Տպել
13.07.2020
Քննարկվել են գովազդի, ընդերքի եւ պետական գույքի մասնավորեցման ոլորտներին առնչվող օրինագծեր
1 / 9

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ հուլիսի 13-ին հրավիրած արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի մշակումը պայմանավորված է գործարար միջավայրի բարելավմանն ուղղված ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շարունակականության, մասնավորապես` բոլոր տնտեսվարողների համար բարենպաստ եւ հավասար տնտեսական մրցակցային պայմաններ ապահովելու անհրաժեշտությամբ: Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանի` գործող օրենսդրությամբ արգելվում է զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով ժամը` 06:00-ից մինչեւ 22:30-ը ցուցադրել թունդ ալկոհոլային խմիչքների (սպիրտի պարունակությունը 20 եւ ավելի ծավալային միավոր), բացառությամբ տեղական արտադրության կոնյակի, գովազդը, ինչն անհավասար մրցակցային պայմաններ է առաջացնում տեղական եւ արտասահմանյան արտադրողների միջեւ` անհիմն խոչընդոտներ առաջացնելով վերջիններիս համար` Հայաստանի սահմաններից դուրս արտադրված ապրանքը գովազդելու մասով: Մրցակցային պայմաններ ապահովելու նպատակով առաջարկվում է վերանայել գործող կարգավորումը` վերացնելով միայն տեղական արտադրության կոնյակի գովազդի համար սահմանված թույլտվությունը: Նշվել է նաեւ, որ այս տարվա հունվարին  ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայի գործունեության շրջանակներում ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից խոչընդոտների վերացման աշխատանքների ընթացքի մասին Կարգադրությունը: Փաստաթղթի 1-ին կետով` ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարություններին հանձնարարվել է 3-ամսյա ժամկետում ձեռնարկել համապատասխան միջոցներ, որոնք ուղղված կլինեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի որոշմամբ սահմանված ցանկում ընդգրկված Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայի գործունեության շրջանակներում խոչընդոտների վերացմանը:

Քննարկման արդյունքում հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել օրենքի նախագծին:

Հանձնաժողովն անդրադարձել է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին, որի քննարկումը մշտական հանձնաժողովի մայիսի 20-ի նիստում հետաձգվել էր երկամսյա ժամկետով: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանի հավաստմամբ` օրինագծի ընդունումը  պայմանավորված է մասնավորեցման ենթակա առողջապահական ընկերությունների հիմնական ուղղության պահպանման պահանջը սահմանելու ընթացքում` ոչ հիմնավորված, վերացական որոշումների ընդունումը բացառելու անհրաժեշտությամբ: Նշվել է, որ փաստացի որեւէ փոփոխություն նախագծում չի կատարվել: Բաբկեն Թունյանի առաջարկությամբ նախագծի քվեարկությունը հետաձգվել է երկամսյա ժամկետով: Այդ ընթացքում կկազմակերպվեն քննարկումներ առողջապահական ոլորտի մասնագետների հետ:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից նախագծերի փաթեթը: Հուլիսի 8-ին այն ընդունվել էր առաջին ընթերցմամբ: Մի շարք հարցեր հստակեցնելու եւ կարգավորելու համար փաթեթի երկրորդ ընթերցումը հանվել էր 24-ժամյա ռեժիմի ընթացակարգից: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը նշել է, որ համատեղ քննարկումների արդյունքում խնդրահարույց բոլոր հարցերը ստացել են լուծումներ: Փոխնախարարի հավաստմամբ` ներկայացվել է հիմնովին լրամշակված տարբերակ:

Օրենսդրական փաթեթի քննարկումը կշարունակվի մշտական հանձնաժողովի հուլիսի 14-ի արտահերթ նիստում:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...