ֆիքսված իրավիճակ: Ըստ նրա՝ այս պահին հնարավոր չէ իրավիճակին ամբողջական գնահատական տալ, քանի որ իրադրությունը զարգացող է:

Վարչապետի ելույթն ամբողջությամբ՝ այստեղ :

«ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ ելույթ են ունեցել խմբակցությունների ներկայացուցիչները:

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անունից ելույթ են ունեցել Տարոն Սիմոնյանը եւ Էդմոն Մարուքյանը:

«Այսօր մենք կանգնած ենք  ամենամեծ մարտահրավերներից  մեկի՝ պատերազմի առջեւ, եւ դա մենք հաղթահարելու ենք, քանի որ այլ տարբերակ չունենք»,- շեշտել է Տարոն Սիմոնյանը՝ հավելելով, որ ներկա իրավիճակը  մի սահման է, որը գծվում է քաղաքակիրթ եւ ոչ քաղաքակիրթ ազգերի միջեւ, իրավական եւ ոչ իրավական պետությունների միջեւ, մարդասեր եւ մարդատյաց մարդկանց միջեւ, բռնապետական եւ ժողովրդավարական պետությունների միջեւ: Պատգամավորն ընդգծել է, որ ագրեսոր Ադրբեջանն այսօր  խախտել է  միջազգային մի քանի իրավական սկզբունքներ՝ խախտելով նաեւ դրանցից ամենակարեւորը՝ կյանքի իրավունքը:

«Բոլորս պատրաստ ենք զոհվելու, սակայն հիմա ժամանակն է զոհելու, հիմա մենք պետք է զոհենք մեր վրա հարձակվողներին, մենք չպետք է հիմա զոհվենք, մենք պետք է ապրենք, եւ մենք պետք է լուծենք այս հարցը եւ չթողնենք մեր երեխաներին, մենք պետք է այս պատերազմով լուծենք այս հարցը վերջնականապես»,-ասել է խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նա առաջարկել է քննարկել եւ ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը՝ իր հետեւանքներով:

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անունից ելույթ են ունեցել Նաիրա Զոհրաբյանը եւ Միքայել Մելքումյանը:

Որպես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ Նաիրա Զոհրաբյանը դիմել է եվրոպական բոլոր կառույցներին՝ հստակ ներկայացնելով իրավիճակը եւ Թուրքիայի անթույլատրելի մասնակցությունը: «Ինձ չեն բավարարում միջազգային կառույցների «հեզաճկուն» դիվանագիտական ձեւակերպումները եւ կողմերի միջեւ պարբերաբար հավասարության նշան դնելու այս գործելաոճը»,-նշել է պատգամավորը: Խմբակցությունն առաջարկում է լինել միասնական՝ ընդգծելով, որ երկիրն այսօր ունի մեկ թշնամի՝ Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին: Ըստ պատգամավորի՝ միջազգային հանրությունը պետք է հստակ գնահատական տա Թուրքիայի ուղղակի մասնակցությանն այս գործընթացին:

Միքայել Մելքումյանի խոսքով՝ բոլորը պատրաստ են զոհվելու՝ սխրանքներ գործելով: Նա անդրադարձել է Հայաստանի՝ Արցախի հետ ռազմաքաղաքական դաշինք կնքելու հարցին եւ կարեւորել ՀՀ կողմից Արցախի անկախության ճանաչման գործընթաց սկսելը:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից ելույթ են ունեցել Լիլիթ Մակունցը եւ Սասուն Միքայելյանը:

«Վերջին ժամանակաշրջանում Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունը, լայնամասշտաբ զորավարժությունները, ԵԱՀԿ-ի կողմից առաջարկվող մոնիտորինիգի, մշտադիտարկման մեխանիզմներից հրաժարվելը ոչ այլ ինչ են, քան ակնհայտ վկայություն այն մասին, որ այս ամենը նախապես ծրագրված հսկայածավալ սադրանք է, ինչն ուղղակիորեն վտանգում է տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը»,-ասել է խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Ըստ նրա՝ քաղաքացիական բնակավայրերի ու ենթակառուցվածքների թիրախավորումը, հուլիսին Բաքվում ցույցերի ժամանակ «մահ հայերին» վանկարկումները, Մեծամորի ատոմակայանը հրթիռակոծելու պաշտոնական սպառնալիքն աղաղակող փաստեր են այն մասին, թե ինչու ենք մենք՝ հայերս, խոսում էքզիստենցիալ իրավունքից, ապրելու իրավունքից եւ ադրբեջանցիների կողմից հայերի նկատմամբ էթնիկ ատելությունից: Պատգամավորը նշել է, որ հուլիսյան մարտերն արդեն Հայաստանի պետական սահմանին վկայում են, որ Ադրբեջանի համար սա ոչ միայն տարածքային պայքար է, ոչ միայն Իլհամ Ալիեւի բռնապետական իշխանությունը պահելու աղիողորմ ճիգեր, այլ առաջին հերթին հայ ժողովրդի նկատմամբ ատելության հիմքով մահաբեր ագրեսիայի կիրառում՝ էթնիկ բնաջնջման փորձով, որին, ըստ նրա, Արցախի հարցի ռազմական ճանապարհով ցանկացած փորձ հանդիպելու է ողջ հայ ժողովրդի կողմից համարժեք պատասխանի:

Ադրբեջանի կողմից այսօր առավոտյան իրականացրած ռազմական գործողությունները Սասուն Միքայելյանը համեմատել է  1990-ական թվականների պատերազմի հետ՝ ընդգծելով, որ այն ունի նույն ձեռագիրն ու նպատակը՝ տեղահանել Արցախի ազգաբնակչությանը: Զուգահեռներ անցկացնելով 90-ականների պատերազմի միջեւ՝ բանախոսը տեղեկացրել է, որ ընթացող պատերազմը եւս պարտադրված է: Դիմելով Ադրբեջանի բնակչությանն ու ղեկավարությանը՝ Սասուն Միքայելյանը շեշտել է, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք չի պարտվի: Նա նաեւ ընդգծել է, որ սա հայ ժողովրդի վերջին կռիվն է, որը փառքով է ավարտվելու: «Ազգովի կանգնելու եւ հաղթելու ենք»,- շեշտել է նա՝ համայն հայությանը կոչ անելով համախմբվել հանուն մեկ նպատակի:

Ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Ելույթը՝  այստեղ:

Եզրափակիչ ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ամփոփելով օրվա ելույթները, փաստել է՝ հանուն հայրենիքի զոհվելու մեր պատրաստակամությունն է արտահայտում ապրելու մեր վճռականությունը: ՀՀ վարչապետը եւս մեկ անգամ ընդգծել է, որ զարգացող իրավիճակ է, եւ մենք պետք է պինդ լինենք, սա հազարամյա կռվի մի հերթական հանգրվանն է եւ այստեղ շատ հարցեր պետք է լուծվեն:

Վարչապետը հավաստիացրել է՝ մեզ հաղթել հնարավոր չէ, որովհետեւ Արցախյան հերոսամարտի հաղթանակը հոսում է մեր երակներում եւ մեր գիտակցության մեջ է:

«Այդ հաղթանակը մեր ողնաշարն է, այդ հաղթանակը մեր ինքնությունն է, այդ պատճառով մեզ հաղթել հնարավոր չէ»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Ազգային ժողովն ավարտել է հատուկ նիստի աշխատանքը: