Տպել
17.06.2020
Ազգային ժողովը հերթական նիստ է գումարել
1 / 20

Հունիսի 17-ին Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը:

Պատգամավորները շարունակել են քննարկել Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2019 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումն ու հարցեր ուղղել Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանին: Օրենսդիրները փորձել են պարզել, թե ի՞նչ գործիքակազմ է կիրառում հանձնաժողովը` արձագանքելու եթերում խտրական եւ ատելության խոսքի քարոզ պարունակող ու բռնության ենթարկելու, ֆիզիկական եւ հոգեկան ցավ պատճառելու տեսարաններին, խոսքի ազատության սահմանափակումներին, տեղեկատվական ամենաթողությանն ու ապատեղեկատվության տարածմանը: Անդրադարձ է կատարվել հանձնաժողովի լիազորությունների ընդլայնման հնարավորությանը, շուկայի ազատականացմանը, հասարակական-քաղաքական հաղորդումների ընթացքում քաղաքական ուժերի հավասարակշռության պահպանմանը, բյուջետային հատկացումների կառավարման ճկունությանը, մարզային մուլտիպլեքսների ստեղծմանը, արտասահմանյան հեռուստաընկերությունների հեռարձակմանը եւ այլն: Տիգրան Հակոբյանը պարզաբանումներ է տվել եւ ներկայացրել հանձնաժողովի առավել արդյունավետ գործունեության իր տեսլականը, խոսել օրենսդրական լուծում պահանջող խնդիրների մասին:

Պատգամավորներն իրենց ելույթներում ընդգծել են, որ խոսքի ազատությունը, հեռուստատեսության եւ ռադիոյի անկախությունը ժողովրդավար հասարակության հիմնասյուներից են:

Խոսելով տեղեկատվական անվտանգությանը, տեսալսողական մեդիայի, ատելության խոսքի կարգավորմանը, մեդիագրագիտությանը, ժողովրդավարությանը, խոսքի ազատությանը, տեղեկատվության եւ քաղաքական կարծիքի բազմազանության ապահովմանն առնչվող խնդիրների մասին` պատգամավորները կարեւորել են լրագրողական անկախությունը, մեդիասեփականատերերի գործունեության թափանցիկությունը, մարդկանց անհատական պատասխանատվությունը, լրատվամիջոցների եւ լրագրողների մասնագիտական պատասխանատվությունը, հանրային վերահսկողությունը:

Անդրադառնալով ՀՌՀ-ի տեխնիկական վերազինման անհրաժեշտությանը, ֆինանսական անկախությանը, ծրագրերի բովանդակության պարբերական մշտադիտարկմանը` խորհրդարանականները հույս են հայտնել, որ նոր օրենսդրական փոփոխություններից հետո հանձնաժողովն, իրապես, ծավալուն աշխատանք կկատարի:

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը եզրափակիչ ելույթում անդրադարձել է պատգամավորների բարձրացած հարցադրումներին` տվել պարզաբանումներ:

Հաջորդիվ խորհրդարանը քննարկել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ պաշտոնում առաջարկել է Կամո Սարգսյանի  թեկնածությունը:

Կամո Սարգսյանը նախ երախտագիտություն է հայտնել ՀՀ վարչապետին` իր թեկնածությունն առաջադրելու համար, ապա անդրադարձել է հանձնաժողովում իր մեկ տարվա աշխատանքային գործունեությանը, ներկայացրել  հետագա անելիքները: Ընտրվելու պարագայում բանախոսը պատրաստակամություն է հայտնել օգտագործել մասնագիտական կարողությունները, փորձը եւ գիտելիքները` նպաստել ոլորտում գոյություն ունեցող բացերի ու խնդիրների լուծմանը:

Կամո Սարգսյանը պատասխանել է նաեւ պատգամավորների հարցերին:

Խորհրդարանը հարցի վերաբերյալ քննարկումը կշարունակի հունիսի 18-ի ԱԺ նիստում:

Օրվա վերջին նիստում «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն` Կառավարության անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին:


17.06.2020
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովի հետ
Հունիսի 16-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ եւ ՌԴ ԴԺ միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովի հետ:Զրույցի ընթացքում քննարկվել են միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությանը,...