National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
22.06.2020

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
22.06.2020
Խորհրդարանը քննարկել է սահմանադրական փոփոխություններ նախատեսող օրենսդրական նախաձեռնություն
1 / 29

ՀՀ Ազգային ժողովը, հիմք ընդունելով Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու վերաբերյալ ԱԺ պատգամավորների նախաձեռնությունը եւ ԱԺ խորհրդի 2020 թվականի հունիսի 22-ի ԱԺԽՈ-045-Լ որոշումը, առաջնորդվելով Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ»  սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածներով, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ հունիսի 22-ին գումարել է արտահերթ նստաշրջան՝ օրակարգում ունենալով մեկ օրենսդրական նախաձեռնություն: Պատգամավորների որոշմամբ այն քննարկվելու է հատուկ ընթացակարգով. օրակարգային հարցի երկրորդ ընթերցմամբ քննարկումն իրականացվելու է նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո՝ քսանչորս ժամվա ընթացքում:

Արտահերթ նստաշրջանին չեն մասնակցել «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը ներկայացրել է օրակարգային՝ «ՀՀ Սահմանադրության փոփոխություններ» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել ՀՀ Սահմանադրությունում: Նշենք, որ նախաձեռնության հեղինակներն են ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները: Զեկուցողն անդրադարձել է ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամին եւ դրա հաղթահարմանն ուղղված՝ իշխանության նախաձեռնած քայլերին: Նա մասնավորապես նշել է, որ ՍԴ ճգնաժամի լուծման  ձգձգումն ուղղակիորեն վնասում է մեր երկրի զարգացմանն ու վտանգում սպասվող լայնածավալ բարեփոխումները:  Նրա խոսքով՝ խորհրդարանի պարտավորությունն է լուծել սահմանադրական ճգնաժամը եւ ապահովել երկրի բնականոն զարգացումը:  Վահագն Հովակիմյանը հայտնել է, որ նախաձեռնությամբ առաջարկվում է՝ մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված եւ Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում ընդհանուր տեւողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունների ժամկետը համարել ավարտված եւ պաշտոնավարումը դադարեցնել: Նախատեսվում է նաեւ, որ նշանակված ՍԴ անդամը, ում պաշտոնավարումը չի դադարում սույն հոդվածի 1-ին մասի ուժով, շարունակում է պաշտոնավարել որպես Սահմանադրական դատարանի դատավոր մինչեւ այդ պաշտոնում նրա պաշտոնավարման 12 տարին լրանալը` հաշվի առնելով նաեւ մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը որպես Սահմանադրական դատարանի անդամ պաշտոնավարած ժամկետը: Ըստ օրինագծի՝ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուց հետո ՍԴ դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար՝ Կառավարությունը, Հանրապետության նախագահը եւ դատավորների ընդհանուր ժողովը:

Առաջարկվող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հարակից ելույթում հայտնել է, որ նախարարությունը  ապրիլի 5-ի՝ սահմանադրական փոփոխություններ նախատեսող հանրաքվեի գործընթացը նախաձեռնելուց անմիջապես  հետո կապի մեջ է եղել Եվրոպայի խորհրդի գործընկերների եւ Վենետիկի հանձնաժողովի հետ՝ քննարկելու համար մի շարք  հարցեր:

Նախարարը նշել է, որ կորոնավիրուսային համավարակի տարածումից հետո եւս շարունակվել են Վենետիկի հանձնաժողովի հետ արդյունավետ քննարկումները, որի նպատակն է եղել Հայաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված  ճգնաժամի հաղթահարումը:

 Ռուստամ Բադասյանն անդրադարձել է Վենետիկի հանձնաժողովի ներկայացրած խորհրդատվության հիմնական կետերին՝ նշելով, որ դրանք հիմք են դարձել քննարկվող օրենսդրական նախաձեռնությունը մշակելիս:  Նա հայտնել է, որ Վենետիկի հանձնաժողովի հետ կայացած քննարկումներին մասնակցություն է ունեցել նաեւ Սահմանադրական դատարանը:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության տեսակետը հայտնել է  խմբակցության ղեկավարը: Լիլիթ Մակունցը նշել է, որ մոտ մեկուկես տարի փորձ է արվում հաղթահարել Հայաստանում ստեղծված սահմանադրական ճգնաժամը, եւ  Սահմանադրական դատարանն այդ ընթացքում  ունեցել է հնարավորություն՝ ինքնաբարեփոխվելու եւ ՍԴ մոդելը համապատասխանեցնելու այն մոդելին, որն ընդունվել էր 2015 թվականի սահմանադրական փոփոխություններով: Նա  ափսոսանք է հայտնել, որ  դա  ոչ միայն տեղի չի ունեցել, այլեւ եղել են անընդունելի   զարգացումներ:  Լիլիթ Մակունցը նշել է, որ, ելնելով հանրային առողջությունը պահպանելու սկզբունքից, իշխանությունները ձեռնպահ են մնացել հանրաքվեի անցկացումից եւ նախաձեռնել են  խնդիրը լուծելու այս տարբերակը: «Այս լուծումը, կարծում եմ, միջանկյալ լուծում է, որի համապարփակ եւ խորքային անդրադարձը կտրվի սահմանադրական փոփոխությունների արդյունքում»,-ամփոփելով ելույթը՝ ասել է նա:

Եզրափակիչ ելույթում հիմնական զեկուցող Վահագն Հովակիմյանն ընդգծել է, որ նախաձեռնության ընդունումը կատարվում է հանուն Հայաստանի Հանրապետության:

Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է 89 կողմ ձայներով:

Օրինագծի վերաբերյալ գրավոր առաջարկների եւ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար սահմանված ժամկետի ավարտից հետո օրենսդրական նախաձեռնությունը քննարկվել է երկրորդ ընթերցման ընթացակարգով:

Հիմնական զեկույցում օրինագծի համահեղինակ Վահագն Հովակիմյանը տեղեկացրել է, որ գլխադասային՝ ԱԺ-պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկելիս պատգամավորներն առաջարկներ են ներկայացրել, մասնավորապես 213-րդ հոդվածի երկրորդ մասում խմբագրական փոփոխություն է առաջարկել պատգամավոր Սուրեն Գրիգորյանը: Վերջինս բովանդակային փոփոխություն է առաջարկել 213-րդ հոդվածի 3-րդ մասում. առաջին ընթերցմամբ ընդունված տարբերակում Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղերի համար  առաջադրումների համար նախատեսված մեկամսյա ժամկետի փոխարեն առաջարկվել է երկամսյա ժամկետ, ինչն ընդունվել է:

Վահագն Հովակիմյանն արձանագրել է, որ այս փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո դադարեցվելու է ՍԴ 3 անդամների պաշտոնավարումը, 4-ը շարունակելու են պաշտոնավարել: ՍԴ գործող նախագահը դադարելու է ՍԴ-ի նախագահի պաշտոնում պաշտոնավարել, վերջինս պաշտոնավարելու է որպես ՍԴ անդամ:

Պատգամավորը, անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը, մասնավորապես ընդգծել է 69-րդ կետի դիտարկումը, ըստ որի Վենետիկի հանձնաժողովը տեղեկացնում է, որ ՍԴ անդամների հետ եզրակացության շուրջ քննարկումների ժամանակ վերջիններս Վենետիկի հանձնաժողովին ասել են, որ եթե Սահմանադրության փոփոխությունների նախագիծն իրենց մոտ գնա սահմանադրականության ստուգման, ապա իրենք այդ փոփոխությունները չեն դիտարկելու անփոփոխելի հոդվածների տիրույթում, այլ դիտարկելու են ողջ Սահմանադրության տիրույթում, ինչն ըստ Վենետիկի հանձնաժողովի անդամների՝ անթույլատրելի է: Նշվել է, որ դա հնարավորություն է տալիս վերացական ձեւակերպումներով Սահմանադրության ցանկացած փոփոխություն ուղղակի ճանաչել հակասահմանադրական:

Վահագն Հովակիմյանի խոսքով՝ այս փոփոխությունը հանրային վստահություն վայելող եւ լեգիտիմ Սահմանադրական դատարան ունենալու իրենց տեսլականն է:

Ներկայացնելով ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ հանձնաժողովի անդամ Նազելի Բաղդասարյանն ընդգծել է, որ իրենք հավատարիմ են իրենց որդեգրած սկզբունքներին: Նա հիշեցրել է, որ իրենք խորհրդատվության համար դիմել են Վենետիկի հանձնաժողով, միջազգային գործընկերները եւս հաստատել են, որ ՀՀ ԱԺ-ի կողմից առաջարկված լուծումները հետապնդում են լեգիտիմ նպատակ:

Հարակից զեկույցում ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշել է, որ Սահմանադրական դատարանը Սահմանադրության փոփոխությունների նախնական վերահսկողության ինստիտուտի կիրառման շրջանակում գործելու է ուղիղ շահերի բախման իրավիճակում, հետեւաբար վտանգված է սահմանադրական արդարադատության իրականացումն այդ շրջանակում:

Նախարարն ընդգծել է, որ ՀՀ քաղաքացիներն ուզում են ունենալ անկախ ու չկոռումպացված դատական համակարգ, ինչին դիմադրում են նախկին կոռումպացված համակարգի շահառուները:

Նա կոչ է արել բոլոր ուժերին, նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին միավորել ուժերն անկախ եւ արդյունավետ դատական իշխանության ձեւավորման շուրջ:

Այնուհետեւ խորհրդարանը «ԱԺ կանոնակարգ» օրենքի 86-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մինչեւ Սահմանադրության փոփոխությունների նախագծի երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունումը քվեարկել է Սահմանադրության փոփոխությանը վերաբերող հարցով «ՍԴ դիմելու մասին» ԱԺ որոշման նախագիծը, որը չի ընդունվել:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշել է, որ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքը չի կարգավորում, թե ինչ է լինում այն դեպքում, երբ ՍԴ դիմելու մասին որոշումը չի ընդունվում: Ելնելով վերոգրյալից՝ խմբակցության ղեկավարն առաջարկել է անցնել Սահմանադրության փոփոխությունների նախագծի երկրորդ ընթերցմամբ քվեարկությանը:

Նույնաբովանդակ առաջարկ հնչեցրել է նաեւ օրինագծի համահեղինակ Վահագն Հովակիմյանը՝ նշելով, որ Սահմանադրության 202-րդ հոդվածի 2-րդ մասով խորհրդարանին տրված է Սահմանադրության կոնկրետ հոդվածներում փոփոխություններ իրականացնելու լիազորություն: «ՍԴ դիմելու անհնարինությամբ պայմանավորված՝ չի կարող Ազգային ժողովի սահմանադրական լիազորությունը ի չիք դարձվել»,-ասել է նա:

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը եւս ընդգծել է, որ  «ԱԺ կանոնակարգ» օրենքի 86-րդ հոդվածն ամբողջությամբ, իսկապես, չի կարգավորում, թե ինչպես պետք է վարվել, երբ ՍԴ դիմելու մասին որոշումն Ազգային ժողովը չի ընդունում:

89 կողմ, 0 դեմ եւ 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել է քննարկված օրինագիծը եւ ավարտել արտահերթ նստաշրջանի աշխատանքը:

Այնուհետեւ ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն՝ 2020 թվականի հունիսի 22-ին գումարված արտահերթ նստաշրջանի ավարտից անմիջապես հետո Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ գումարվել է ԱԺ արտահերթ նստաշրջան:

Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել են ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Հիմնական զեկույցում Վահագն Հովակիմյանը տեղեկացրել է, որ իր կողմից առաջարկվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծում ավելացնել նոր հոդված, ըստ որի փոփոխություն է առաջարկվում օրենքի 5-րդ հոդվածում, որով «ԱԺ նախագահի լիազորությունները» բաժնում ավելացվում է այսպիսի կետ՝ «Սահմանադրության 202-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում հրապարակում է ԱԺ-ի ընդունած Սահմանադրության փոփոխությունները»: Հաջորդ փոփոխությամբ օրենքի 86-րդ հոդվածի 7-րդ մասով ԱԺ նախագահը խորհրդարանի կողմից ընդունված Սահմանադրության փոփոխությունների նախագիծը 7-օրյա ժամկետում հրապարակում է: Հեղինակը տեղեկացրել է, որ մյուս փոփոխությունները խմբագրական բնույթի են:

Հարակից զեկույցում ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի փոխնախագահ Աննա Կարապետյանը: Նա նշել է, որ առաջինից երկրորդ ընթերցում պատգամավորները չեն ներկայացրել գրավոր առաջարկներ: Աննա Կարապետյանի խոսքով՝ հանձնաժողովի նիստի ընթացքում թե Կառավարության ներկայացուցչի եւ թե հեղինակի կողմից հնչել են բանավոր առաջարկներ, որոնք ընդունվել են: Պատգամավորը կոչ է արել կողմ քվեարկել:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը նշել է, որ Կառավարությունը ներկայացրել է երկու առաջարկ, որոնք ընդունվել են հեղինակի կողմից: Ուստի, ըստ զեկուցողի, այս տեսքով նախաձեռնությունն ընդունելու հետ կապված գործադիրը որեւէ առարկություն չունի:

Քվեարկության արդյունքում նախագծերի փաթեթն ընդունվել է երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ:

Սպառելով օրակարգը՝ խորհրդարանն ավարտել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը:


22.06.2020
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում
Հունիսի 22-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ: Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել ՀՀ ԱԺ պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենք...

22.06.2020
Կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ»  սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` հունիսի 22-ին գումարված արտահերթ նստաշրջանի ավարտից անմիջապես հետո Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ կգումարվի Ազգ...

22.06.2020
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից։ ...

22.06.2020
Նիստ կգումարի ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը
Հունիսի 22-ին` ժամը 17:30-ին, 314 սրահում նիստ կգումարի ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը: Օրակարգը` կից: ...

22.06.2020
ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստում
Հունիսի 22-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Խորհուրդը համաձայնություն է տվել 2020 թվականի հունիսի 22-ին` ժամը 13:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելուն:...

22.06.2020
Հունիսի 22-ին` ժամը 13:00-ին, կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան
Հիմք ընդունելով Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը եւ Ազգային ժողովի խորհրդի 2020 թվականի հունիսի 22-ի ԱԺԽՈ-045-Լ որոշումը, առաջնորդվելով Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ»  սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածն...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS