Տպել
11.06.2020
ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի կատարողականի վերաբերյալ քննարկումները խորհրդարանում շարունակվել են
1 / 8

Հունիսի 11-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը նախագահել են Միքայել Մելքումյանը եւ Մանե Թանդիլյանը: Քննարկվել են մեր երկրի ինտեգրման գործընթացներին վերաբերող կատարողականն ու ծրագրային միջոցառումները:

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացրել է, որ 2019 թվականին ԵԱՏՄ-ն անդամակցության համար պետական բյուջեից գումար հատկացված չի եղել, իսկ ԵԱՏՄ ընդհանուր սահմանի մաքսատուրքերից ՀՀ պետական բյուջե հաշվետու տարում լրացուցիչ մուտքագրվել է 12 մլրդ դրամ: Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացրել է, որ ԵԱՏՄ շրջանակում գործընկերների հետ տեղի են ունեցել տարատեսակ քննարկումներ, որոնք վերաբերել են հարկաբյուջետային կանոնների կիրառությանը: Նա նշել է, որ քննարկումներն ընթացքի մեջ են:

ՀՀ փոխվարչապետ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամ Մհեր Գրիգորյանն էլ հայտնել է, որ 2019 թվականին ԵԱՏՄ-ում նախագահել է Հայաստանը, իսկ հաշվետու տարին էլ անցել է հագեցած օրակարգով: Փոխվարչապետը նշել է այն աշխատանքները, որոնք հաջողությամբ են պսակվել:

Մասնավորապես` հաջողվել է մաքսատուրքի բաղդատման գործակիցը Հայաստանի համար սահմանել 1,22 տոկոս, ինչի արդյունքում ԵԱՏՄ բյուջեից մեր երկրի պետական բյուջե լրացուցիչ մուտքագրվել է 12 մլրդ դրամ գումար: Ըստ նրա` 1,22 տոկոս մաքսատուրքի վերաբերյալ որոշումն առաջիկա 10 տարիներին Հայաստանի համար դրական սալտո է ապահովելու: Փոխվարչապետը դրական ձեռքբերում է համարել նաեւ անցած դեկտեմբերին կայացված որոշումը, որի արդյունքում երրորդ երկրներից ներկրվող շուրջ 640 միավոր ապրանքներ Հայաստանն արտոնյալ մաքսատուրքով է ներմուծում: Դրանք հիմնականում սնունդ եւ դեղորայք են:

Մհեր Գրիգորյանի տեղեկացմամբ` հաջողվել է նաեւ Վրաստանում եւ սահմանին կուտակված ավտոմեքենաների Հայաստան ներմուծման հարցը կարգավորել: Նշվել է, որ ավտոմեքենաները մաքսազերծվել են 2019 թվականին գործող սակագնով: Արդյունավետ աշխատանքներ են տարվել` կապված ԵԱՏՄ հնգամյա ռազմավարության հետ եւ այլն:

ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը ներկայացրել է ԵԱՏՄ անդամակցության շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատանքը` անդրադառնալով մի շարք համաձայնագրերի կնքման աշխատանքներին:

Նախարարության երկրորդ ուղղությունը ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալ ցանկացող երկրների վերաբերյալ դիրքորոշում տալն է: Շավարշ Քոչարյանը հայտնել է, որ ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ այսօր ունի միայն Մոլդովան, նման կարգավիճակ ստանալու համար դիմել են Կուբան եւ Ուզբեկստանը:

Փոխնախարարը պարզաբանել է, որ դիտորդի կարգավիճակ ստանալու համար դիմող երկրներն ստանձնում են որոշակի պարտավորություններ, որոնց շնորհիվ չեն կարող կատարել քայլեր` ի վնաս ԵԱՏՄ անդամ երկրների շահերի:

Բանախոսներին ուղղվել են հարցեր, որոնց տրվել են պարզաբանումներ:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...