National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
16.06.2020

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
16.06.2020
Խորհրդարանը քննարկել է ԱԺ պատգամավոր Գագիկ Կոլյայի Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն եւ ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրերը
1 / 26

ՀՀ Ազգային ժողովը հունիսի 16-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը` ձեւավորելով նիստերի օրակարգը:

Խորհրդարանը մերժել է ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ Միքայել Մելքումյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնություններն Ազգային ժողովի յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկելը: Նշենք, որ այս նախագծերին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական  եզրակացություն էր տվել:

Այնուհետեւ  խորհրդարանը քննարկել է «ԱԺ պատգամավոր Գագիկ Կոլյայի Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին» ՀՀ գլխավոր դատախազի  միջնորդագիրը:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը  նշել է, որ  պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, պաշտոնատար անձին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու, կաշառք ստանալու, կաշառք ստանալուն օժանդակելու դեպքերի առթիվ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված  քրեական գործի նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը, հանդիսանալով պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, անձնական շահագրգռվածությունից ելնելով, շինարարական աշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների  ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների  համաձայն, խոշոր եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դիմաց, 2019 թվականի ընթացքում նրանց օգտին կատարել է գործողություններ կամ նպաստել է ցանկալի որոշումների կայացմանը` կազմակերպելով բազմաբնակարան շենքերի, շինությունների կառուցապատման համար հրաժեշտ «ճարտարապետահատակագծային առաջադրանք» փաստաթղթերի անխոչընդոտ ստացման գործընթացը` դրան նպաստելու համար կապ հաստատելով Երեւանի քաղաքապետարանի իրավասու պաշտոնատար անձանց հետ, ինչպես նաեւ իր իրավասությունների մեջ մտնող անհրաժեշտ փաստաթղթերի առավել արագ ձեւակերպումը եւ անարգել տրամադրումը:

Նախաքննությամբ պարզվել է, որ շինարարական  ու կառուցապատման աշխատանքներ իրականացնող «Երեւան Շին» ՓԲ ընկերության խորհրդի նախագահը, նպատակադրվելով ստանալ «ՀՀ վաստակավոր շինարար» պատվավոր կոչումը, իր ընկերոջ հետ նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով` 2.379.950  ՀՀ դրամին համարժեք 5000 դոլար կաշառք է տվել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահին:

Հանցավոր ճանապարհով ձեռք բերված առարկաներ ու արժեքներ, ինչպես նաեւ այլ առարկաներ եւ փաստաթղթեր, որոնք կարող են նշանակություն ունենալ գործի համար, հայտնաբերելու նպատակով «Երեւան Շին» ՍՊԸ-ում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել եւ առգրավվել են «Հաշվետվություն» վերտառությամբ փաստաթղթեր` Գեղարքունիքի մարզի տարբեր ընտրատեղամասերում` 2017 թվականին կայացած ԱԺ ընտրությունների  ընթացքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կատարած նախընտրական միջոցառումների, դրանց ծախսերի` ներառյալ ընտրողներին ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ:

Գլխավոր դատախազը մանրամասն ներկայացրել է, թե որ ընտրատարածքում, ովքեր եւ ինչ չափով են ընտրակաշառք բաժանել բազմաթիվ ընտրողների: Նշվել է, որ գործի   վերաբերյալ առկա են մի շարք ցուցմունքներ, կան նաեւ ձերբակալված անձինք:

Ըստ միջնորդագրի`  ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նախորդող ժամանակահատվածում եւս քվեներ է ապահովել ընտրակաշառք բաժանելու միջոցով, ինչպես նաեւ Երեւանի ավագանու ընտրություններում կազմակերպվել են ընտրողների զանգվածային վերագրանցումներ:

Արթուր Դավթյանի խոսքով` քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար հիմք է տալիս ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանին վերոնշյալ գործով ներգրավելու որպես մեղադրյալ եւ մեղադրանք առաջադրելու ՀՀ ԱԺ 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցած «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի եւ դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալը կազմակերպելու համար` որպիսի արարքը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 38-154.2-րդ հոդվածի 2-րդ մասով:

Ամփոփելով ելույթը` ՀՀ գլխավոր դատախազը միջնորդել է խորհրդարանին` համաձայնություն տալ ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Կոլյայի Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն` վերջինիս որպես մեղադրյալ ներգրավելուն եւ մեղադրանք առաջադրելուն: Նշվել է, որ քրեական գործը հարուցվել է 2020 թվականի  փետրվարին:

Գլխավոր դատախազը պատասխանել է պատգամավորների հարցերին, տվել պարզաբանումներ:

Հարցադրումներ անելով` ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների մի խումբ պատգամավորներ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ միջնորդությունը համարել  են քաղաքական ճնշում: Պատգամավորները հետաքրքրվել են, թե ինչու է այժմ ներկայացվում միջնորդություն, եթե քրգործը հարուցվել էր ամիսներ առաջ, արդյո՞ք միայն այս կուսակցությունն է ընտրակաշառքներ բաժանել, եւ ինչպես է  պատահել, որ նախաքննության մաս կազմող տեղեկությունները հայտնվում են սոցիալական ցանցերում կամ լրատվամիջոցներում եւ այլն:  Ըստ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության որոշ անդամների  գնահատականների` գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությունն ապօրինի է` զուրկ հիմքերից:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն իր ելույթում դիմելով ժողովրդին` համոզմունք է հայտնել, որ այս գործընթացն սկսվել է հունիսի 5-ին, երբ կազմակերպվել էր իրենց կուսակցության քաղաքական խորհրդի նիստը եւ ներկայացվել իրավիճակը բոլոր ոլորտներում: Խմբակցության ղեկավարի գնահատմամբ` ծայրահեղ վիճակ է բոլոր ոլորտներում, տնտեսական ճգնաժամ է, համաճարակի դեմ իրականացվող գործողությունները ձախողված են, չկա քաղաքական կայունություն: Գագիկ Ծառուկյանն ընդգծել է, որ իր դեմ շինծու գործ է հարուցվում: Խմբակցության ղեկավարը վստահեցրել է, որ մինչեւ վերջ գնալու է, ճշմարտությունը լիարժեք ներկայացնելու է:

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներն իրենց ելույթներում անընդունելի են համարել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նման գործողությունները` համոզմունք հայտնելով, որ քաղաքական հետապնդում է իրականացվում ընդդիմադիր խմբակցության ղեկավարի նկատմամբ: Պատգամավորներն ընդգծել են, որ իրենց լռեցնել չի հաջողվելու, իրենք շարունակելու են պայքարը: Կարծիք է հնչել, որ սա ընդամենը հանրության ուշադրությունը տիրող իրավիճակից շեղելու անհաջող փորձ է, եւ ՀՀ գլխավոր դատախազի ապացույցները չունեն արժանահավատություն, բերված փաստերն իրականության հետ աղերս չունեն:

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անունից ելույթ է ունեցել խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Ըստ նրա` ԼՀԿ կողմից արված հայտարարության մեջ արձանագրվել է, որ գործի նկատմամբ կա քաղաքական հսկողություն: Էդմոն Մարուքյանը հետաքրքրվել է, թե ինչպես են նախաքննության գաղտնիք հանդիսացող նյութերը հայտնվել իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների տրամադրության տակ: Նշվել է, որ խմբակցությունը հետեւում է բոլոր գործընթացներին եւ թույլ չի տալու, որ Հայաստանը դառնա հետընթաց ապրող երկիր, ինչը, ըստ խմբակցության ղեկավարի, ամեն օր արձանագրվում է: Էդմոն Մարուքյանի տեղեկացմամբ` խմբակցությունը չի մասնակցելու քվեարկությանը:

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացրել է Նաիրա Զոհրաբյանը: Ըստ նրա` դատախազը որեւէ հիմք չի ներկայացրել, թե ինչու պետք է Գագիկ Ծառուկյանին ներկայացվի մեղադրանք: Նաիրա Զոհրաբյանի խոսքով` Արթուր Դավթյանի ներկայացրած փաստարկներն առոչինչ են: Պատգամավորը Գագիկ Ծառուկյանի հանդեպ կատարվող գործողությունները որակել է որպես քաղաքական հաշվեհարդար: Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ դատախազը Գագիկ Ծառուկյանի դեմ քաղաքական պատվեր է կատարում եւ խմբակցությունը Արթուր Դավթյանի նկատմամբ սկսելու է անվստահություն հայտնելու գործընթաց: ԲՀԿ-ն չի մասնակցելու քվեարկությանը:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անունից ելույթ է ունեցել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Նա պարզաբանումներ է ներկայացրել ընդդիմադիր պատգամավորների որոշ հարցադրումների վերաբերյալ: Ալեն Սիմոնյանը նշել է, որ այսօր հնարավորություն կա հասկանալու եւ քննելու, թե արդյոք ընտրությունների ընթացքում տեղի ունեցած ընտրակաշառքի հետ կապ ունեցել է դահլիճում նստած որեւիցե քաղաքական ուժի ներկայացուցիչ: ԱԺ փոխնախագահը տեղեկացրել է, որ խմբակցության պատգամավորները կքվեարկեն ելնելով իրենց խղճից եւ համոզմունքներից:

Արտահերթ ելույթով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Նա նշել է, որ թե՛ բարոյական, թե՛ հետեւանքների եւ թե՛ պետության համար հիմնաքարային լինելու առումով շատ ծանր արարք է մեղսագրվում մի մարդու, ով կուսակցության եւ խորհրդարանական խմբակցության ղեկավար է: Ըստ խորհրդարանի ղեկավարի` շատ հեշտ է ընկնել ծուղակը եւ քաղաքականացնել իրավական գործընթացը: Ուստի, Արարատ Միրզոյանն առաջարկում է տարանջատել հարցի քաղաքական եւ իրավական կոնտեքստները: ԱԺ նախագահը նշել է, որ Գագիկ Ծառուկյան քաղաքական գործչի, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» քաղաքական միավորման մասին թե՛ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները եւ թե՛ ինքը ունեն իրենց պատկերացումները, գնահատականները, որոնք ներկայացնելուց այս փուլում առնվազն պետք է զերծ մնան, որպեսզի որեւէ մեկնաբանություն եւ դիրքորոշման արտահայտում որեւէ պահի չմեկնաբանվի որպես քաղաքական ուղղորդում իրավական համակարգին կամ սրբորեն պահպանվող անմեղության կանխավարկածի ոտնահարում: Ըստ խորհրդարանի ղեկավարի` օրենքի առջեւ հավասար են բոլորը` անկախ այն հանգամանքից` կուսակցության եւ խմբակցության ղեկավար են, թե ոչ, գործարաններ ունեն, թե ոչ, ներդրումներ բերում են, թե ոչ: Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ հարցի վերաբերյալ վճիռ կայացնելը պետք է թողնել դատարաններին:

Եզրափակիչ ելույթում ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ գիտակցում է իր պատասխանատվությունը եւ նախաձեռնված գործընթացի նշանակությունը: Նա ընդգծել է, որ գործել եւ գործելու է օրենքի պահանջին համապատասխան: Արթուր Դավթյանի խոսքով` ներկայացված միջնորդությունը իրավական փաստաթուղթ է: Անդրադառնալով պատգամավորների ելույթներում հնչած նախաքննական նյութերի արտահոսքին` դատախազը վերահաստատել է, որ ցակացած ապօրինի արտահոսքի դեպքով կիրականացվի քրեական վարույթ եւ այդ մասին բոլորը տեղյակ կլինեն: Զեկուցողը հորդորել է պատգամավորներին համաձայնություն տալ ներկայացված միջնորդությանը, որը հնարավորություն կտա Գագիկ Ծառուկյանին համապատասխան դատավարական  կարգավիճակ տալով եւ նրան ներգրավվելով քրեադատավարական գործընթացի մեջ` իրականացնել օբյեկտիվ եւ բազմակողմանի նախաքննություն, որը, ըստ Արթուր Դավթյանի, կլինի առավելագույնս հրապարակային:

ՀՀ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը տեղեկացրել է, որ միջնորդագրի կապակցությամբ տեղի է ունեցել գաղտնի քվեարկություն, որին 132 պատգամավորից մասնակցել է 87-ը, որոնք կողմ են քվեարկել: Չի եղել անվավեր քվեաթերթիկ, ինչպես նաեւ դեմ չի քվեարկել ոչ ոք: Այսպիսով` քվեարկությանը մասնակցած  բոլոր  պատգամավորները կողմ են քվեարկել «Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Կոլյայի Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին» ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած   միջնորդագրին: Նշենք, որ քվեարկությանը չեն մասնակցել ՀՀ ԱԺ ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները:

Խորհրդարանը հաջորդիվ քննարկել է հարցին առնչվող մյուս` «Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Կոլյայի Ծառուկյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին» միջնորդագիրը:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, զերծ մնալով քրեական գործի դատավարական մանրամասներից, նշել է, որ Գագիկ Ծառուկյանը, հանդիսանալով «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի ղեկավար, եւ դրա կազմում ընդգրկված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, Ազգային ժողովի 2017 թվականի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին  իր ղեկավարությամբ գործող կուսակցությունների դաշինքի եւ ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալու նպատակով ընտրություններին նախորդող ժամանակահատվածում ստեղծել եւ ղեկավարել է  կազմակերպված խումբ, որում ընդգրկվել են «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կենտրոնական եւ  տարածքային մարմինների աշխատակիցներ եւ այլ անձինք: Խումբն զբաղվել է ընտրակաշառքներ բաժանելով. յուրաքանչյուր ընտրողի տրվել է  10.000-ական դրամ:

Նկատի ունենալով քրեական գործի բարդությունը,  ինչպես նաեւ այն, որ կարող է խոչընդոտվել դրա ամբողջական քննությունը, եւ առաջնորդվելով ՀՀ Սահմանադրության 96-րդ, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածներով, ինչպես նաեւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով` ՀՀ գլխավոր  դատախազը խորհրդարանին միջնորդել է տալ համաձայնություն` Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու եւ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար:

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրել է, որ այս ընթացքում կապ է հաստատել ԱԱԾ-ի ղեկավարության հետ եւ  Գագիկ Ծառուկյանին տեղեկացրել են իր ելույթի իրավունքի մասին: Փոխանցված տեղեկությունների համաձայն` Գագիկ Ծառուկյանը հրաժարվել է ելույթից:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը եզրափակիչ ելույթում հավաստիացրել է, որ դատավարական հարկադրանքի այս միջոցի կիրառման անհրաժեշտությունը պայմանավորված է բացառապես քրեական գործի անխոչընդոտ, անաչառ ու բազմակողմանի նախաքննության իրականացմամբ: Նա հավելել է, որ քրեական գործի նախաքննությունը կիրականացվի ողջ ծավալով, կապահովվի հրապարակայնություն, բոլորը կտեղեկացվեն գործի ընթացքի եւ արդյունքների մասին:

Կայացած գաղտնի քվեարկությունից հետո ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը տեղեկացրել է, որ միջնորդագրին կրկին կողմ է քվեարկել 87 պատգամավոր, դեմ քվեարկող պատգամավոր չի եղել: Հավելենք նաեւ, որ քվեարկությանը կրկին չեն մասնակցել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները:

Նշենք նաեւ, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն` պատգամավորները հանդես են եկել հայտարարություններով:


16.06.2020
Խորհրդարանն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը
Հունիսի 16-ին Ազգային ժողովը շարունակել է նախորդ օրը հրավիրած արտահերթ նիստի աշխատանքը: Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկվել է ՀՀ կառավարության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկում է ամբողջությամբ վերանայել շահ...

16.06.2020
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ հունիսի 16-ին հրավիրած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել նախորդ օրն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունված «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախ...

16.06.2020
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS