National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.9.2020

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
17.09.2020
Խորհրդարանը չի ընդունել «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանն առաջարկելու մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագիծը
1 / 54

ՀՀ Ազգային ժողովը սեպտեմբերի 17-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը:

Սեպտեմբերի 15-ին ՍԴ դատավոր ընտրված Արթուր Վաղարշյանը եւ Էդգար Շաթիրյանն Ազգային ժողովի նիստում «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի համաձայն երդվել են:

ՍԴ նորընտիր դատավորները նաեւ շնորհակալություն են հայտնել ՀՀ նախագահին եւ Կառավարությանը՝ իրենց թեկնածությունը նման կարեւոր պաշտոնում առաջադրելու եւ խորհրդարանին՝ վստահության քվե տալու համար:

Այնուհետեւ քվեարկության են դրվել նախորդ օրը քննարկված օրենքների նախագծերն ու  «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանն առաջարկելու մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագիծը, որի հեղինակը ՀՀ Աժ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն է: ՀՀ ԱԺ որոշման նախագիծը չի ընդունվել 35 կողմ, 84 դեմ, 0 ձեռնպահ ձայներով:  Մինչ քվեարկությունը, ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հայտնել է, որ իրենք եւս միանում են «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած նախաձեռնությանը:

Օրենսդրական նախաձեռնություններն ընդունվել են:

Խորհրդարանը շարունակել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Վարազդատ Կարապետյանի, Լիլիթ Մակունցի, Հերիքնազ Տիգրանյանի ներկայացրած «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը: Փոփոխություններով հստակեցվում են պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակման եւ տվյալ պաշտոնը զբաղեցնելու հետ կապված հարցերը: Ըստ նախագծի՝ գործադիր մարմնի ղեկավարի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի պարտադիր պայման կդառնա համապատասխան պետական կազմակերպության զարգացման եւ բարեփոխման հայեցակարգի քննարկումը, որը մրցութային հանձնաժողովին հնարավորություն կտա բացահայտել մասնակցի աշխատանքային եւ գործնական ունակությունները եւ  կատարել  օբյեկտիվ ընտրություն:

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը նախագծին դրական եզրակացություն է տվել: Դրական էր նաեւ ՀՀ Կառավարության կարծիքը, սակայն լրամշակման նպատակով Կառավարությունը ներկայացրել է մի շարք առաջարկներ:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանի հեղինակած «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը, որով սնանկության շեմը 1 միլիոնից բարձրացվում է 2 միլիոնի, իսկ կետանցի ժամկետը  60 օրվանից կհասցվի   90 օրվա:  Կառավարությունը փաթեթին դրական եզրակացություն է տվել:

Հաջորդիվ երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը հեղինակել են ՀՀ ԱԺ պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանը եւ Սերգեյ Ատոմյանը: Առաջարկվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում նախատեսել ծանուցման 3 եղանակ՝ թղթային ծանուցագրով,  ծանուցվող անձի մասնակցությամբ կատարվող քննչական գործողության կամ ընթացող դատական նիստի ժամանակ ծանուցման մասին հայտարարելով եւ միաժամանակ համապատասխան արձանագրության մեջ այդ մասին նշում կատարելով եւ ծանուցվող անձից ստորագրություն վերցնելով, էլեկտրոնային հաղորդակցության ցանցի, ներառյալ ծանուցվող անձի կամ նրա պաշտպանի էլեկտրոնային փոստի կամ փաստաբանական պալատի պաշտոնական կայքում զետեղված էլեկտրոնային փոստի հասցեին, հեռախոսահամարին հաղորդագրություն/ կարճ հաղորդագրություն ուղարկելու միջոցով:  Նախագծին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել:

Երկրորդ ընթերցմամբ է քննարկվել նաեւ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը հեղինակել են Ալեն Սիմոնյանը եւ Նիկոլայ Բաղդասարյանը: Նախագծի ընդունմամբ փաստաբանները հնարավորություն կունենան լիարժեք իրացնել ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով եւ այլ իրավական ակտերով իրենց վերապահված լիազորությունները, կապահովվի փաստաբանների անխոչընդոտ աշխատանքը եւ իրավաբանական օգնության կարիք ունեցող անձանց իրավունքների լիարժեք իրացումը: ՀՀ Կառավարության դրական կարծիքը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը:

ՀՀ ԱԺ պատգամավոր Սուրեն Գրիգորյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել իր մշակած «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով: Առաջարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում թեկնածուի առաջադրման իրավունքով օժտել ոչ թե  Ազգային ժողովի խմբակցություններին, այլ Ազգային ժողովը ներկայացնելու եւ նրա բնականոն գործունեությունն ապահովելու իրավասություն ունեցող անձին` Ազգային ժողովի նախագահին:

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի եւ Կառավարության եզրակացությունները դրական էին:

«Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը կից փաթեթով առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Փոփոխություններով ակնկալվում է կատարելագործել հայտարարագրման ինստիտուտը, ինչը հնարավորություն կտա ապահովել հայտարարատու պաշտոնատար անձանց գործունեության թափանցիկությունը: Հայտարարագրման ենթակա տեղեկատվության, հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող անձանց վերանայված շրջանակն ապահովելու է հայտարարատու պաշտոնատար անձի գույքային դրության վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն, ինչը հնարավոր խախտումների բացահայտման արդյունավետ գործիք է:

Նախարարին ուղղված հարցերը վերաբերել են աշխատանքային գործիքակազմին, օպերատիվ հետախուզական գործունեությանն առնչվող փոփոխություններին:

Հարակից զեկուցող ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սիսակ Գաբրիելյանը տեղեկացրել է, որ նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

«ՀՀ քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը: Մանրամասն ներկայացնելով առաջարկվող փոփոխությունները կոմիտեի լիազորություններին, գործունեության հրապարակայնությանը,  ծառայողներին ներկայացվող հիմնական պահանջներին վերաբերող դրույթներում՝ հիմնական զեկուցողը նշել է, որ նախագծի ընդունմամբ իրավական կարգավորում կստանան մի շարք հարաբերություններ, որոնք կարեւոր նշանակություն ունեն կառույցի բնականոն գործունեության համար:

Հարակից զեկուցող ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սերգեյ Ատոմյանը տեղեկացրել է, որ նախագիծն արժանացել է դրական եզրակացության եւ կոչ է արել կողմ քվեարկել:

Այնուհետեւ խորհրդարանը քննարկել է «ՀՀ պետական եկամուտների կոմիտեի եւ Վրաստանի ֆինանսների նախարարության միջեւ տրանսպորտային միջոցների եւ ապրանքների միջազգային տեղափոխման վերաբերյալ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Ըստ հիմնական զեկուցող ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի՝ արձանագրության վավերացմամբ հիմքեր են ստեղծվում երկու պետությունների մաքսային ծառայությունների միջեւ փոխադարձ վարչական աջակցության ընդլայնման, երկու երկրների միջեւ ապրանքների եւ տրանսպորտային միջոցների տեղափոխման ընթացքում մաքսային հսկողության եւ մաքսային ձեւակերպումների արդյունավետ եւ արագ իրականացման, ինչպես նաեւ առեւտրի անվտանգության ապահովման եւ առեւտրային հարաբերությունների ամրապնդման համար: Արձանագրությունն ստորագրվել է 2019 թվականի նոյեմբերի 18-ին: Տեղեկացնելով, որ նախագիծը դրական եզրակացության է արժանացել ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում՝ բանախոսն առաջարկել է կողմ քվեարկել:

Բանախոսին ուղղված հարցերը վերաբերել են տնտեսության դինամիկ զարգացմանն ուղղված քաղաքականությանը:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ստուգման ընթացքում խոչընդոտող գործողությունների համար նախատեսված վարչական պատասխանատվության շրջանակում ներառել ոչ միայն համալիր հարկային ստուգման դեպքերը, այլեւ Հարկային օրենսգրքով նախատեսված հարկային հսկողության այլ տեսակները: Էդվարդ Հովհաննիսյանի խոսքով՝ վարչական պատասխանատվության սահմանմամբ երաշխավորվում է պետական ծառայողի լիազորությունների լիարժեք իրականացումը:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նիկոլայ Բաղդասարյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ կոչ անելով կողմ քվեարկել նախաձեռնությանը:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նարինե Ավագյանը: Նախագծով պետական գրանցման կամ տեղեկատվության տրամադրման կազմակերպման նպատակով անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարը կարող է ընդունել պետական գրանցման, տեղեկատվության տրամադրման փաստաթղթաշրջանառության, ինչպես նաեւ ստորագրությունների իսկության ճանաչմամբ կնքվող գործարքներում ստորագրությունների իսկության ճանաչման գործավարության եւ սահմանված կարգով ընդունված պայմանագրերում տեղ գտած լեզվական կամ տպագրական սխալների ուղղման առանձնահատկությունները կարգավորող իրավական ակտեր: Նախաձեռնությունը վերաբերում է կադաստրային քարտեզներում առկա սխալների շտկմանը, ինքնաշխատ եղանակով տեղեկատվության տրամադրմանը, տեղեկատվության տրամադրման սակագներին, էլեկտրոնային եղանակով տեղեկատվություն ստանալու դիմումների ներկայացման եւ տեղեկատվության տրամադրման ընթացակարգերի առանձնահատկություններին եւ այլն:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ նշելով, որ անցում է կատարվում թղթաշրջանառությունից թվային տեխնոլոգիաներին, եւ այդ անցումը հեշտ չէ: Հանձնաժողովի նախագահի գնահատմամբ՝ ՀՀ վարչարարություն իրականացնող բոլոր պետական մարմինները պետք է միացված լինեն մեկ միասնական պլատֆորմի, եւ քաղաքացին պետք է հնարավորություն ունենա առցանց կատարելու գործարքների մեծամասնությունը:

ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկվել է առաջին ընթերցմամբ: Օրենքի նախագծով ընդլայնվում է անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց շրջանակը, ովքեր կարող են համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ` ներառելով ներտնային վերանորոգման աշխատանքներ, ներտնային ջրամատակարարման, ջրահեռացման, ջեռուցման համակարգերի վերանորոգման եւ մոնտաժի, բանալիների պատրաստման, մատնահարդարի եւ վարսահարդարի ներտնային աշխատանքներ կատարող, էլեկտրական լարերի ներտնային մոնտաժ եւ սպասարկում, երաժշտական գործիքների ներտնային վերանորոգում եւ սպասարկում, ներտնային մաքրման, մեծահասակների եւ երեխաների համար դայակի ներտնային ծառայություն իրականացնող մեր հայրենակիցներին:

Պատգամավորներն իրենց հարցադրումներում եւ ելույթներում անդրադարձել են օրենքի ընդունման դեպքում հնարավոր ռիսկերին, ոլորտում առկա բացթողումներին, հարկային դաշտում միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող անձանց գործունեությանը, միկրոձեռնարկատիրական ինստիտուտի ստեղծման նպատակահարմարությանը եւ այլն:

Հարակից զեկույցում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Գեւորգյանը տեղեկացրել է հանձնաժողովի դրական եզրակացության մասին՝ նշելով, որ մի շարք խնդիրներ քննարկվել են, որոնք առաջինից երկրորդ ընթերցում կշտկվեն:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը տեղեկացրել է, որ սկզբնապես Կառավարությունը բացասական վերաբերմունք է ունեցել նախաձեռնության մասով այն հիմնավորմամբ, որ գործող կարգավորմամբ նախագծով առաջարկվող գործունեության տեսակներով այսօր էլ կարելի է զբաղվել, եթե ֆիզիկական անձը հաշվառվում է անհատ ձեռնարկատեր? Փոխնախարարը նախագծի առնչությամբ ներկայացրել է Կառավարության առաջարկները:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի ներկայացմամբ խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է ՀՀ կառավարության հեղինակած «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որի ընդունմամբ ակնկալվում է ապահովել հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման ամբողջական համակարգի ներդրումը:

Գլխադասային՝ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Եղիշե Սողոմոնյանը:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է նաեւ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Դալլաքյանի, Արտյոմ Ծառուկյանի, Արթուր Գրիգորյանի եւ Արման Աբովյանի հեղինակած «Պետական սահմանի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Հեղինակներն առաջարկում են, որպեսզի տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը պետական սահմանի անցման կետերում իրականացնի ավտոտրանսպորտային օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողություն: Նշվել է, որ փոփոխությունը կնպաստի նաեւ միջպետական ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների առավել անվտանգ կազմակերպմանն ու իրականացմանը, կբարձրացնի դրանց կազմակերպողների պատասխանատվությունը եւ փոխադրումների կարգի նկատմամբ ուշադրությունը:

Գլխադասային՝ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովիկ Աղազարյանը:

Նախաձեռնության վերաբերյալ Կառավարության բացասական դիրքորոշումը ներկայացրել է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հակահրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանը: Նա առաջարկել է որոշակի հարցեր կարգավորելու նպատակով հետաձգել հարցի քվեարկությունը:

Պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հեղինակած «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությամբ ակնկալվում է առավել արդյունավետ դարձնել համայնքներում ճանապարհային երթեւեկության ոլորտում թե՛ իրավակիրառ, թե՛ իրավաիրացնող խնդիրների լուծումը:

Գլխադասային՝ ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Սերգեյ Մովսիսյանը:

Կառավարության դիրքորոշումը եւս եղել է դրական:

ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանի ներկայացմամբ քննարկվել է «Հայաստանի Հանրապետության` «Կապիտալի ազատ տեղաշարժի ապահովման համար ֆինանսական շուկաներում պայմանների ստեղծման նպատակով ֆինանսական ոլորտում տեղեկությունների, այդ թվում` կոնֆիդենցիալ, փոխանակման մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրին միանալու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» հարցը:

Նշվել է, որ նախագծի ընդունմամբ կկարգավորվի ԵԱՏՄ անդամ պետությունների ֆինանսական շուկան վերահսկող մարմինների հետ տեղեկատվության արդյունավետ փոխանակման, ֆինանսական կազմակերպությունների համակարգված վերահսկողության շրջանակներում արդյունավետ համագործակցության գործընթացը:

Հարակից զեկույցում ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վաղարշակ Հակոբյանը բարձրաձայնել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Խորհրդարանն աշխատանքը կշարունակի սեպտեմբերի 18-ին՝ ժամը 10:00-ին:


17.09.2020
Արարատ Միրզոյանի հայտարարությունը ԱԺ պատգամավոր Արմեն Փամբուխչյանի հրաժարականի դիմումի մասին
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Փամբուխչյանը սեպտեմբերի 17-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հ...

17.09.2020
Հանդիպում ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունում
ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ու խմբակցության պատգամավորներ Գեւորգ Գորգիսյանը եւ Արկադի Խաչատրյանը սեպտեմբերի 17-ին հանդիպել են Արցախի Հանրապետության խորհրդարանի «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության պատգամավորներ Դավիթ Մելքումյանի եւ Գեղա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am