National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
25.6.2020

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
25.06.2020
ՀՀ Ազգային ժողովն ավարտել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը
1 / 40

Հունիսի 25-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է Կառավարության նախաձեռնությամբ նախորդ օրը գումարված արտահերթ նստաշրջանի աշխատանքը:

Նստաշրջանին չի մասնակցել ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը:

Խորհրդարանը շարունակել է ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկումը:

Հարակից զեկուցմամբ հանդես է եկել ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Նա տեղեկացրել է, որ հաշվետու տարվա կատարողականի քննարկումներն անցել են բավականին հագեցած օրակարգով: Անդրադառնալով պաշտպանության եւ անվտանգության ոլորտների քանակական եւ որակական ցուցանիշներին` Անդրանիկ Քոչարյանն ընդգծել է հատկապես բանակում տրամադրվող սննդի բարձր որակը` այն համարելով նույնքան կարեւոր, որքան սպառազինությունը:

Հաջորդիվ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ու ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել են իրենց ղեկավարած գերատեսչությունների` 2019թ-ին իրականացրած ծրագրերն ու արձանագրած արդյունքները:

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանն իր գոհունակությունն է հայտնել Կառավարության անդամներին` նախնական քննարկումներին բարձր մակարդակով մասնակցելու համար: Անդրադառնալով բյուջեի կատարողականին` նա նշել է, որ եթե նախորդ տարվա ընթացքում բազմաթիվ ծրագրեր ամբողջական իրականացված լինեին, այսօր հնարավոր կլիներ ունենալ ավելի ուժեղ տնտեսություն, որն էլ հնարավորություն կտար կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամին դիմակայել: Ըստ նրա` բյուջետային ծախսերի անարդյունավետությունն անդրադառնում է նաեւ տնտեսական աճի որակի, հետեւաբար` մարդկանց կյանքի որակի վրա:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն ընդգծել է, որ 2019թ-ի պետական բյուջեն ըստ էության  առաջինն է, որը կազմվել է լիարժեք ծրագրային բյուջետավորման հիմունքներով, բայց քանի որ գործընթացը նոր է մեկնարկել, դեռ ժամանակ կա դրան լիովին անցում կատարելու համար: Նրա խոսքով` 2019թ-ի բյուջեն ընդունվել է 2018 թվականի դեկտեմբերին` նախկին գումարման Ազգային ժողովի կողմից, որի վերահսկողությունն ու հաշվետվողականությունն ապահովելու համար անհրաժեշտ էին չափորոշիչներ: Բաբկեն Թունյանը տեղեկացրել է, որ 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ընթացքում աշխատանքներ են տարվում այդ չափորոշիչների ուղղությամբ: Հանձնաժողովի նախագահը լիահույս է, որ 2021 թվականի բյուջեն քննարկելու ժամանակ կարձանագրվի լիարժեք ծրագրային բյուջետավորման գործընթաց:

2019 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացրել է խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ կատարողականը քննարկվում է խորհրդարանական երկու խմբակցության պատգամավորների մասնակցությամբ` Էդմոն Մարուքյանը կարծիք է հայտնել, որ քաղաքական առումով իշխանություններին հետաքրքիր չէ ընդդիմադիր որեւէ խմբակցության  բոյկոտը:

Խոսելով բյուջեի կատարողականի մասին` խմբակցության ղեկավարն այն գնահատել է  թերի` նշելով, որ կան ծրագրեր, որոնց կատարողականը 0 կամ 20 տոկոս է: Նախորդ տարին, ըստ բանախոսի, ակտիվ տարի է եղել, իսկ այս տարի Հայաստանը գտնվում է առողջապահական, սոցիալական, տնտեսական ճգնաժամի մեջ, որին գումարվում է նաեւ քաղաքականը: Պատգամավորն ընդգծել է, որ իշխանությունը դրանք ուղղելու փոխարեն զբաղված է ընդդիմախոսներին ու թերթերին լռեցնելով: Էդմոն Մարուքյանը տեղեկացրել է նաեւ, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հարցաշար է ուղարկել թերթերին, որպեսզի վերջիններս տրամադրեն իրենց կոմերցիոն գաղտնիքները: Նրա համոզմամբ` ներկա պահին իրավիճակը վատ է եւ ապագայում ավելի վատ է լինելու, որովհետեւ ըստ նրա` բոլոր ցուցանիշները դա են վկայում:

Էդմոն Մարուքյանը տեղեկացրել է, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի կատարողականին եւ հորդորել Կառարավությանը զբաղվել մարդկանց կյանքը բարելավելով:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անունից ելույթ է ունեցել  խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: 2019 թվականի պետական բյուջեի կատարողականի վերաբերյալ Լիլիթ Մակունցը նշել է, որ Կառավարության նախորդ տարվա ծրագրերը միտված են եղել շտկելու տասնյակ տարիների բացթողումները, որոնք վերաբերել են բանակի, ճանապարհաշինության, առողջապահության եւ սոցիալական ոլորտներին:

Անդրադառնալով ընդդիմադիր խմբակցությունների բոյկոտներին` Լիլիթ Մակունցը նշել է, որ դա քաղաքական առումով մեծամասնությանը հետաքրքիր չէ: Նա հավելել է, որ ընդդիմության իրավունքն է բոյկոտել, մասնակցել կամ չմասնակցել ԱԺ-ում տեղի ունեցող քննարկումներին:

Պատասխանելով ընդդիմախոսներին լռեցնելու վերաբերյալ քննադատությանը` բանախոսը նշել է, որ եթե իրավական գործընթացներին չխոչընդոտելը համարվում է ընդդիմախոսներին լռեցնել, ապա իրավական պետություն ստեղծելու առնչությամբ ձեւակերպումներում նրանք ազնիվ չեն քաղաքացիների հետ:

Խմբակցության ղեկավարն անդրադարձել է նաեւ ընդդիմադիր լրագրողներին լռեցնելու քննադատությանը` ընդգծելով, որ  պետք է մամուլ կարդալ` հասկանալու համար, թե քանի տոկոսն է գովերգում իշխանություններին եւ քանի տոկոսը քննադատում, ընդ որում` ոչ թե փաստերի հիման վրա, այլ հորինված:

ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Խորհրդարանի ղեկավարը տեղեկացրել է, որ 2019 թ-ի պետական բյուջեի կատարողականի մասին քննարկումներն ընթացել են հավուր պատշաճի, տեղի են ունեցել բազմաթիվ բովանդակային քննարկումներ:

Արարատ Միրզոյանի խոսքով` ՀՀ-ում սոցիալական ճգնաժամ չկա եւ չի եղել 2019թ-ի ընթացքում, ավելին, եղել են էական ձեռքբերումներ եւ իրական քայլեր, որոնք արձանագրվել են եւ պտուղները քաղում է ՀՀ քաղաքացին: Ըստ նրա` այս տարվա ընթացքում առաջացել են չնախատեսված դժվարություններ` պայմանավորված համավարակով, որոնք էլ փայլուն կերպով հաղթահարվում են Կառավարության ձեռնարկած եւ մշակած թիրախային ծրագրերով:

Ազգային ժողովի նախագահն ընդգծել է, որ Հայաստանում տնտեսական ճգնաժամ եւս չկա: Ըստ խորհրդարանի ղեկավարի` 2019թ-ին Կառավարության եւ խորհրդարանի ջանքերով երկիրն աննախադեպ զարգացման ճանապարհ էր բռնել, որի պտուղները պետք է արդեն քաղեինք, եթե չլիներ համավարակով պայմանավորված ճգնաժամը եւ նույնիսկ այս պայմաններում, ըստ բանախոսի, Կառավարությանը հաջողվում է  պահել տնտեսական իրավիճակը կայուն եւ պատշաճ մակարդակի վրա:

Խորհրդարանի խոսնակի համոզմամբ` ՀՀ-ում քաղաքական ճգնաժամ նույնպես չկա, որքան էլ փորձեն իմիտացիա անել. «ՀՀ քաղաքական դաշտն այս պահին ինձ հիշեցնում է մեծ շինհրապարակ, մի մեծ խառնարան, որտեղ պետք է ձեւավորվեն նոր քաղաքական մտքեր, նոր քաղաքական ուժեր, եւ այս խառնարանում կորչելու են առհավետ պսեւդոքաղաքական ուժերը, որոնց մոտիվացիան էր փողը, կոռուպցիան, կաշառակերությունը: Շատ մոտ ապագայում մենք տեսնելու ենք, թե ինչ ուժեր կծնվեն կամ ինչ ուժեր կանցնեն այս ճանապարհով եւ կմնան որպես քաղաքական ուժեր: Եւ այդտեղ լինելու են ՀՀ ինքնիշխանության, ժողովրդի բարեկացության, Հայաստանի արժանապատիվ քաղաքացու, մարդու իրավունքների, ժողովրդավարության ազատության բարձր արժեքներ իրենց մեջ կրող քաղաքական ուժերը: Կհանդիպենք այդ ճանապարհի վերջում, եթե գաք»,- եզրափակելով իր ելույթը` ասել  է ԱԺ նախագահը:

ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ ելույթ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նախ առողջություն է մաղթել կորոնավիրուսով վարակված բոլոր պատգամավորներին, այնուհետեւ նշել, որ խոսելու է ոչ թե 2019-ի բյուջեի կատարողականի թվային ցուցանիշների, այլ` բարձրացված հարցերի մասին:

Նրա խոսքով` ընդամենը մեկ ամիս առաջ ամենահեղինակավոր միջազգային կազմակերպությունը, որը հետեւում է ազատությունների իրավիճակին, արձանագրել է, որ իր զեկույցների ողջ պատմության ընթացքում Հայաստանը արձանագրել է երկամյա ամենաբարձր առաջընթացը ժողովրդավարության, մարդու իրավունքների, խոսքի ազատության ոլորտում:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթն ամողջությամբ` այստեղ :

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվող «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում, ըստ հիմնական զեկուցող ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանի, առաջինից երկրորդ ընթերցման քննարկումների միջեւ ընկած ժամանակահատվածում, երկու բովանդակային առաջարկություններ են ներկայացրել ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները: Առաջարկվել է հարկման նոր համակարգին անցում կատարել ոչ թե 4, այլ 6 տարվա ընթացքում, իսկ 200 մլն եւ ավելի գնահատված անշարժ գույքի հարկը հաշվարկել մեկի փոխարեն մեկուկես տոկոսով: Փոխնախարարի խոսքով` երկու առաջարկություններն էլ ընդունվել են: Կատարվել են նաեւ որոշակի խմբագրական փոփոխություններ:

Ելույթներում պատգամավորներն ընդգծել են, որ բարեփոխումները միանշանակ անհրաժեշտ են, նոր անշարժ գույքի համակարգը պետք է լինի արդյունավետ եւ արդար:

Ազգային ժողովը 74 կողմ, 9 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունել է «ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ԱԺ որոշման նախագիծը:

Խորհրդարանը քվեարկություններով ընդունել է նաեւ  «Կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»  օրենքների նախագծերը եւ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության վերաբերյալ 2018-2019 թվականների հաղորդումը խորհրդարանականներին ներկայացրել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Ըստ հիմնական զեկուցողի` 2018-2019 թվականների ընթացքում կազմակերպվել եւ անցկացվել են ՀՀ ԱԺ արտահերթ, Երեւանի ավագանու արտահերթ եւ ընդհանուր թվով` 170 համայնքներում ՏԻՄ ընտրություններ: Տիգրան Մուկուչյանը ներկայացրել է նաեւ ընտրական գործընթացի կազմակերպման բարելավմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ առաջարկություններ:

Տիգրան Մուկուչյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են ընտրական հանձնաժողովների ձեւավորման չափանիշներին ու թափուր տեղերի համալրման կարգին, հաշվետու ժամանակահատվածում չկայացած կամ հետաձգված ՏԻՄ ընտրություններին, հաջորդ տարի կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընթացքում նոր մոտեցումների եւ մեխանիզմների կիրառման հնարավորությանը:

Այնուհետեւ ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը ներկայացրել է ՀՀ կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը:

Զեկուցողը նախ ներկայացրել է նախորդ տարվա դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման արդյունքները, ապա` ընթացիկ տարվա առաջին եռամսյակում հաստատված դրամավարկային քաղաքականության ծրագիրը:

Կենտրոնական բանկի գնահատմամբ` ՀՀ տնտեսական աճը 2020 թվականի արդյունքներով կլինի բացասական` կառույցի կանխատեսումներից զգալիորեն ավելի ցածր: Համավարակից առավել տուժած ոլորտներն են լինելու կացությունը, հանրային սնունդը, տրանսպորտը, տուրիստական գործակալությունները, սպասարկման այլ ծառայություններ, շինարարությունը, իսկ գյուղատնտեսության վրա, ըստ զեկուցողի, գրեթե ազդեցություն չի լինի: Անորոշությամբ պայմանավորված` կգրանցվի նաեւ մասնավոր սպառման եւ մասնավոր ներդրումների անկում:

Ըստ Մարտին Գալստյանի` ինչպես եւ նախատեսվում էր ծրագրով, պահպանվել է ցածր գնաճային միջավայր. մայիսին 12-ամսյա գնաճը կազմել է 1.2 տոկոս:

ԿԲ նախագահի խոսքով` ներկա վերլուծությունները ցույց են տալիս, որ պահանջարկի վերականգնումը տեղի է ունենալու ավելի դանդաղ տեմպերով` պայմանավորված արտաքին պահանջարկի ակնկալվող դանդաղ ընթացքով եւ պահպանվող անորոշություններով: Քաղաքականության ապագա ընթացքի համար, ըստ բանախոսի, կարեւորագույն գործոններ են շարունակում հանդիսանալ  առողջապահական իրավիճակի զարգացումը եւ դրա ներքո մարդկանց վարքագծի փոփոխությունը:

Նշվել է, որ ԿԲ-ն իր հերթին շարունակում է մշտադիտարկել եւ վերլուծել ստեղծված իրավիճակը, մշակում է հնարավոր տարբեր սցենարներ, եւ հետեւողական է ցանկացած զարգացման պարագայում ապահովելու գների կայունությունը ՀՀ-ում:

Օրենսդիրները ԿԲ նախագահից հետաքրքրվել են վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցման արդյունքում քաղաքացիների եւ տնտեսության վրա հնարավոր ազդեցությունից,  ստեղծված իրավիճակում վարկավորման տոկոսադրույքների թե՛ նվազման եւ թե՛ բարձրացման հնարավորությունից, անկանխիկ գործարքների ավելացումից, համավարակի ժամանակահատվածում վարկային կազմակերպությունների նկատմամբ ԿԲ վերահսկողության ավելացումից, Մարտին Գալստյանի` ԿԲ նախագահ ընտրվելուց հետո ԿԲ քաղաքականության փոփոխության հնարավորությունից, ապահովագրական շուկայի զարգացումից:

Այնուհետեւ ՀՀ հաշվեքննիչ պալատի 2019 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը քննարկման է ներկայացրել Հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանը: Նշվել է, որ հաշվետու տարվա համար նախատեսված 32 հաշվեքննությունից  25-ն ավարտվել է, մեկը կասեցվել է, իսկ 6-ը դեռեւս  շարունակվում են:

Պալատի նախագահի խոսքով` հաշվետու տարում Հաշվեքննիչ պալատն արդյունավետ համագործակցել է իրավապահ մարմինների հետ, մասնավորապես իրավապահ մարմիններին է ուղարկվել 24 առանձին նյութ:  Վերջին 2 տարիների ընթացքում ուղարկված նյութերից 16-ով հարուցվել է 24 քրեական գործ, մեկ նյութ կցվել է արդեն հարուցված քրեական գործին, մնացած 16 նյութերի վերաբերյալ ուսումնասիրությունները դեռեւս շարունակվում են: Կազմված հաշվեքննության 61 արձանագրությունները սահմանված կարգով ներկայացվել են հաշվեքննության օբյեկտների ղեկավարներին:

Լեւոն Յոլյանի տեղեկացմամբ` եղել են դեպքեր, երբ հաշվեքննության օբյեկտի ղեկավարներն իրենց նախաձեռնությամբ նյութերն ուղարկել են իրավապահ մարմիններին:

Հաշվեքննիչ պալատի նախագահն ընդգծել է, որ հաշվեքննության արդյունավետության հիմնական ցուցիչը հաշվեքննության ավարտից հետո տարվող աշխատանքների արդյունքն է (follow-up)` նշելով, որ պալատի դերն այս առումով խիստ սահմանափակ է: Օրենսդրական կարգավորումների համաձայն` ավարտվում է պալատի դերը հաշվեքննության հետհսկողության բնագավառում, հետագա անելիքները մնում են խորհրդարանական վերահսկողության տիրույթում: Այս առումով նա անդրադարձել է Հաշվեքննիչ պալատ-խորհրդարան գործնական համագործակցության արդյունքներին:

Լեւոն Յոլյանը ներկայացրել է սոցիալական ապահովության, կրթության, գիտության եւ մշակույթի, առողջապահության, էներգետիկայի եւ այլ ոլորտներում հաշվեքննության տվյալները, անդրադարձել նաեւ 2020 թ. պալատի  գործունեության ծրագրին, որը, ըստ նրա, ընդգրկուն է եւ հավակնոտ:

Պատգամավորները փորձել են հարցերի ու ելույթների միջոցով հստակեցնել փաստաթղթի որոշ դրույթներ, ներկայացրել իրենց տեսակետները, խոսել պալատի եւ նրա ղեկավարի գործունեության, հաղորդման բովանդակության, որոշ գործերի բացահայտման ոչ բավարար ընթացքի վերաբերյալ: Լեւոն Յոլյանը մանրամասնել է հաշվեքննությունները եւ դրանցում առկա տվյալները:

Ազգային ժողովը, սպառելով արտահերթ նստաշրջանի օրակարգը, ավարտել է աշխատանքը:


25.06.2020
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում
Հունիսի 25-ին Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ կայացել է ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանի ներկայացմամբ` երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություննե...

25.06.2020
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվել է հարկային ոլորտին առնչվող օրինագիծ
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ հունիսի 25-ին հրավիրած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել Կառավարության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին: Նպատակը կադ...

25.06.2020
Առաջարկվում է բուհերում ընդունելությունն իրականացնել մեկ ընդունելության քննության արդյունքների հիման վրա
Հունիսի 25-ին Հովհաննես Հովհաննիսյանի նախագահությամբ արտահերթ նիստ է գումարել ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը: Օրակարգում  «Կրթության մասին» օրենքում լրացում նախատեսող օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումն էր: Օրինագ...

25.06.2020
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ է գումարել
Հունիսի 25-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրո...

25.06.2020
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից հղմամբ: ...

25.06.2020
Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել կից հղմամբ: ...

25.06.2020
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ։ ...

25.06.2020
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից։ ...

25.06.2020
Տեղի կունենան ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստեր
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողով` 29.06.2020 Ժամը 11:00 314 սենյակ, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով` 25.06.2020 Ժամը 10:30 314 սենյակ, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով` 25.06.2020 ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am