Տպել
13.07.2020
Գումարվել է ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստ
1 / 23

ՀՀ Սահմանադրության 120-րդ հոդվածի 2-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 48-րդ հոդվածի համաձայն` խորհրդարանը հուլիսի 13-ին իրավունքի ուժով գումարել է Ազգային ժողովի հատուկ նիստ, որի օրակարգում ընդգրկված էր «ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու եւ ՀՀ Կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» հարցը:

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, որ Կառավարությունն ընդունել է որոշում, ըստ որի` առաջարկվում է արտակարգ դրության ժամկետը երկարաձգել 30 օրով` մինչեւ օգոստոսի 12-ը ժամը 17:00-ն ներառյալ:

Տիգրան Ավինյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի մի հատվածում տեղի ունեցած ռազմական միջադեպին` այն համարելով անթույլատրելի արկածախնդրություն` հատկապես համավարակի պայմաններում: «Ողջ միջազգային հանրության համար ցանկանում եմ այս ամբիոնից կրկին լսելի դարձնել եւ վերահաստատել մեր պաշտոնական դիրքորոշումն առ այն, որ Ադրբեջանի իշխանությունն է լիարժեք կրում նման գործողությունների արդյունքում ադրբեջանական կորուստների, տարածաշրջանային հնարավոր լարվածության եւ անկայունության առաջացման ողջ պատասխանատվությունը»,-ընդգծել է  փոխվարչապետը: Բանախոսի խոսքով` հայկական բանակն ամենայն արհեստավարժությամբ, պատվախնդրությամբ եւ նվիրումով իրականացնում է իր առջեւ դրված խնդիրները` արժանի հակահարված տալով հակառակորդի սադրիչ գործողություններին: «Կոչ եմ անում մեր հանրությանն առավելագույն պատասխանատվություն դրսեւորել, տարածել բացառապես պաշտոնական տեղեկատվություն` այսպիսով զորակցելով Հայոց բանակին»,- նշել է նա:

Ներկայացնելով համաճարակային ընթացիկ վիճակը` Տիգրան Ավինյանը տեղակացրել է, որ մինչ օրս արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվելու 32151 դեպք: Առողջացածների թիվն է 19865-ը: Փաստացի բուժում է ստանում  11530 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 135687 թեստավորում: Կորոնավիրուսի պատճառով մահացել է 565 մարդ: Փոխվարչապետի տեղեկացմամբ` այս պահին  ծայրահեղ ծանր եւ ծանր պացիենտների թիվը 650 է:

Պարետի խոսքով` մեծ են ակնկալիքները, որ Հայաստանում արտակարգ  դրությունը հետագայում երկարաձգելու անհրաժեշտություն չի լինելու: Նշվել է, որ Կառավարությունը ներկայում դիտարկում է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման հետ կապված օրենսդրական փոփոխությունների հնարավորությունը:

Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, որ պարետատանն աջակցող փորձագետների թիմի վերլուծության համաձայն` հունիսի 28-ի դրությամբ վարակի վերարտադրման գործակիցը 0.8-է, որն անկման միտում ունի: Ըստ հետազոտության` այս արդյունքին հնարավոր է եղել հասնել դիմակ կրելու եւ մյուս կանոնների պահպանման քաղաքականության շնորհիվ: Կարեւորվել է նաեւ եղանակային գործոնը: Ըստ Տիգրան Ավինյանի` նման միտման պահպանման պարագայում գնահատվում է, որ սեպտեմբերի սկզբին կլինի օրական մոտ 140 նոր վարակակիր:

Բանախոսի խոսքով` ՀՀ-ում COVID-19-ի կառավարման ռազմավարական ընդհանուր մոտեցումների համատեքստում իրավիճակի ընթացիկ զարգացումներին համահունչ` պարետատունը պարբերաբար մշակում եւ վերանայում է տարբեր սցենարներ: Թեեւ առաջիկայի համար որդեգրվել է համակեցության կանոնների եւ կարգապահության միջոցով վարակի տարածումը նվազեցնելու ռազմավարական մոտեցում, այնուամենայնիվ, մշակված են այլընտրանքային լուծումներ, որոնց առանցքում դրված է շփումների եւ տեղաշարժի շեշտակի սահմանափակումը:

Փոխվարչապետը պատասխանել է երեք տասնյակ պատգամավորների` կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ձեռքբերմանը, վարակակիրներին հայտնաբերելու նպատակով թեստավորված անձանց քանակին, կորոնավիրուսի համաճարակի պայմաններում հեռավար կրթության կազմակերպմանը, ավիաչվերթների վերսկսմանը, մի շարք սահմանափակումների վերացմանը, մեկուսացված անձանց դեղորայքով ու սնունդով ապահովելուն վերաբերող հարցերին:

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հիշեցրել է, որ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի համաձայն` մտքերի փոխանակության ընթացքում կարող են ելույթ ունենալ միայն մշտական հանձնաժողովների եւ խմբակցությունների մեկական ներկայացուցիչներ:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անունից խոսել է հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը: Նա անդրադարձել է հուլիսի 12-ի կեսօրից սկսված ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ հրադադարի խախտումներին` ընդգծելով, որ չնայած համավարակի պատճառով ստեղծված իրադրությանը Ադրբեջանը սադրանքի է դիմել, ինչն ի ցույց է դնում այդ երկրի ռազմատենչ էությունը: Ռուբեն Ռուբինյանը հիշեցրել է, որ մեր համապատասխան գերատեսչությունների կողմից Ադրբեջանի գործողություններին տրվել է պարզ եւ սպառիչ պատասխան: Այս համատեքստում Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է Թուրքիայի արձագանքին, որով վերջինս անվերապահ աջակցություն է հայտնել Ադրբեջանին: «Սա նշանակում է, որ Թուրքիան իրեն ներկայացնում է որպես Ղարաբաղյան հակամարտության կողմ եւ եւս մեկ անգամ վերահաստատում այն հանգամանքը, որ Թուրքիան չի կարող որեւէ միջազգային դերակատարում ունենալ, որը կառնչվի ԼՂ հակամարտությանը»,-ասել է նա:

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչ Վիկտոր Ենգիբարյանը եւս խստորեն դատապարտելի է համարել Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները` նշելով, որ այդ պետությունն արհամարհել է միջազգային հանրության, այդ թվում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի` համավարակի պայմաններում ռազմական գործողությունների չգնալու կոչերը: Պատգամավորը խոսել է արտակարգ դրություն հայտարարելու կարեւորության մասին` նշելով, որ այդ դեպքում է ստեղծվում պարետատուն, որը տվյալ իրավիճակում կառավարման համապատասխան գործիքակազմ է կիրառում:

Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անունից խոսել է Տիգրան Կարապետյանը: Նա նշել է, որ փաստորեն Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունը երեկվանից դասեր չի քաղել, թիրախավորել է Չինարի գյուղը` ընդգծելով, որ հետագա պատասխանը լինելու է շատ ցավոտ: Պատգամավորը համոզված է, որ ԼՂ հակամարտության կարգավորման միակ ճանապարհը բանակցային սեղանն է, ինչի մասին երկու տարի շարունակ ասվում է հայկական կողմից` միեւնույն ժամանակ պատրաստ լինելով ցանկացած սցենարի: Ըստ նրա` հայկական բանակը երկու տարվա ընթացքում բավականին փոխվել է, ունակ է խոցելու Ադրբեջանի տարածքում ցանկացած թիրախ: «Այս արկածախնդրությունը Ադրբեջանի համար ունենալու է անդառնալի հետեւանքներ»,-ասել է Տիգրան Կարապետյանը:

Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը եւս անդրադարձել է Ադրբեջանի ռազմատենչ քայլերին: Նա նշել է` կսպասենք ՀԱՊԿ-ի արձագանքին, որովհետեւ սա գնդակոծություն էր ՀՀ պետական սահմանի վրա, ոչ թե Արցախի շփման գծի ողջ երկայնքով:

Խոսելով արտակարգ դրության իրավական ռեժիմի երկարաձգման մասին` հանձնաժողովի նախագահը կարեւոր է համարել երկարաձգման հստակ գնահատականը: Նա անդրադարձել է համավարակի դեմ պայքարում հայեցակարգային, կառավարման ու կազմակերպչական սխալներին, բարձրաձայնել տնտեսական իրավիճակի, աշխատատեղերի փակման, դրա հետեւանքով սպառողական մակարդակի նվազման, սոցիալական անվտանգության, հարկային մուտքերի խնդիրները: Միքայել Մելքումյանի խոսքով` այսօր հանրային կյանքն ու տնտեսությունը կարիք ունեն մեծածավալ փոխառու միջոցների ներգրավման: Նշվել է, որ «Բարգավաճ Հայաստան»-ի 7 առաջարկներն անտեսվել են:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը եւս անդրադարձել է Ադրբեջանի սադրանքներին` ընդգծելով` երեկ մեր հանրությունը կրկին ցույց տվեց, որ թշնամու դեմ պայքարում միանշանակ ու աներկբա համախմբված է եւ ՀՀ Զինված ուժերի թիկունքը շատ ամուր է: Նա այս համատեքստում կարեւորել է արտաքին գերատեսչության աշխատանքը, խորհրդարանական խողովակների արդյունավետ կիրառումն իրազեկման ու արտաքին քաղաքական օրակարգի առաջմղման առումով:

Անդրադառնալով օրակարգային հարցին` խմբակցության ղեկավարը կարծիք է հայտնել, որ առկա է ծանր սոցիալական, առողջապահական եւ տնտեսական վիճակ, խոսել է Կառավարության քայլերի մասին: Նա մասնավորապես անհամաչափ ու անտրամաբանական է որակել այս օրերին ոստիկանության գործողությունները եւ կոչ արել ոստիկանությանը սահմանափակումները կիրառելիս գործել տրամաբանորեն: Էդմոն Մարուքյանը նշել է, որ որեւէ լուծում չի տրվել քաղաքացիների վարկերի մարման մասով, ինչպես նաեւ հարկային եւ մաքսային մարմինների վարչարարության առումով: Նա «Բարգավաճ Հայաստանի»-ի ներկայացրած որոշման նախագծի հարցում հստակեցրել է, որ իրենք կողմ են անտրամաբանական սահմանափակումների վերացմանը:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի գնահատմամբ` Ադրբեջանը վերահաստատեց իր հակահայկական ու հակամարդկային կեցվածքը, այս երկու օրվա ընթացքում այդ պետությունը լուրջ հակահարված ստացավ, բայց դա բավական չէ: Ըստ նրա` Ադրբեջանը նպատակ չունի կարգավորել խնդիրը քաղաքակիրթ եղանակով:

Խմբակցության քարտուղարը տեղեկացրել է, որ իրենք ներկայացրել են որոշման նախագիծ, որով առաջարկվում է չեղյալ հայտարարել ՀՀ կառավարության մարտի 16-ի N 298-Ն որոշման հավելվածի 4-րդ գլխով սահմանված հավաքներ կամ հանրային միջոցառումներ իրականացնելու սահմանափակումները եւ արգելքները: Նախագիծը մշակվել է արտախորհրդարանական «Հայրենիք» եւ «Դաշնակցություն» կուսակցությունների հետ քննարկումների արդյունքում: Արման Աբովյանը ներկայացրել է որոշման նախագծի բովանդակությունը, առաջարկվող կարգավորումները:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անունից ելույթ է ունեցել Անդրանիկ Քոչարյանը: Նրա խոսքով` կորոնավիրուսի առողջապահական բարդ խնդիրների պայմաններում ՀՀ կառավարությունն Ազգային ժողով է բերել ՀՀ-ում արտակարգ դրությունը երկարաձգելու վերաբերյալ նախագիծ` ակնկալիքով, որ խորհրդարանը զորավիգ կլինի այս առաջարկի կատարմանը: Ըստ պատգամավորի` համավարակից բացի, Հայաստանը երեկվա իրադարձություններից հետո հայտնվել է սահմանային լարվածության կիզակետում, որը կարծես ձեռք է բերում էսկալացիոն բնույթ:

«Ակնհայտ է, որ քաղաքական դաշտում հայտնված որոշ ուժեր եւ անհատներ նման դժվար պահին Կառավարությանն օգնելու փոխարեն կորոնավիրուսի եւ նույնիսկ լարված անվտանգային ֆոնը տարբեր եղանակներով օգտագործում են գործիք իշխանության դեմ»,-նշել է Անդրանիկ Քոչարյանը: Ըստ նրա` արհամարհելով նմանօրինակ ապարդյուն ջանքերը, անկախ բոլոր տեսակի սադրանքներից` իշխանությունը շարունակելու է գործել` առաջնորդվելով բացառապես ազգային օրակարգի շահերով: Անդրանիկ Քոչարյանն ընդգծել է, որ ՀՀ քաղաքացիների առողջապական ու ցանկացած այլ անվտանգային սպառնալիքի չեզոքացումը բարձր լեգիտիմություն ունեցող Կառավարության եւ այդ Կառավարությունը ձեւավորած խորհրդարանի գլխավոր խնդիրն է: Ուստի, ըստ պատգամավորի, «Իմ քայլը» խմբակցությունն իր աջակցությունն է հայտնում գործադիրին` համաժողովրդական շահից բխող այս նախաձեռնությունն իրականացնելու գործում:

Եզրափակիչ ելույթում ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը պատգամավորների հարցադրումների ու ելույթների առնչությամբ պարզաբանումներ է ներկայացրել:

Այնուհետեւ քվեարկության արդյունքում խորհրդարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացրած «Արտակարգ դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացումը չեղյալ հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագիծը: Կողմ 21, դեմ 60 եւ 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ որոշումը չի ընդունվել: Նշենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը դեմ է քվեարկել:

Ազգային ժողովն ավարտել է հատուկ նիստի աշխատանքը: