National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
24.6.2020

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
24.06.2020
ՀՀ Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան է հրավիրել
1 / 36

ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ հունիսի 24-ին գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով:

Խորհրդարանն ընդունել է օրակարգային հարցերի քննարկման հատուկ ընթացակարգի մասին ԱԺ որոշման նախագիծը, ըստ որի` օրակարգի մի շարք հարցերի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կկազմակերպվի առաջին ընթերցմամբ դրանք ընդունելուց հետո` 24 ժամվա ընթացքում:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության եւ Արժույթի միջազգային հիմնադրամի միջեւ 2020 թվականի մայիսի 23-ին եւ հունիսի 1-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման եւ լրացուցիչ փոխառու միջոցների ներգրավման մասին» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցողն անդրադարձել է հարցի նպատակահարմարությանը, Արժույթի միջազգային հիմնադրամի միջոցների ներգրավման հնարավորությունների պայմաններին ու չափին:

Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից դեռեւս 2019թ. մայիսին Հայաստանի Հանրապետության համար հաստատվել է եռամյա Պահուստային ծրագիրը` ուղղված տնտեսական հիմնարար եւ կառուցվածքային բարեփոխումների իրականացմանը: Հիմնադրամի ներկայացուցիչների հետ համաձայնություն է ձեռք բերվել Պահուստային ծրագրի շրջանակում հասանելի միջոցները, որպես ուղղակի բյուջետային աջակցություն, օգտագործել նոր կորոնավիրուսային համավարակի տարածման հետեւանքների մեղմմանն ուղղված սոցիալ-տնտեսական միջոցառումների ֆինանսավորման նպատակով: Հիմնական զեուցողն առաջարկել է կողմ քվեարկել նախագծին:

Ֆինանսների նախարարի տեղակալին ուղղված հարցերը վերաբերել են Հայաստանի պահուստային ֆոնդին, ֆինանսական կայունությանը:

Հարակից զեկուցող ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Եղիշե Սողոմոնյանը նշել է, որ համաձայնագիրը քննարկվել է հանձնաժողովում եւ ստացել դրական եզրակացություն: Նա կոչ է արել կողմ  քվեարկել նախագծին:

Կառավարության հեղինակած «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ խորհրդարանականների քննարկմանն է ներկայացրել է արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը:

Նախագծով առաջարկվում է Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածում կասեցման ազդեցությունից բացառություն նախատեսել այլ անձանց կողմից վարչական ակտի հասցեատիրոջ համար բարենպաստ վարչական ակտերի կամ զուգորդող վարչական ակտի բարենպաստ մասի վիճարկման դեպքերի համար: Այսպիսով, երրորդ անձանց կողմից այլ անձին ուղղված վարչական ակտի վիճարկումն ինքնաբերաբար չի հանգեցնի վարչական ակտի կատարման կասեցման: Նախատեսվում են համապատասխան փոփոխություններ կատարել նաեւ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքի 74-րդ հոդվածում: Ըստ հիմնական զեկուցողի` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայում դատարանների վարույթներում կասեցված վիճակում են բազմաթիվ վարչական ակտեր, այդ թվում` շինարարական թույլտվություններ, նախատեսվում է կարգավորումները տարածել նաեւ դատարանների վարույթում գտնվող գործերի նկատմամբ: Նախատեսվող կարգավորումները հնարավորություն կտան նաեւ ապահովելու ներդրումների եւ ներդրումային ծրագրերի անխոչընդոտ իրականացումը:

Նախագծի վերաբերյալ ելույթներում ընդգծվել է, որ ներկայացված նախագիծը առաջացրել է պետական մարմինների եւ հասարակության տարբեր շերտերի ներկայացուցչների բուռն արձագանք:

«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:

Հիմնական զեկուցողի ներկայացմամբ` նախագծի անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության ծրագրով, Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թվականների բարեփոխումների ռազմավարությամբ, ինչպես նաեւ ՀՀ կառավարության հավանությանն արժանացած` Հարկային բարեփոխումների հայեցակարգով ամրագրված` անշարժ գույքի հարկը գույքի իրական շուկայական արժեքից հաշվարկելու ընթացակարգեր ներդնելու ծրագրային դրույթից:

Ըստ բանախոսի` ներկայում գործող կադաստրային արժեքների հիման վրա անշարժ գույքի հարկի հաշվարկման մոտեցման շրջանակում հնարավոր չի լինում ապահովել անշարժ գույքի լիարժեք հարկումը, որի հիմնական պատճառը կադաստրային արժեքների խիստ թերագնահատված լինելն է: Նախագծի ընդունմամբ նախատեսվում է տեսանելի հարստության կամ ունեցվածքի համար սահմանել ավելի արդարացի հարկային բեռ` ապահովելով պետության վերաբաշխման գործառույթի արդյունավետ իրականացումը: Առաջարկվող բարեփոխումներով ակնկալվում է բարձրացնել նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսական կայունության ու ֆինանսական անկախության մակարդակը:

Նախաձեռնության վերաբերյալ տեսակետներ են ներկայացրել ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները:

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անունից ելույթ է ունեցել խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նա մտահոգություն է հայտնել նախաձեռնության ընդունման պարագայում քաղաքացիների հարկային բեռի ավելացման վերաբերյալ` հատկապես արտակարգ դրության իրավական ռեժիմի եւ համավարակի պայմաններում: Էդմոն Մարուքյանը հորդորել է Կառավարությանը հետ վերցնել նախագիծը: Խմբակցությունը դեմ է քվեարկելու նախաձեռնությանը:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության տեսակետը ներկայացրել է Բաբկեն Թունյանը: Նա պարզաբանումներ է տվել ընդդիմադիր պատգամավորների ելույթներում հնչած մտահոգությունների վերաբերյալ: Ըստ նրա` այսօր քննարկվող նախագծով գույքահարկը ոչ թե բարձրանում է, այլ նվազում: Գույքահարկը բարձրանալու էր անցյալ տարի ընդունված օրենքի արդյունքում, որով կադաստրային արժեքներն են վերանայվում: Իսկ այս` հարկային օրենսգրքում քննարկվող փոփոխություններով այնպես է արվում, որ այդ բարձրացումը շատ չլինի ու միանգամից չլինի, եւ նախագիծը չընդունելու դեպքում մի քանի անգամ կավելանա քաղաքացիների գույքահարկի բեռը:

Եզրափակիչ ելույթում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը պատասխանել է պատգամավորների հարցերին: Փոխնախարարի խոսքով` նախաձեռնությամբ նախատեսվում է ավելի մեծ չափով հարկել տեսանելի հարստությունը եւ համարժեք դարձնել առհասարակ գույքային հարկերի համակարգը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի ներկայացմամբ առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «Կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» նախագիծը:

Նախաձեռնությամբ գործադիրը նախատեսում է բացառություն սահմանել  հայտարարված արտակարգ կամ ռազմական դրության ժամանակահատվածի համար /ընդհանրապես, ոչ միայն COVID-19-ով պայմանավորված/ եւ հնարավորություն ընձեռել Կառավարությանը` ստեղծված պայմաններում փոփոխություններ եւ լրացումներ կատարել  բարձրագույն ուսումնական հաստատությունների տվյալ տարվա մասնագիտությունների եւ ընդունելության քննությունների ցանկում, հաստատել նաեւ նոր ցանկ:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է նաեւ «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը տեղեկացրել է, որ նախաձեռնությամբ սահմանվում է, որ գյուղական բնակավայրերում բնակվող եւ մինչեւ երկու տարեկան երեխա ունեցող ընտանիքներին եւս կնշանակվի երեխայի խնամքի նպաստ` անկախ ծնողի աշխատելու հանգամանքից, եթե երեխան ծնվել է 2020 թ-ի հուլիսի 1–ից հետո: Փոխնախարարի խոսքով` եթե գյուղական բնակավայրում բնակվող եւ մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողը նաեւ հանդիսանում է վարձու աշխատող, ապա նա կստանա կրկնակի նպաստ (26500+26500): Նախագծում կատարվում են նաեւ մի շարք այլ փոփոխություններ:

Խորհրդարանը ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանի ներկայացմամբ առաջին ընթերցմամբ քննարկել է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին»  ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Անդրադառնալով օրենսդրական փաթեթում լրացումներ կատարելու անհրաժեշտությանը` փոխնախարարը նշել է, որ Սահմանադրական դատարանը վերոնշյալ օրենքների մի շարք դրույթներ ճանաչել է Սահմանադրությանը չհամապատասխանող, ուստի եւ անհրաժեշտություն է առաջացել դրանք փոփոխելու: Ռաֆիկ Գրիգորյանի խոսքով` մասնավորապես Սահմանադրական դատարանը գտնում է, որ օրենսդրական այս կարգավորումների արդյունքում սահմանափակվում է անձի` Սահմանադրությամբ ամրագրված սեփականության իրավունքը, քանի որ 30 աշխատանքային օրվա ժամկետը բաց թողնելուց հետո նա այլեւս չի կարող իր կողմից կնքված գործարքի միջոցով ձեռք բերել սեփականության իրավունք: Սահմանադրական դատարանը միաժամանակ գտնում է, որ օրենսդրի կողմից սեփականության իրավունքի այս սահմանափակումն արդարացված չէ Սահմանադրության տեսանկյունից այն հիմնավորմամբ, որ Սահմանադրության 60-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով»:

Ըստ բանախոսի` հաշվի առնելով Սահմանադրական դատարանի որոշմամբ բացահայտված խնդիրները, Նախագծով Օրենքի 24-րդ հոդվածը լրացվել է 6.1.-ին մասով, որով հստակ թվարկվում են այն հիմքերը, որոնց առկայության դեպքում դիմողի միջնորդությամբ պետական գրանցումն իրականացնող լիազոր մարմինը գրանցման համար դիմելու ժամկետի բացթողումը հարգելի է համարում: Համապատասխան լրացում է կատարվել նաեւ Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում: Սահմանվել է, որ իրավունքի պետական գրանցումը չի կարող մերժվել, եթե պետական գրանցման համար դիմում ներկայացնելու ժամկետը բաց թողնելը հարգելի է ճանաչվել: Փոփոխություն է կատարվել նաեւ «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում, որով  նոտարի կողմից իրավունքները պետական գրանցման ներկայացնելը նախատեսվել է որպես նոտարական գործողություն` դրանից բխող իրավական հետեւանքներով:

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկել է «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

ՀՀ կառավարության հեղինակած «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը քննարկվել է առաջին ընթերցմամբ:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը նշել է, որ նախագծերի փաթեթն ամբողջացնում է արդեն ընդունված «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը: Նրա խոսքով` հենց դրանով էլ պայմանավորված է հարցի հրատապությունը:

Փոխնախարարի տեղեկացմամբ` նախատեսվում է «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում սահմանել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով սահմանված գործառույթներ իրականացնող ստորաբաժանման ղեկավարի տեղակալի եւ ստորաբաժանման ավագ դատախազների պաշտոնային դրույքաչափերը: «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքով առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում դատավորների մասնագիտացման գործերի հետ մեկտեղ առանձին տեսակի գործերի շարքում լրացվում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ գործերը:

Հաջորդիվ խորհրդարանը, ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի ներկայացմամբ, քննարկել է ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:

Ֆինանսների նախարարը տեղեկացրել է, որ հաշվետվությունը մանրամասն քննարկվել է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում:

Ատոմ Ջանջուղազյանն անդրադարձել է տարեկան հաշվետվության հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներին, բյուջետային եկամուտների ձեւավորմանը, հարկային եւ մաքսային քաղաքականությանը, ծախսերին եւ պակասուրդին:

Մասնավորապես նշվել է, որ 2019 թվականին տնտեսության զարգացումն ընթացել է նախորդ տարվա համեմատ ավելի արագ տեմպերով: Գրանցվել է իրական ՀՆԱ-ի 7.6% աճ, ինչը բարձր է նախորդ տարվա ցուցանիշից:

Հաշվետու տարում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 1,565.5 մլրդ դրամ եկամուտներ` ապահովելով կառավարության կողմից ճշտված ծրագրի 97.3% կատարողական: ՀՀ պետական բյուջեի ծախսերի տարեկան ճշտված ծրագիրը կազմել է 1,762.9 մլրդ դրամ, որի դիմաց փաստացի ծախսերը կազմել են 1,629.4 մլրդ դրամ: Պետական բյուջեի ծախսերի տարեկան ճշտված ծրագիրը կատարվել է 92.4%-ով, իսկ շեղումների ընդհանուր գումարի 47.5%-ը բաժին է ընկել ընթացիկ ծախսերին, 52.5%-ը` ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնություններին: Պետական բյուջեն կատարվել է 63.9 մլրդ դրամ պակասուրդով` կազմելով ծրագրված ցուցանիշի 41.6%-ը:

2019 թվականին 12-ամսյա գնաճը կազմել է 0.7%, հիմնականում պայմանավորված ներմուծվող մի շարք ապրանքների ցածր գնաճով, ինչպես նաեւ որոշ գյուղմթերքային ապրանքների գների նվազմամբ:

Մեր երկրի պետական պարտքը կազմում է 7 մլրդ 324 մլն ԱՄՆ դոլար: Նախարարը նշել է, որ Հայաստանը գտնվում է նվազ պարտքի բեռ ունեցող երկրների ցանկում եւ  պարտքն ամբողջությամբ կառավարելի է:

Պատգամավորների հարցադրումները վերաբերել են իրականացված ծրագրերի արդյունավետությանը, որոշ ոլորտների թերֆինանսավորման պատճառներին, հարկաբյուջետային քաղաքականությանը, բյուջետային միջոցների նկատմամբ ԱԺ վերահսկողական գործառույթի լիարժեք իրականացմանը, արտաքին պարտքը սպասարկելու հետ կապված խնդիրներին, գանձապետական միասնական հաշվի մնացորդին եւ այլն: Նախարարը վերոնշյալ խնդիրների վերաբերյալ պարզաբանումներ է ներկայացրել:

ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, ներկայացնելով հաշվետվության վերաբերյալ ԿԲ եզրակացությունը, նշել է, որ 2019 թվականը բարենպաստ է եղել մակրոտնտեսական առումով, տնտեսական աճը զգալի գերազանցել է պետական բյուջեով նախատեսված ցուցանիշը, պահպանվել է մակրոտնտեսական կայունությունը, շարունակվել են կառուցվածքային բարեփոխումները: Պլանավորված բյուջեն գերակատարվել է եկամտային մասով, թերակատարվել` ծախսային մասով: Տարվա արդյունքով հարկերի եւ տուրքերի գծով աճը կազմել է 16.4 տոկոս, իսկ հարկեր/ՀՆԱ ցուցանիշը նախորդ տարվա համեմատ աճել է 1.3 տոկոսային կետով եւ կազմել 22.3 տոկոս:

2019 թ. Կառավարությունը շարունակել է բարեփոխումները պետական ծախսերի ոլորտում` բարձրացնելով ծախսերի արդյունավետությունը: ՀՀ պետական բյուջեի ծախսերը նախորդ տարվա համեմատ աճել են 12.6 տոկոսով:

ՀՀ ԿԲ նախագահը նշել է, որ 2019 թ. իրականացված հարկաբյուջետային քաղաքականությունը զսպող ազդեցություն է ունեցել համախառն պահանջարկի վրա եւ ԿԲ-ն տարվա ընթացքում փորձել է որոշակի ճշգրտել իր ազդեցությունը: Նրա խոսքով` ԿԲ-ն փորձել է դա փոխհատուցել խթանող դրամավարկային քաղաքականության միջոցով: Մարտին Գալստյանը կարծիք է հայտնել, որ դրամավարկային քաղաքականության կողմից համախառն պահանջարկի կառավարման արդյունավետությունն էական կբարելավվի, եթե տարեկան եւ եռամսյա կտրվածքով պլանավորված եւ իրականացված բյուջեի միջեւ տարբերությունները ձգտեն նվազագույնի: Նշվել է, որ հարկաբյուջետային քաղաքականության ոլորտում իրականացված բարեփոխումները, որոնք հիմնականում արտահայտվում են պակասուրդի նվազեցմամբ, ստվերային հատվածի կրճատմամբ եւ պետական ծախսերի արդյունավետության աճով, դրական են անդրադարձել մակրոտնտեսական եւ պետական պարտքի կայունության վրա:  Բանախոսն, այդուհանդերձ, տնտեսության կայուն զարգացման հիմքերի ամրապնդման համար կարեւորել է մակրոտնտեսական կայունության պահպանմանը զուգահեռ կապիտալ ծախսերի անհրաժեշտ իրականացման ապահովումը:

Ներկայացնելով Հաշվեքննիչ պալատի եզրակացությունը հաշվետվության վերաբերյալ` Հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանը խոսել է որոշ որակական խնդիրների մասին, նկատառումներ ու փաստեր ներկայացրել մի շարք հարցերի լուծման առնչությամբ: Նա ի թիվս մի շարք խնդիրների անդրադարձել է նաեւ բյուջետետային միջոցները գանձապետական համակարգով շրջանառելուն, ինչը, նրա գնահատմամբ, ավելի վերահսկելի ու թափանցիկ է դարձնում այդ միջոցների օգտագործումը: Հաշվեքննիչ պալատը դրական եզրակացություն է ներկայացրել հաշվետվության վերաբերյալ:

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արտակ Մանուկյանը հարակից զեկույցում քանակական եւ որակական գնահատականներ է հնչեցրել իրականացված փոփոխությունների, տարբեր ոլորտներում կատարված դրական քայլերի ու ծրագրային ցուցանիշների, պաշտպանության ոլորտի մրցունակության բարձրացման, պետական կառավարման ոլորտի աշխատանքի արդյունավետությանն ուղղված քայլերի վերաբերյալ:

Խորհրդարանը քվեարկությամբ ընդունել է օրվա ընթացքում քննարկված հարցերը:

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջանի աշխատանքը կշարունակի հունիսի 25-ին` ժամը 11:00-ին:


24.06.2020
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ասուլիսում
Հունիսի 24-ին հրավիրած մամուլի ասուլիսում ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ու խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանն անդրադարձել են ԱԺ արտահերթ նստաշրջանում Սահմանադրության փոփոխությունների նախագծի ընդունման գործընթացում նկատած խախտումների հարցով Սահմանադրական դատարան դիմե...

24.06.2020
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում
Հունիսի 24-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը: Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ՀՀ կառավարության հեղինակած  «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ ...

24.06.2020
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Մանե Թանդիլյանի նախագահությամբ հունիսի 24-ին հրավիրած արտահերթ նիստում քննարկել է «Հայաստանի Հանրապետության եւ Արժույթի միջազգային հիմնադրամի միջեւ 2020 թվականի մայիսի 23-ին եւ հունիսի 1-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտ...

24.06.2020
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը` այստեղ: ...

24.06.2020
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը` կից: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am