National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
14.09.2020

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
14.09.2020
Մեկնարկել է ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի աշխատանքը
1 / 43

ՀՀ օրհներգի հնչյունների ներքո սեպտեմբերի 14-ին մեկնարկել է ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի աշխատանքը: Խորհրդարանը հաստատել է նստաշրջանի, ինչպես նաեւ սեպտեմբերի 14-ին գումարված հերթական նիստերի օրակարգերի նախագծերը:

Խորհրդարանը քննարկել է ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից բացասական եզրակացություն ստացած, ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» նախագիծն ԱԺ նստաշրջանի օրակարգում ներառելու հարցը: Խորհրդարանի որոշմամբ այն չի ընդգրկվել օրակարգում:

Այնուհետեւ խորհրդարանը քննարկել է օրակարգային՝ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը: ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտնել է, որ ՍԴ դատավորի թափուր պաշտոնում ընտրվելու համար Դատավորների ընդհանուր ժողովն առաջադրել է Երվանդ Խունդկարյանի թեկնածությունը:

Թեկնածուի կենսագրությունն ու աշխատանքային ուղին  ներկայացրել է  ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական գործերով պալատի նախագահ  Լիլիթ Թադեւոսյանը:  Նա իրազեկել է, որ հուլիսի 31-ին հրավիրված դատավորների ընդհանուր ժողովում քննարկվել է նաեւ ՍԴ դատավորի ընտրության հարցը: Ինքնառաջադրվել են ՀՀ Տավուշի մարզի Ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արման Կյուրեղյանը եւ ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը: Գաղտնի քվեարկության արդյունքում ՍԴ դատավորի թեկնածու է ընտրվել Երվանդ Խունդկարյանը: Ժողովին մասնակցող 194 դատավորներից նրա թեկնածությանը կողմ են քվեարկել 145-ը:

Ելույթ ունենալով՝ Երվանդ Խունդկարյանն անդրադարձել է սահմանադրական արդարադատությանն ու  ոլորտի խնդիրներին, դատավորների  ընտրության գործընթացին, Սահմանադրական դատարանի գործունեությանն ու կառույցի աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված իր պատկերացումներին: Երվանդ Խունդկարյանն անդրադարձել է նաեւ դատարանների ծանրաբեռնվածության հարցին՝ կարեւորելով դատավորների թվի ավելացումը: Անդրադառնալով մարդու իրավունքների պաշտպանությանը՝ թեկնածուն կարեւորել է կառույցի այնպիսի բարեփոխումը, որը թույլ կտա առավել մեծացնել քաղաքացիների իրավունքների պաշտպանությունն ու կնվազեցնի ՄԻԵԴ դիմելու հաճախականությունը:

Պատգամավորների հարցերը վերաբերել են Սահմանադրական դատարանի զարգացման տեսլականին, դատական համակարգի նկատմամբ ընդհանուր վստահության վերականգնմանն ուղղված քայլերին:

Ներկայացնելով ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության դիրքորոշումը՝ Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված թնջուկը տեղի է ունենում իրավական նորմերի բազմաթիվ խախտումներով: Ընդգծելով, որ խմբակցությունը չի մասնակցել խորհրդարանում ՍԴ-ի հետ կապված որեւէ գործընթացի՝ նա տեղեկացրել է, որ խմբակցությունը ՍԴ դատավորի թեկնածուներից որեւէ մեկի ընտրության քվեարկությանը եւս չի մասնակցելու:

ՀՀ ԱԺ պատգամավոր Տարոն Սիմոնյանը տեղեկացրել է, որ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու քվեարկությանը: Նա նշել է, որ Սահմանադրության փոփոխության համատեքստում շարունակվում է հակաիրավական գործընթացը:

Արման Բաբաջանյանի խոսքով՝ ՍԴ դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանը, զբաղեցնելով տասնյակ պաշտոններ, անմիջական մասնակցություն է ունեցել մեր երկրում ժողովրդավարության եւ խոսքի ազատության դեմ պետական արշավին՝ անկախ հեռուստաընկերության փակման գործընթացին:

«Իմ քայլը» խմբակցության անունից ելույթ է ունեցել պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը: Նրա խոսքով՝ Թավշյա հեղափոխության արժեքներից ամենակարեւորներից մեկը համերաշխությունն է: Հետեւաբար, ըստ բանախոսի, պետք է բոլորին հնարավորություն տալ մասնակցելու Թավշյա հեղափոխության արդյունքում ստեղծված հնարավորություններով նոր Հայաստանի կառուցմանը:

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ներկայացմամբ՝ համաձայն ՀՀ Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի եւ 213-րդ հոդվածի 3-րդ մասի` ՀՀ նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրելու համար առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը:

Թեկնածուին ներկայացրել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը: Ըստ բանախոսի՝ 2018 թվականի հունիսի 11-ին ՀՀ նախագահի կարգադրությամբ ձեւավորվել է խորհրդակցական ժամանակավոր աշխատանքային խումբ եւ հայտարարվել է թեկնածուների հայտերի ընդունման մասին: Ամփոփելով խմբի անդամների կարծիքները՝ ՀՀ նախագահին է ներկայացվել երեք թեկնածուներից կազմված ցուցակ՝ Վահե Գրիգորյան, Գոռ Հովհաննիսյան, Արթուր Վաղարշյան:

Էմիլ Տարասյանը հակիրճ ներկայացրել է Արթուր Վաղարշյանի կենսագրությունը:

ՍԴ դատավորի թեկնածու Արթուր Վաղարշյանը ներկայացրել է ՍԴ դատավորի պաշտոնում իր գործունեության  տեսլականը: Իրեն որակելով որպես արդար, անաչառ իրավաբան՝ Արթուր Վաղարշյանն ընդգծել է, որ այդ հատկանիշներով պետք է օժտված լինեն դատական համակարգի ներկայացուցիչները՝ առաջնորդվելով համազգային շահով  եւ համապետական մտածողությամբ: Թեկնածուն նշել է, որ ինքն անկուսակցական է, սակայն որպես ՀՀ քաղաքացի եւ գիտնական՝ ունի իր քաղաքական համոզմունքները:

Անդրադառնալով երկրորդ անգամ իր թեկնածությունն առաջադրելու վերաբերյալ քննադատություններին՝ բանախոսը նշել է, որ ինքը նախորդ տարի հրաժարվել է նույն տեղի համար երկրորդ անգամ առաջադրվելու առաջարկից՝ ընդգծելով, որ այս անգամ նոր ընթացակարգ է, նոր թափուր տեղ:

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրել է Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու համար ՀՀ Կառավարության կողմից առաջադրված Էդգար Շաթիրյանի կենսագրությունն ու անցած աշխատանքային ուղին:

Էդգար Շաթիրյանը, շնորհակալություն հայտնելով իր թեկնածությունն առաջադրելու համար, ներկայացրել է ՍԴ դատավորի գործունեության վերաբերյալ իր մոտեցումները: Անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից հավանության արժանացած Սահմանադրական եւ Վճռաբեկ դատարանները միավորելու եւ փոխարենը Գերագույն դատարան ստեղծելու հայեցակարգին՝ Էդգար Շաթիրյանը նշել է, որ սկզբունքորեն դեմ չէ  երկու բարձրագույն դատական ատյանների ձեւավորման գաղափարին: Նա ընդգծել է, որ երկու կառույցներն էլ կայացած են, սակայն երկուստեք առկա են հիմնախնդիրներ, որոնք ունեն լուծման կարիք:

Թեկնածուն պատասխանել է նաեւ պատգամավորների հարցերին:

Պատգամավորներն իրենց ելույթներում անդրադարձել են թեկնածուի մասնագիտական եւ անձնային որակներին, նրա անցած աշխատանքային ուղուն: Արման Բաբաջանյանը մասնավորապես անթույլատրելի է համարել անցած տարիներին թեկնածուի չեզոք գործելաոճը: Նա ընդգծել է ՍԴ դատավորի քաղաքացիական կեցվածք եւ դիրքորոշում ունենալու անհրաժեշտությունն ու կոչ արել գործընկերներին մերժել առաջադրված թեկնածությունը: ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել թեկնածուի մասնագիտական հատկանիշներն ու անցած ուղին` հույս հայտնելով, որ պատգամավորներն իրենց դրական վերաբերմունքը կարտահայտեն բանիմաց ու պարկեշտ անձնավորության թեկնածությանը:

ՍԴ դատավորի ընտրությունը կանցկացվի սեպտեմբերի 15-ի նիստում՝ ժամը 10:10-11:40:

Այնուհետեւ քննարկվել է Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: «ԱԺ կանոնակարգ» օրենքի 138-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերի համաձայն՝ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոնում առաջադրել է պատգամավոր Արկադի Խաչատրյանի թեկնածությունը: Հարցը քննարկվում է «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 135-րդ հոդվածի սահմանած կարգով:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը բարձրաձայնել է իրենց խմբակցության առաջադրած թեկնածուի կենսագրական տվյալները եւ մասնագիտական ուղին, որից հետո հանձնաժողովի հետագա գործունեության վերաբերյալ իր տեսլականն է ներկայացրել Արկադի Խաչատրյանը՝ կարեւորելով արդյունավետ եւ բազմակողմանի քննարկումներն ու առավել արհեստավարժ ու հիմնավորված եզրակացությունների տրամադրումը: Թեկնածուն ընդգծել է խորհրդարանական վերահսկողության բարձրացմանն ուղղված աշխատանքի իրականացումը:

ԱԺ պատգամավորներ Բաբկեն Թունյանը, Արտակ Մանուկյանը եւ Արման Բաբաջանյանը կարեւորել են առաջադրված թեկնածությունն ու խոսել ոլորտային խնդիրների մասին:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության քվեարկությունը կանցկացվի սեպտեմբերի 15-ի նիստում՝ ժամը 12:30-14:00:

Ազգային ժողովը հերթական նիստի աշխատանքը կշարունակի սեպտեմբերի 15-ին:


14.09.2020
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները հանդիպել են Հելեն Ֆեյզիի հետ
Սեպտեմբերի 14-ին ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, խմբակցության անդամներ Տարոն Սիմոնյանը եւ Արկադի Խաչատրյանն ընդունել են Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզիին: Քննարկվել ե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS