Տպել
15.06.2020
Քննարկվել են ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի կատարողականը, ՀՀ ԿԲ եւ ՀՀ հաշվեքննիչ պալատի տարեկան հաղորդումներն ու բանկային համակարգին, հաշվապահական հաշվառմանն առնչվող նախագծեր
1 / 6

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Մանե Թանդիլյանի նախագահությամբ հունիսի 15-ին հրավիրած նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյանի հեղինակած «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Հեղինակն առաջարկում է  Բանկի կանոնադրական հիմնադրամում փոքր մասնակցություն ունեցող մասնակիցների ներկայացուցչի առաջադրման, ընտրության եւ բանկի խորհրդում ընդգրկման, ինչպես նաեւ բանկի մասնակիցներին տեղեկատվության ներկայացման կարգը սահմանել կանոնադրությամբ: Բանկի խորհրդի անդամը կարող է միաժամանակ լինել այլ բանկի խորհրդի անդամ, եթե նա ունի բանկային կամ ապահովագրության կամ արժեթղթերի շուկայի ոլորտում առնվազն վեց տարվա մասնագիտական ստաժ: Նշվել է նաեւ, որ ներկա օրենսդրական կարգավորումներով թեեւ հնարավորություն է տրված բանկերի մասնակիցներին իրենց շահերը պաշտպանելու նպատակով բանկի խորհրդի կազմում ունենալ ներկայացուցիչներ, սակայն, երբեմն անհրաժեշտություն է առաջանում առավել ամբողջական եւ համակարգային մոտեցման, որի առկայությունը կարող են ապահովել բանկի խորհրդի որոշ անդամներ, ովքեր նշված գործառույթը հնարավորություն կունենան իրականացնել մեկից ավել բանկերում կամ վարկային կազմակերպություններում: Ըստ պատգամավորի` ներկայացված փոփոխությունները միտված են հնարավորություն ընձեռնելու բանկերի խորհուրդներին առավել բարձր կառավարման որակ ապահովելուն:

Հարակից զեկուցողներ ԱԺ պատգամավոր Եղիշե Սողոմոնյանն ու ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը կարեւորելով նախագծի ընդունումը` կոչ են արել կողմ քվեարկել: Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած  «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի հավաստմամբ` օրինագծով հստակ սաhմանվում  է ՀՀ ֆինանսների նախարարության պարտականությունը` իրականացնելու մշտադիտարկում հանրային հատվածի կազմակերպությունների կողմից հաշվապահական հաշվառման վարման եւ ֆինանսական հաշվետվությունների պատրաստման գործընթացի նկատմամբ եւ անհրաժեշտության դեպքում տրամադրելու մեթոդական ցուցումներ:

Նախատեսվում է նաեւ փոփոխել վերահսկող կազմակերպությունների կողմից համախմբված ֆինանսական հաշվետվությունների (միջանկյալ համախմբված ֆինանսական հաշվետվություններ) եւ ՀՀ` որպես մեկ միասնական միավորի, ֆինանսական հաշվետվությունների պատրաստման ժամկետները:

Նշվել է, որ նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման ամբողջական համակարգի ներդրումը:

Պատգամավորները հիմնականում կողմ են արտահայտվել: Նախագծին տրվել է դրական եզրակացություն:

Հանձնաժողովականները քննարկել են «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ 2016 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը տեղեկացրել է, որ ՀՀ եւ ԳԴՀ կառավարությունների միջեւ 2019թ. հոկտեմբերի 24-ին ստորագրվել է 2016թ. ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիրը, որով գերմանական կողմը հնարավորություն է տալիս ՀՀ կառավարությանը Վերականգնման վարկերի բանկից (KfW բանկ) ներգրավելու վարկային միջոցներ եւ  ֆինանսական օժանդակություն մի շարք ծրագրերի համար: Նշվել է, որ համաձայնագիրը շրջանակային է, ինչի ներքո հետագայում նախատեսվում է առանձին ֆինանսավորման կամ վարկային համաձայնագրերի ստորագրում` ըստ նախատեսված ծրագրերի:

Քննարկման արդյունքում հանձնաժողովը կողմ է քվեարկել:

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի ներկայացմամբ` հանձնաժողովականները քննարկել եւ հաստատել են «ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ԱԺ որոշման նախագիծը: Նախարարը փաստել է, որ 2019 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը եկամուտների գծով` 1,565,488,916.8 հազար դրամ, ծախսերի գծով` 1,629,436,862.4 հազար դրամ, բյուջեի դեֆիցիտը` 63,947,945.6 հազար դրամ: Նա շեշտադրել է, որ 2019թվականի բյուջեն բխում է Կառավարության ծրագրային հիմնադրույթներից եւ նպատակաուղղված է եղել մեր երկրի զարգացմանը:

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է նաեւ ՀՀ 2020թվականի պետական բյուջեի առաջին եռամսյակի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը:

ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը ներկայացրել է ՀՀ կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը: Հաշվետու ժամանակահատվածում պահպանվել է ցածր գնաճային միջավայր եւ Կենտրոնական բանկը շարունակել է խթանող դրամավարկային քաղաքականություն:
 
2019թվականին գնաճը ձեւավորվել է ծրագրված ցուցանիշից ավելի ցածր մակարդակում, որը հիմնականում պայմանավորվել է իրականացված առավել զսպողական հարկաբյուջետային քաղաքականությամբ եւ արտաքին աշխարհում սպասվածից թույլ պահանջարկով: Կենտրոնական բանկը շարունակել է վարել խթանող դրամավարկային քաղաքականություն, սակայն մշտապես նախապատվությունը տրվել է գնաճի' իր նպատակային ցուցանիշի շուրջ աստիճանական խարսխմանը: Հարկ է նշել, որ 2019 թվականի սկզբից որոշ ապրանքախմբերի մաքսային դրույքաչափերի փոփոխության գնաճային ազդեցությունը, ինչպես եւ գնահատվում էր, կազմել է շուրջ 0.3 տոկոսային կետ, որը հիմնականում պայմանավորված էր թռչնամսի գնի աճով: Ինչ վերաբերում է ակցիզային հարկի դրույքաչափերի փոփոխության արդյունքում ծխախոտային արտադրատեսակների եւ ալկոհոլային խմիչքի գների փոփոխությանը, ապա ընդհանուր գնաճի վրա փաստացի ազդեցությունը կազմել է 0.2 տոկոսային կետ: Տնտեսական աճին մեծապես նպաստել է ներքին պահանջարկի աճը ` պայմանավորված հիմնականում մասնավոր սպառման բարձր աճով, որը կազմել է 13.3%:

ԿԲ նախագահն անդրադարձել է նաեւ ներմուծման ու արտահանման ծավալներին, տնտեսության ոլորտի տարբեր խնդիրներին, ինչպես նաեւ կորոնավիրուսի հետ կապված ընթացիկ տարվա առաջին եռամսյակի ցուցանիշներին:

Քննարկվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի 2019 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը: Պալատի նախագահ Լեւոն Յոլյանը տեղեկացրել է, որ հաշվետու տարում նախատեսված 32 հաշվեքննությունից 25 ավարտվել է, մեկը` կասեցվել, 6-ն օրենքի ուժով տեղափոխվել է 2020թվական: 2019թվականին հաշվեքննության շրջանակը ներառել է սոցիալական ապահովության, գիտության, կրթության եւ մշակույթի, առողջապահության, էներգետիկայի, պաշտպանության եւ անվտանգության, պետական պարտքի, էկոնոմիկայի, ենթակառուցվածքների եւ այլ ոլորտներ: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության կողմից իրականացվող Հյուսիս-հարավ ծրագրի հաշվեքննության կասեցման համար հիմք է հանդիսացել հաշվեքննության արդյունքի վրա էական ազդեցություն ունեցող առանձին տեղեկությունների ճշտման անհրաժեշտությունը:

Տարեկան եւ եռամսյակային հաշվետվություններն ընդունվել են ի գիտություն:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել Կառավարության հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ կից նախագծերի փաթեթը, որով փորձ է արվում նորովի կարգավորել լիզինգատուի եւ լիզինգառուի հետ կապված իրավահարաբերությունները: Ըստ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանի` առաջին ընթերցումից հետո փաթեթում կատարվել են տեխնիկական շտկումներ:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...