Տպել
24.06.2020
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում
1 / 8

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Մանե Թանդիլյանի նախագահությամբ հունիսի 24-ին հրավիրած արտահերթ նիստում քննարկել է «Հայաստանի Հանրապետության եւ Արժույթի միջազգային հիմնադրամի միջեւ 2020 թվականի մայիսի 23-ին եւ հունիսի 1-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման եւ լրացուցիչ փոխառու միջոցների ներգավման մասին» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանի հավաստմամբ՝ Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից դեռեւս 2019թ. մայիսին Հայաստանի համար հաստատվել է 180 մլն ՀՓԻ (248.2 մլն ԱՄն դոլար) արժողությամբ եռամյա Պահուստային ծրագիրը (Stand-by Arrangement)` ուղղված տնտեսական հիմնարար եւ կառուցվածքային բարեփոխումների իրականացմանը: Հիմնադրամի գործադիր տնօրենների խորհրդի` 2020 թվականի մայիսի 18-ին տեղի ունեցած նիստում հաստատվել է ծրագրի երկրորդ վերանայումը, որով Հայաստանի համար հասանելի են դարձել ընդհանուր 77.142 մլն ՀՓԻ (105 մլն ԱՄՆ դոլար) ծավալով փոխառու միջոցներ: Հիմնադրամի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է նաեւ Հիմնադրամի արագ ֆինանսավորման գործիքի (Rapid Financing Instrument) շրջանակներում հավելյալ 128.8 մլն ՀՓԻ (175 մլն ԱՄՆ դոլար) ներգրավելու հայտը:

Նշվել է նաեւ, որ Հիմնադրամի ներկայացուցիչների հետ բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել Պահուստային ծրագրի շրջանակներում հասանելի միջոցները որպես ուղղակի բյուջետային աջակցություն օգտագործելու ուղղությամբ` նպատակ ունենալով ապահովել նոր կորոնավիրուսային համավարակի տարածմամբ առաջ եկող հետեւանքների մեղմմանն ուղղված սոցիալ-տնտեսական միջոցառումների ֆինանսավորումը: Արդյունքում, ներկա պահին մեր երկրի համար հասանելի են ընդհանուր առմամբ շուրջ 206 մլն ՀՓԻ (280 մլն ԱՄՆ դոլար) ծավալով բյուջետային միջոցներ, եւ եւս 25.714 մլն ՀՓԻ (35 մլն ԱՄՆ դոլար) հասանելի կդառնա ծրագրի երրորդ վերանայման արդյունքում:

Հարակից զեկուցող ԱԺ պատգամավոր Եղիշե Սողոմոնյանը, կարեւորելով նախագծի ընդունումը, գործընկերներին կոչ է արել կողմ քվեարկել:

Քննարկման արդյունքում հանձնաժողովականները նամակ-համաձայնագրին տվել են դրական եզրակացություն: