National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.9.2020

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
10.09.2020
Հանձնաժողովում քննարկվել են բնապահպանությանը, կենդանիներին, պետական ոչ առեւտրային կազմակերպություններին վերաբերող օրենսդրական նախագծեր
1 / 8

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը Վարազդատ Կարապետյանի նախագահությամբ սեպտեմբերի 10-ին նիստ է գումարել:

Վարազդատ Կարապետյանը շնորհավորել է հանձնաժողովի աշխատանքներն սկսելու կապակցությամբ՝ մաղթելով արգասաբեր գործունեություն:

Հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը դուրս է եկել հանձնաժողովից: Գնահատելով պատգամավորի ներդրումը հանձնաժողովի աշխատանքներում՝ Վարազդատ Կարապետյանը հաջողություններ է մաղթել նրան:

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հանձնաժողովի նախագահի տեղակալի տեղի համար առաջադրել է Վարդեւան Գրիգորյանի թեկնածությունը: Քվեարկությամբ Վարդեւան Գրիգորյանն ընտրվել է հանձնաժողովի նախագահի տեղակալ:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած «ՀՀ հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը եւ տվել դրական եզրակացություն:

ՀՀ ԱԺ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի, Արուսյակ Ջուլհակյանի, Սոնա Ղազարյանի, Սիփան Փաշինյանի հեղինակած «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», պատգամավորներ Մխիթար Հայրապետյանի, Նիկոլայ Բաղդասարյանի, Նարեկ Զեյնալյանի, Կորյուն Մկրտչյանի հեղինակած «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», պատգամավորներ Սոնա Ղազարյանի, Արուսյակ Ջուլհակյանի, Գայանե Աբրահամյանի հեղինակած «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», Կառավարության հեղինակած «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթների եւ պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի հեղինակած «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումները հետաձգվել են մինչեւ երկամսյա ժամկետով:

ՀՀ ԱԺ պատգամավորներ Մերի Գալստյանի, Լենա Նազարյանի հեղինակած «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը հանձնաժողովը քննարկել է առաջին ընթերցման ընթացակարգով: Հիմնական զեկուցող Մերի Գալստյանը նշել է, որ օրենսդրական նախաձեռնության ընդունման  անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետությունում գործող օրենսդրական կարգավորումները լիարժեք չեն սահմանում եւ կարգավորում ոչ վայրի կենդանիների հետ կապված իրավահարաբերությունները, ինրպես նաեւ կենդանիների պաշտպանության իրավական մեխանիզմները: Նախագծով սահմանվում են կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ոլորտում անձանց պարտականությունները, տնային կենդանիների պահման եւ խնամքի պահանջները, թափառող կենդանիների, ցուցադրման, սպորտային եւ ժամանցային միջոցառումների համար օգտագործվող կենդանիների, ծառայողական նշանակության կենդանիների նկատմամբ վերաբերմունքի պահանջները, կենդանի պահողների պարտականությունները, ինչպես նաեւ կենդանիների նկատմամբ արգելված դաժան գործողությունները, կենդանիների քնեցման կարգը, կենդանիների բուծման, վաճառքի հետ կապված իրավահարաբերությունները: Օրենքի եւ հարակից նախագծերի մշակման փուլում ուսումնասիրվել է մի շարք երկրների փորձն ու օրենսդրական դաշտը:

Հիմնական զեկուցողին ուղղված հարցերը վերաբերել են թափառող շների ճակատագրին, կենդանիների մարտերի արգելմանը:

Ելույթներում պատգամավորները կարեւորել են նախագծի անհրաժեշտությունը՝ գնահատելով հեղինակների կատարած աշխատանքը:

Հեղինակի առաջարկով օրենքների նախագծերի փաթեթի քվեարկությունը հետաձգվել է:

Այնուհետեւ հանձնաժողովը քննարկել է Կառավարության հեղինակած «ՀՀ ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ըստ հիմնական զեկուցող ՀՀ ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանի՝ նախագծի ընդունումը բխում է Կառավարության` ցամաքուրդային (դրենաժային) համակարգի շահագործման եւ պահպանման աշխատանքների իրականացման արդյունավետության բարձրացմանն ուղղված որոշումներ կայացնելու լիազորության իրավական հիմքն ապահովելու  անհրաժեշտությունից: Բանախոսը ներկայացրել է մանրամասներ հանրապետության ցամաքուրդային համակարգերի ընթացիկ իրավիճակի, խնդիրների, պետական միջնաժամկետ ծախսային ծրագրով հանրապետության դրենաժային ցանցերի մաքրման, նորոգման եւ պահպանման նպատակով պետական բյուջեից ֆինանսավորումների վերաբերյալ:

Նախագիծն արժանացել է դրական եզրակացության:

ՀՀ ԱԺ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի, Սիփան Փաշինյանի հեղինակած  «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը հանձնաժողովականների քննարկմանն է ներկայացրել Սիսակ Գաբրիելյանը:

Նախագծի ընդունումը պայմանավորված է ադրբեջանական զինված ուժերի ուղիղ նշանառության տակ գտնվող բնակավայրերի բնակիչների սոցիալական բեռը որոշակի չափով նվազեցնելու անհրաժեշտությամբ: Հիմնական զեկուցողի ներկայացմամբ՝ նախատեսվում է նաեւ սահմանամերձ համայքների 1-12-րդ դասարանների սովորողների` անվճար դասագրքեր ստանալու հնարավորություն: Գործող օրենքի 5-րդ եւ 6-րդ հոդվածների համաձայն` սահմանամերձ համայնքներում եւ դրանց հարակից տարածքներում ականների պայթյունից կամ Ադրբեջանի Հանրապետության տարածքից իրականացված ռազմական կամ ահաբեկչական գործողությունների հետեւանքով վիրավորված անձինք հնարավորություն են ստանում բուժվելու պետպատվերի շրջանակներում: Նախագիծը նպատակ ունի սահմանամերձ համայնքներում վերոնշյալ իրադարձությունների հետեւանքով առաջին, երկրորդ կամ երրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած անձանց, ինչպես նաեւ զոհված քաղաքացիների ընտանիքներին տրամադրել նաեւ միանվագ գումարային հատուցում: Հեղինակը նշել է, որ նախագծով առաջարկվում է 3 տարով երկարացնել գործող օրենքի ժամկետը, որն այդ համայնքներում ապրող մեր հայրենակիցներին հնարավորություն կտա մինչեւ 2024 թ. հունվարի 1-ը ստանալ փոխհատուցում սպառած բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի համար, ինչպես նաեւ ազատվել օրենքով նախատեսված մի շարք պարտադիր վճարներից: Կառավարության կողմից եղել են տեխնիկական բնույթի առաջարկներ, որոնք ընդունվել են հեղինակների կողմից:

Նախագիծն ստացել է դրական եզրակացություն:

Անդրադառնալով օրակարգում ընդգրկված Կառավարության հեղինակած «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին՝ Վարազդատ Կարապետյանը տեղեկացրել է, որ այն քննարկվել է նախորդ նիստերից մեկի ժամանակ եւ համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետի՝ քվեարկությունը հետաձգվել է: Վարազդատ Կարապետյանի ներկայացմամբ՝ հանձնաժողովի աշխատանքային խումբը՝ Մերի Գալստյանի գլխավորությամբ, մշակում է «Էկոլոգիական տեղեկատվության մասին» օրենքի նախագիծը, որը տասն օրվա ընթացքում կներկայացվի հանրային քննարկման: Հանձնաժողովի նախագահի դիտարկմամբ՝ Կառավարության առաջարկած փոփոխությունն արդեն իսկ ներառված է մշակվող օրենքի նախագծում, ուստի հատվածային լուծումներ կատարելու անհրաժեշտություն չկա:

Մերի Գալստյանի կարծիքով՝ Կառավարության ներկայացրած նախագիծն ընդունելու պարագայում կրկնակարգավորման անհրաժեշտություն է առաջանալու, ըստ այդմ առաջարկել է նախագիծը հանել շրջանառությունից:

Հիմնական զեկուցող ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնակատար Իրինա Ղափլանյանն առաջարկել է քվեարկել եւ դրական եզրակացություն տալ նախագծին, իսկ երբ «Էկոլոգիական տեղեկատվության մասին» օրենքի նախագիծը պատրաստ լինի, կկատարվեն համապատասխան հղումներ:

Նախագիծն ստացել է բացասական եզրակացություն:

«Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը հանձնաժողովականների քննարկմանն է ներկայացրել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը: Առաջարկվող օրենսդրական նախաձեռնության ընդունումը պայմանավորված է բնապահպանության ոլորտում արդյունավետ վերահսկողության իրականացման, շրջակա միջավայրին սպառնացող վնասների կանխման անհրաժեշտությունից:

Նախագիծն արժանացել է դրական եզրակացության:

ՀՀ ԱԺ պատգամավորներ Վարազդատ Կարապետյանի, Լիլիթ Մակունցի, Հերիքնազ Տիգրանյանի հեղինակած «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցման ընթացակարգով հանձնաժողովականներին ներկայացրել է Վարազդատ Կարապետյանը: Ըստ բանախոսի՝ օրենքով կհստակեցվեն պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակման, պաշտոնը զբաղեցնելու հետ կապված հարցերը, նաեւ գործադիր մարմնի ղեկավարի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի պարտադիր պայման կդառնա համապատասխան պետական կազմակերպության զարգացման եւ բարեփոխման հայեցակարգի քննարկումը, որը հնարավորություն կտա մրցութային հանձնաժողովին բացահայտելու մասնակցի աշխատանքային եւ գործնական ունակությունները, ինչպես նաեւ կատարելու օբյեկտիվ ընտրություն:

Նախագիծն արժանացել է դրական եզրակացության: 


10.09.2020
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ սեպտեմբերի 10-ին շարունակել է նախորդ օրն ընդմիջված նիստի աշխատանքը: Առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Գործունեության իրականացման ծանուցման մ...

10.09.2020
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունը ՀՀ ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի հրաժարականի դիմումի մասին
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը սեպտեմբերի 9-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հ...

10.09.2020
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 11:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...

10.09.2020
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 14:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից հղմամբ: ...

10.09.2020
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերի ժամանակացույց
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով` 03.09.2020,  07.09.2020, 08.09.2020ժամը 10:00 04.09.2020 ժամը 09:30314 սենյակ, 11.09.2020...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am