National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
24.9.2020

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
24.09.2020
Խորհրդարանական լսումներում քննարկվել են քաղաքացիների վարկային պարտավորությունների կատարմանն առնչվող հարցեր
1 / 19

Սեպտեմբերի 24-ին ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ տեղի են ունեցել «Վարկերի եւ ժամկետանց այլ պարտավորությունների նկատմամբ տույժերի, տուգանքների եւ վարկային տոկոսադրույքների կիրառման, դրանց համաներման եւ այլ վարկային  հիմնախնդիրները ՀՀ բանկային համակարգում» թեմայով խորհրդարանական լսումներ, որոնց մասնակցել են պատգամավորներ, Կառավարության, ԿԲ-ի եւ ՄԻՊ-ի աշխատակազմերի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Բացման խոսքում ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը, ողջունելով լսումների մասնակիցներին, ընդգծել է, որ թեման արդիական է, դրա մասին են վկայում քաղաքացիների հետ իրենց խմբակցության հանդիպումները: Նրա խոսքով՝ լսումների նպատակն այդ խնդիրներին լուծում տալն է: Արման Աբովյանի գնահատմամբ՝ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով մեր երկրում տնտեսական ճգնաժամ է, եւ նախկինում տրված վարկերը չեն համապատասխանում երկրում տիրող իրական վիճակին: Քաղաքացիներն այս ընթացքում զրկվել են աշխատանքից, դժվարին իրավիճակում են հայտնվել որոշ ոլորտներ: Խմբակցության քարտուղարը համակարծիք է այն  տեսակետի հետ, որ առանց արմատական քայլերի հնարավոր չէ շտկել ստեղծված իրավիճակը: Նա առաջարկել է դիտարկել համաներման համակարգ ներդնելու հնարավորությունը՝ հավելելով, որ պետության կողմից պետք է լինի ուղղակի սուբսիդավորում: Արման Աբովյանն անդրադարձել է վարկային պարտավորությունների հարցում իրականացվող միջազգային փորձին՝ ներկայացնելով մասնավորապես Ռուսաստանի, Ավստրալիայի, Կանադայի, Իտալիայի, Սինագապուրի, Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի, ԱՄՆ-ի օրինակները:

«Եթե օբյեկտիվ պատճառներով սահմանափակվել է քաղաքացիների աշխատելու եւ եկամուտ ստանալու  հնարավորությունը, ապա պետությունը պետք է պատասխանատվություն ստանձնի քաղաքացիների խնդիրների լուծմանն ուղղված քայլեր ձեռնարկելու ուղղությամբ»,-ասել է խմբակցության քարտուղարը:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանն առանցքային հարցերից է համարել ՀՀ-ում վարկային եւ բանկային կազմակերպությունների մրցունակության եւ իրատեսության շրջանակում գործելակերպը, ինչը, ըստ զեկուցողի, տարիներ շարունակ մեր երկրում գոյություն չունի: Բանախոսը նշել է, որ քաղաքացիներին, իրավաբանական անձանց առաջարկվող պայմանները, տոկոսադրույքները եւ պայմանագրերը հաճախ նպաստում են ոչ թե բիզնեսի բարելավմանը կամ կենցաղային որեւէ խնդրի կարգավորմանը, այլ իրականացվում է վատթարացնող տեմպերի տանող քաղաքականություն: ԱԺ փոխնախագահի տեղեկացմամբ՝ Հայաստանում գրանցված են շուրջ 43 վարկային եւ 17 բանկային կազմակերպություններ:

Վահե Էնֆիաջյանի խոսքով՝ խմբակցությունը ցանկանում է ոչ միայն բարձրաձայնել ոլորտում առկա խնդիրները, այլ նաեւ մատնանշել դրանց լուծման ուղիները: Փոխնախագահի խոսքով՝ խմբակցությունը բազմիցս ներկայացրել է ամենատարբեր ոլորտներում ստեղծված բարդ իրավիճակի հաղթահարման ուղղությամբ համապատասխան քաղաքականություն իրականացնելու իր քաղաքական տեսլականը:

Զեկուցողի կարծիքով՝ վարկային արձակուրդն անխուսափելի գործընթաց է, որը կնպաստի իրավիճակի մեղմմանը:

ԱԺ փոխնախագահը պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտության դեպքում հանդես գալու օրենսդրական նախաձեռնություններով՝ ի նպաստ խնդրահարույց ոլորտներում տեղի ունեցող գործընթացների առողջացման:

Ըստ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանի՝ երկիրը գտնվում է ճգնաժամային դժվար իրավիճակում եւ կարեւորը ՀՀ քաղաքացու լավ ապրելն է:

Պատգամավորը բարձրաձանել է, որ վարկերի տեսակարար կշիռը համախառն ներքին արդյունքում աննախադեպ բարձր ցուցանիշի է հասել: Միքայել Մելքումյանը վարկային քաղաքականության մեջ կարեւորել է ողջամիտ գաղափարախոսությունը: Հանձնաժողովի նախագահը խոսել է նաեւ վարկային արձակուրդների, համաներման, համավարակի հետեւանքով ստեղծված իրավիճակի ընթացքում բյուջետային միջոցների ճիշտ կառավարման վերաբերյալ, ներկայացրել խմբակցության դիրքորոշումը:

Զեկուցողն անհրաժեշտ է համարել վարկերի կառուցվածքը ճիշտ ուսումնասիրելու արդյունքում կատարել հասցեական սուբսիդավորում:

Հիմնական զեկուցող ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, ներկայացնելով վիճակագրական տվյալներ, կարծիք է հայտնել, որ մասսայական վարկային արձակուրդը հանգեցնելու է մեծ մակրոտնտեսական, ֆինանսական եւ բարոյական վնասների՝ արձանագրելով, որ վարկային արձակուրդները չեն կարող տեւել երկար: Ըստ նրա՝ ինչպես ցույց է տալիս աշխարհի փորձը, սա կարող է հանգեցնել մտածողության բացասական փոփոխության. վարկառուները կարող են չվճարել՝ մտածելով, որ ապագայում ներում է շնորհվելու: Զեկուցողը փաստել է, որ բանկերը հանդիսանում են միջնորդներ, ներգրավում ավանդներ, որոնց հաշվին իրականացնում են վարկավորում: ԿԲ նախագահի տեղակալը խոսել է նաեւ բարեխիղճ վարկառուների իրավունքների մասին: Նրա խոսքով՝ պետք է տարանջատել բանկերի կողմից տրված վարկերը վարկային որոշ կազմակերպությունների կողմից բարձր տոկոսադրույքով տրամադրվող վարկերից, որոնց տեսակարար կշիռը փոքր է ընդհանուր վարկավորման գործընթացում: Նշվել է, որ վերջիններս վարկավորում են ռիսկային խմբերի ու անհատների:

Անդրադառնալով վարչական սահմանափակումներին, օրինակ տոկոսադրույքի սահմանափակմանը՝ ԿԲ նախագահի տեղակալը կարծիք է հայտնել, որ դա խեղաթյուրում է շուկան եւ կարող է հանգեցնել ֆինանսական հաստատությունների կողմից վարկավորման դադարեցման կամ վերջիններս կարող են թերագնահատել ռիսկը՝ կարծելով, որ այն ցածր է եւ մտնեն ավելի ռիսկային դաշտ: Նշվել է, որ երկու դեպքում էլ վարկավորման աճի կտրուկ նվազում կնկատվի:

Ամփոփելով խոսքը՝ Ներսես Երիցյանը տեղեկացրել է, որ իրենք առաջարկում են պատասխանատու վարկավորման հայեցակարգ ներդնել: Նրա գնահատմամբ՝ բոլոր ճգնաժամերի արդյունքում ֆինանսական համակարգը մշտապես կրում  է անորոշությունների ու ցնցումների գինը: Բանախոսն ընդգծել է, որ եւ՛ Սահմանադրությամբ, եւ՛ օրենսդրությամբ բացի հարկերից ու պարտադիր պետական վճարներից հնարավոր չէ մասնավոր սեփականատերերի վրա այլ ֆինանսական բեռ դնել եւ հավելել, որ վարկային պարտավորությունների որեւէ զիջում ունենում է իր ֆիսկալ հարկաբյուջետային գինը:

«Հասարակական համերաշխությունից պատասխանատվություն բարակ գիծ է եւ մեզանից պահանջվում է խորունություն ու արհեստավարժ մոտեցում՝ այն չանցնելու եւ հարկատուների փոխարեն որոշումներ չկայացնելու համար»,-փաստել է Ներսես Երիցյանը:

Զեկուցողի գնահատմամբ՝ խնդիրները պետք է լուծել նորմատիվային դաշտի կարգավորումների օգնությամբ, այլ ոչ թե տոկոսադրույքները սահմանափակելու կամ շուկայական մեխանիզմները խաթարելու միջոցով:

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը հարցը համարել է կարեւոր ու զգայուն: Պատգամավորի կարծիքով՝ պետությունը հարցին պետք է նայի բազմակողմանիորեն եւ կայացնի հավասարակշռված որոշումներ:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն անդրադարձել է վարկերի չեղարկմանը, վարկային արձակուրդների տրամադրմանը, տոկոսների չգանձմանը եւ այլն: Պատգամավորը հարցի լուծումը տեսնում է պետություն-վարկառուներ-բանկային համակարգ համագործակցության արդյունքում:

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը նշել է, որ պաշտպանի իրավասությունը բանկերի եւ բանկային կազմակերպությունների հետ կապված սահմանափակ է. ՄԻՊ-ն իրավասություն չունի զբաղվելու կոնկրետ բողոքներով, բանկերի կամ վարկային կազմակերպությունների դեմ ուղղված հարցերով: Այդուհանդերձ, ըստ զեկուցողի, կառույցն իրականացնում է մոնիտորինգ, մարդու իրավունքների հետ կապված հարցեր լուծելու նպատակով ծավալում որոշ աշխատանքներ:

Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ 2020 թվականի հունվարի 1-ից մինչեւ սեպտեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում ՄԻՊ-ը բանկերից կամ վարկային կազմակերպություններից քաղաքացիների իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ 400 անձից ստացել է 200 գրավոր եւ բանավոր դիմում-բողոք:

ՀՀ-ում նոր կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելելու նպատակով հայտարարված արտակարգ դրության ժամանակահատվածում 276 անձից ստացվել է, ըստ խնդրի բնույթի, 83 գրավոր եւ բանավոր բողոք՝ հասցեագրված ՄԻՊ-ին:

Կառույցի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ իրավունքների խախտումների, դրանց ոտնահարումների կամ այլ խնդրահարույց իրավիճակների պատճառ են դառնում ոչ պատշաճ իրազեկումները: Արման Թաթոյանը կարեւորել է բանկային համակարգում իրազեկվածության մակարդակի բարձրացումը, կնքվող պայմանագրերի պարզեցումը, ինչպես նաեւ հորդորել է քաղաքացիներին ուսումնասիրել իրենց կողմից ստորագրվող փաստաթղթերը:

ՄԻՊ-ը խոսել է նաեւ քաղաքացիների՝ դատական քաշքշուկների մեջ հայտնվելու մասին, ներկայացրել իր մոտեցումը:

Պատգամավորներն ու լսումների մասնակիցներն իրենց ելույթներում եւ հարցադրումներում անդրադարձել են մի շարք վարկային կազմակերպությունների գործունեության նկատմամբ վերահսկողությանը, վարկային կազմակերպությունների հնարավոր գերշահույթներին, գրավիչ գովազդ իրականացնող եւ լիցենզիա չունեցող միջնորդ կազմակերպությունների նկատմամբ ԿԲ-ի կողմից իրականացվող վերահսկողությանը, որոշ վարկային կազմակերպություններին լիցենզիայից զրկելու հնարավորությանը, համավարակի պատճառով սնանկացման եզրին հայտնված բարեխիղճ վարկառուների նկատմամբ ԿԲ-ի կողմից իրականացվող քաղաքականությանը, բանկային համակարգի կայունության ապահովմանը, վարկային արձակուրդների տրամադրման ռիսկերին եւ այլն:

Եզրափակիչ ելույթներում Միքայել Մելքումյանը, Վահե Էնֆիաջյանը եւ Արման Աբովյանը, ընդգծելով քննարկումների կարեւորությունը, անդրադարձել են հնչած հարցադրումներին եւ քննարկման մասնակիցների կարեւորած դրույթներին:
 


24.09.2020
Սեմինար՝ ՀՀ Ազգային ժողովի բյուջետային գրասենյակի նախաձեռնությամբ
ՀՀ Ազգային ժողովի բյուջետային գրասենյակի նախաձեռնությամբ սեպտեմբերի 24-ին խորհրդարանում տեղի է ունեցել սեմինար հանրային ֆինանսների ոլորտում Ազգային ժողովի մասնագիտական կարողությունների զարգացման նպատակով, որին մասնակցում էին պատգամավորներ, պատգամավորների օգնականներ, մշտական հանձնաժողովների փորձագետն...

24.09.2020
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Արցախի Ազգային ժողովի նախագահի հետ
Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 24-ին հանդիպել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի եւ խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների ու հանձնաժողովների նախագահների հետ: Ջերմ...

24.09.2020
Հանդիպում խորհրդարանում
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները սեպտեմբերի 24-ին  հանդիպել  են Արցախի Հանրապետության խորհրդարանի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սեւակ Աղաջանյանի հետ: ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը  կ...

24.09.2020
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ տեղի ունենալիք խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ ժամը 12:00-ին տեղի ունենալիք խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS