Տպել
13.07.2020
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում
1 / 5

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը Մխիթար Հայրապետյանի նախագահությամբ հուլիսի 13-ին գումարել է արտահերթ նիստ:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել պատգամավորներ Վահագն Թեւոսյանի, Մխիթար Հայրապետյանի, Արման Բաբաջանյանի հեղինակած «Տեսալսողական մեդիայի մասին» եւ «Լիցենզավորման մասինե օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Հիմնական զեկուցող եւ համահեղինակ Վահագն Թեւոսյանը նշել է, որ փաթեթի լրամշակված տարբերակում տեղ գտած փոփոխությունների մեծ մասը տեխնիկական են: Պատգամավորի տեղեկացմամբ` նախաձեռնության վերաբերյալ Կառավարությունից ստացվել է 45 առաջարկ, որոնց մեծամասնությունն ընդունվել է: Պատգամավորներ Ռուստամ Բաքոյանը եւ Ալեքսեյ Սանդիկովն առաջարկել են ազգային փոքրամասնությունների համար նախատեսված եթերաժամանակի հստակ ժամանակահատվածի ամրագրում, որն ընդունվել է:

Առաջարկներ են ներկայացրել նաեւ պատգամավորներ Նազելի Բաղդասարյանը եւ Աննա Կոստանյանը, որոնց մի մասն ընդունվել են:

Վահագն Թեւոսյանը, անդրադառնալով կարեւոր փոփոխություններին, նշել է, որ ավելացվել են «Կարեւոր իրադարձություն» եզրույթը, ինչպես նաեւ «Էթիկայի կանոնագիր» հիմնական հասկացությունը, որը ենթադրում է հեռարձակողի կողմից միջազգային չափանիշների համաձայն ինքնուրույն կազմված փաստաթուղթ` սեփական էթիկական նորմերի վերաբերյալ: Մեկ այլ փոփոխությամբ` հեռարձակողի լրատվական հաղորդումներում նույն թեմայի վերաբերյալ լուսաբանումը չպետք է գերազանցի հաղորդման եթերաժամի 25 տոկոսը: Չեղարկվել է հանրային հեռարձակողի խորհրդի անդամի համար պարտադիր նախատեսված երկքաղաքացիության դրույթը, ներառվել է մրցութային հանձնաժողովի նախագահի ընտրության կարգը եւ այլն:

Հարակից զեկուցողներ` ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը եւ հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը ողջունել են կատարված փոփոխությունները:

Հանձնաժողովի անդամները բարձր են գնահատել առաջինից երկրորդ ընթերցում կատարված մեծածավալ աշխատանքը եւ իրականացված կարեւոր փոփոխությունները:

Հիշեցնենք, որ օրենսդրական փաթեթի նպատակն է ապահովել յուրաքանչյուրի իրավունքը` ստանալու հավաստի տեղեկատվություն, երաշխավորել խմբագրական անկախության եւ կարծիքի արտահայտման ազատության իրավունքը, ապահովել տեսալսողական մեդիայի ոլորտը կարգավորող մարմնի անկախությունը, հանրային տեսալսողական մեդիածառայությունների գործունեության նկատմամբ կառավարումն ապահովող եւ հսկողություն իրականացնող մարմնի անկախությունը, տեսալսողական տեղեկատվության տարածքի պաշտպանությունն ու զարգացումը, օժանդակել եւ զարգացնել տեսալսողական հաղորդումների բազմազանությունը:


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...