Տպել
11.06.2020
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 7

Հունիսի 11-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ կայացել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություններ են ստացել Կառավարության հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում» լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն ու «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Օրենքների նախագծերի վերաբերյալ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում գրավոր առաջարկներ չեն ներկայացվել:

ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Դավիթ Սողոմոնյանի ներկայացմամբ հանձնաժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է ՀՀ կառավարության հեղինակած «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցողի տեղեկացմամբ` փոփոխությունները պայմանավորված են ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N 650-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով, այն է՝ առցանց, ինքնաշխատ, անթուղթ անշարժ գույքի կադաստրի ներդրում, որն էլ ենթադրում է օրենսդրական դաշտի կարգավորում, որի արդյունքում կիրականացվեն իրավունքների գրանցման ու տեղեկատվության տրամադրման բարեփոխումներ գրանցման, տարածական տվյալների ոլորտներում:

Նշվել է, որ օրենքի ընդունմամբ հնարավորություն է տրվելու պետական ռեգիստրի ղեկավարին ընդունելու պետական գրանցման կամ տեղեկատվության տրամադրման կազմակերպման նպատակով պետական գրանցման, տեղեկատվության տրամադրման փաստաթղթաշրջանառության, ինչպես նաեւ անշարժ գույքի գործարքներում ստորագրությունների իսկության ճանաչման գործավարության, այդ թվում` պայմանագրերում տեղ գտած սխալների ուղղման առանձնահատկությունները կարգավորող ներքին իրավական ակտեր: Ընդլայնվելու է սահմանափակված մատչելիությամբ տեղեկատվություն ստացող անձանց շրջանակը: Նախատեսվում է կարգավորել եւ հստակեցնել նաեւ ամուսինների համատեղ կյանքի ընթացքում ձեռքբերված գույքային հարաբերություններին առնչվող հարցերը:

Բանախոսն ընդգծել է, որ նախագծի ընդունմամբ իրավական կարգավորում կստանան անշարժ գույքի պետական միասնական կադաստրի կազմից տեղեկատվության էլեկտրոնային, ինչպես նաեւ ինքնաշխատ եղանակով տրամադրման կարգը, ժամկետները, մերժման հիմքերը, վճարները, ինչն էլ ավելի կդյուրացնի տեղեկատվություն հայցողների գործողությունները, կկրճատի ժամանակը:

Հանձնաժողովում պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո հարցի վերաբերյալ կազմակերպել աշխատանքային քննարկումներ:

Օրինագիծն արժանացել է հանձնաժողովի հավանությանը:

ՀՀ ԱԺ պատգամավորներ Նազելի Բաղդասարյանի ու Աննա Կարապետյանի հեղինակած «Առեւտրային արբիտրաժի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը քննարկվել է առաջին ընթերցմամբ:

Հիմնական զեկուցող ՀՀ ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը տեղեկացրել է, որ առաջարկվում է օրենքի 16-րդ հոդվածը լրացնել նոր բովանդակությամբ` 4-րդ մասով. Արբիտրաժային տրիբունալի կողմից քննության եւ լուծման ենթակա չեն այն վեճերը, որոնցում որպես կողմ հանդես է գալիս տվյալ արբիտրաժային տրիբունալի հիմնադիրը կամ նրա հետ փոխկապակցված անձը (արբիտրաժային տրիբունալի հիմնադրի հետ փոխկապակցված են համարվում արբիտրաժային տրիբունալի հիմնադիր իրավաբանական կամ ֆիզիկական անձի կողմից հիմնադրված իրավաբանական անձը, արբիտրաժային տրիբունալի հիմնադիր իրավաբանական անձի մասնակիցը, հիմնադիրը, բաժնետերը կամ անդամը, արբիտրաժային տրիբունալի հիմնադիր ֆիզիկական անձի ամուսինը, հիմնադիր ֆիզիկական անձի կամ նրա ամուսնու զավակը (այդ թվում` որդեգրված), ծնողը (այդ թվում` որդեգրողը), քույրը, եղբայրը, պապը, տատը, թոռը, մորաքույրը, հորաքույրը, հորեղբայրը, մորեղբայրը, քրոջ, եղբոր զավակները, հիմնադիր ֆիզիկական անձի մորաքրոջ, հորաքրոջ, հորեղբոր, մորեղբոր զավակները, քրոջ, եղբոր զավակի ամուսինը, ինչպես նաեւ փոխկապակցված իրավաբանական կամ ֆիզիկական անձի կողմից հիմնադրված կամ նրան ամբողջությամբ կամ մասամբ պատկանող իրավաբանական անձը):

Բանախոսը նշել է, որ ընդունելի է Կառավարության ներկայացրած բոլոր բանավոր առաջարկները, իսկ համապատասխան փոփոխություններն օրինագծում կկատարվեն առաջին ըներցմամբ ընդունվելուց հետո:

Օրինագծին տրվել է դրական եզրակացություն:

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանի ներկայացմամբ` քննարկվել է Կառավարության հեղինակած «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նշվել է, որ ներկայումս, ի տարբերություն վարչական եւ քրեական դատավարությունների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսվել է վճռաբեկ բողոքների գրավոր ընթացակարգով քննության հնարավորություն, ինչը ուղղված է ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի ապահովմանը եւ դատական ռեսուրսների խնայողությանը: Առաջարկվում է վերոնշյալ օրենքներում կատարել համապատասխան փոփոխություններ եւ հնարավորություն ընձեռել ՀՀ վարչական դատավարությունում որպես ընդհանուր կանոն նախատեսել վարույթ ընդունված վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

Փոխնախարարի խոսքով` վճռաբեկ բողոքների գրավոր ընթացակարգով քննության հնարավորություն նախատեսելը պայմանավորված է Վճռաբեկ դատարանի գործառույթների առանձնահատկություններով եւ նպատակ ունի, մասնավորապես, թեթեւացնելու դատարանի ծանրաբեռնվածությունը` կոչված լինելով նպաստելու արդարադատության արդյունավետության բարձրացմանը` այդ թվում ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի ապահովմանը եւ դատական ռեսուրսների խնայողությանը:

Օրինագծի վերաբերյալ դրական կարծիք են հայտնել դատական իշխանության ներկայացուցիչները: Նրանք շնորհակալություն են հայտնել Կառավարության ներկայացուցչին նման նախաձեռնության համար:

Օրենքի նախագիծն արժանացել է հանձնաժողովի հավանությանը: Առաջարկվել է օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո` 24 ժամվա ընթացքում:

ՀՀ ԱԺ պատգամավորներ Արթուր Դավթյանի եւ Աննա Կարապետյանի հեղինակած «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է առաջին ատյանի յուրաքանչյուր դատավորի օգնականների թիվը դարձնել երկու՝ այսպիսով հնարավորություն ընձեռել մեղմել դատավորների ծանրաբեռնվածությունը:

Հիմնական զեկուցող ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Դավթյանը նշել է, որ Առաջին ատյանի դատարանի դատավորի աշխատակազմը մեկ օգնականով լրացնելու գաղափարը միտված է առաջին ատյանի դատարանների դատավորների ծանրաբեռնվածությունը հնարավորինս թեթեւացնելուն, նոր աշխատատեղեր ստեղծելուն: Այն իր հերթին հնարավորություն կընձեռի առաջին ատյանի դատավորի օգնականի հաստիքի համար նախատեսված պահանջները բավարարող իրավաբաններին դիմել սահմանված հաստիքի համար:

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը համամիտ է, որ դատարաններն աշխատում են գերծանրաբեռնված, սակայն վստահ չէ, որ մեկ օգնականի հաստիքի ավելացմամբ ծանրաբեռնվածությունը կթեթեւանա: Ըստ նրա` անհրաժեշտ է խնդրի համակարգային լուծում: Ուստի, փոխնախարարն առաջարկել է այս փուլում ձեռնպահ մնալ նման փոփոխությունից:

ՀՀ ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն առաջարկել է Վերաքննիչ դատարանների օգնականի թիվը եւս դարձնել երկու:

ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանն առաջարկել է ավելացնել երկու օգնականից առաջ «մինչեւ» բառը:

Հնչեցված առաջարկների հիման վրա օրինագիծը լրամշակելու համար քվեարկությունը հետաձգվել է:

ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանի, Նիկոլայ Բաղդասարյանի հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկվել է առաջին ընթերցմամբ:

Հիմնական զեկուցող Նիկոլայ Բաղդասարյանը նշել է, որ նախագծով առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքի 3323 -րդ հոդվածի 1-ին մասը ենթարկել այնպիսի փոփոխության, որով այս հանցակազմի սուբյեկտ պաշտոնատար անձից բացի կհամարվի ցանկացած այլ այնպիսի անձ, ով խոչընդոտել է փաստաբանի օրինական գործունեությունը:

Բացի այդ, առաջարկվում է 3323 -րդ հոդվածով պաշտոնատար անձի կողմից փաստաբանի կամ նոտարի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու համար նախատեսված պատժաչափը համապատասխանեցնել ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ եւ 319-րդ հոդվածներին` խստացնելով փաստաբանի գործունեությանը խոչընդոտելու համար նախատեսված սանկցիան:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը նշել է, որ նախագծով առաջարկվող իրավակարգավորումներից բխում է, որ փաստաբանի կողմից իրականացվող ցանկացած գործունեությանը ցանկացած սուբյեկտի կողմից խոչընդոտելը հանգեցնելու է քրեական պատասխանատվության, ինչը Կառավարության համար ընդունելի չէ: Փոխնախարարը տեղեկացրել է, որ քրեորեն պատժելի պետք է լինի միայն կոնկրետ գործով արդարադատության իրականացման գործընթացում փաստաբանի գործունեությանը խոչընդոտելը, այսինքն՝ կոնկրետ գործի քննությանը խոչընդոտելու նպատակով փաստաբանի գործունեությանը միջամտելը:

Փոխնախարարն ընդգծել է, որ ներկայացված կարգավորումները կարող են ընդունելի լինել միայն Կառավարության կողմից ներկայացված վերոնշյալ նկատառումները հաշվի առնելու դեպքում:

Հիմնական զեկուցողը նշել է, որ ընդունվել են Կառավարության ներկայացրած բոլոր առաջարկները, որոնց արդյունքում օրինագիծը լրամշակվել է:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին:

Հեղինակի առաջարկով մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվել է «ՀՀ քրեական օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը:

ՀՀ ԱԺ պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի, Սերգեյ Ատոմյանի հեղինակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծով առաջարկվում է ծանուցումները կատարել նաեւ էլեկտրոնային եղանակով:

Հիմնական զեկուցող Նիկոլայ Բաղդասարյանը տեղեկացրել է, որ ծանուցման էլեկտրոնային եղանակը՝ որպես թղթային ծանուցագրի այլընտրանք, նախատեսված է էստոնիայի, Մոլդովայի, Ուկրաինայի, Լեհաստանի, Լատվիայի քրեադատավարական օրենսդրությամբ: Ընդգծվել է, որ էլեկտրոնային հաղորդակցության ցանցի միջոցով ծանուցման եղանակի ներմուծումը կնպաստի քննչական գործողությունների կամ դատական նիստերի մասին դատավարության մասնակիցների տեղեկատվական ապահովմանը՝ դարձնելով այն հանրային զարգացմանը համընթաց, ավելի հասանելի, օպերատիվ եւ հարմարավետ՝ խուսափելով թղթային եղանակով ծանուցման համար ծախսվող ժամանակի, ռեսուրսների եւ գումարի վատնումից:

Պատգամավորներն իրենց խոսքում ընդգծել են, որ օրինագծի գաղափարն ընդունելի է, սակայն առկա են տեխնիկական եւ բովանդակային խնդիրներ:

ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը տեղեկացրել է, որ օրինագծի վերաբերյալ քննարկումներ է ունեցել բոլոր շահագրգիռ գերատեսչությունների հետ եւ իր համար ընդունելի են հնչեցված առաջարկները:

Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

Առաջին ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Մխիթար Հայրապետյանի, Արուսյակ Ջուլհակյանի, Սարգիս Խանդանյանի, Արսեն Ջուլֆալակյանի, Թագուհի Ղազարյանի, խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագիծը: Ըստ հիմնական զեկուցող Վլադիմիր Վարդանյանի` օրինագիծը նախաձեռնելու ու կյանքի կոչելու առաջին պատճառը` ՀՀ ստանձնած միջազգային իրավական պարատավորություններն են, մասնավորապես «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիայի համաձայն` պատժելի են ոչ միայն ցեղասպանությունը, այլ նաեւ մի շարք այլ արարքներ` ներառյալ ցեղասպանություն հանցագործության ուղղակի եւ հրապարակային հրահրումը:

Հեղինակներն առաջարկում են քրեականացնել ցեղասպանության ուղղակի եւ հրապարակային հրահրումը եւ օրենսգիրքը լրացնել նոր 393.1-ին հոդվածով` «Ցեղասպանության ուղղակի եւ հրապարակային հրահրումը» վերտառությամբ:

Նախագծով ցեղասպանության ուղղակի եւ հրապարակային հրահրումը կպատժվի ազատազրկմամբ` ութից տասը տարի ժամկետով: Վլադիմիր Վարդանյանի խոսքով` նույն արարքը, որը կատարվել է զանգվածային լրատվության միջոցներով կամ համակարգչային համակարգի միջոցով կամ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կպատժվի ազատազրկմամբ` տասից տասնչորս տարի ժամկետով: Վերոնշյալ հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից կամ պաշտոնեական դիրքն օգտագործելով` կպատժվի ազատազրկմամբ տասնչորսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ:

Վլադիմիր Վարդանյանն ընդգծել է, որ նախաձեռնությունը չի վերաբերում ՀՀ տարածքում կատարված ցեղասպանության ուղղակի եւ հրապարակային հրարհրման դեպքերին: ՀՀ տարածքում պատժի ենթակա կլինի այն անձը, ով ցանկացած այլ երկրում կատարել է համանման հանցագործություն:

Հարակից զեկուցող պատգամավոր Նազելի Բաղդասարյանը եւ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը ողջունել են նախաձեռնությունը: Օրինագծի վերաբերյալ ՀՀ կառավարությունը չի ներկայացրել որեւէ առաջարկ:

Առաջին ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել նաեւ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արթուր Դավթյանի, Վլադիմիր Վարդանյանի, Աննա Կարապետյանի հեղինակած «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որի ընդունմամբ ակնկալվում է վարչական դատավարության մասնակիցների համար պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով ապահովել վարչական գործերով պետական տուրքերի առցանց վճարման հնարավորություն, իսկ պետական տուրքի վճարումը հավաստելու համար դատարան հնարավոր կլինի ներկայացնել վճարահաշվարկային կազմակերպության կողմից տրամադրված համապատասխան ծածկագիրը, ինչպես ներկայում արդեն իսկ կատարվում է քաղաքացիական գործերով:

Նախաձեռնության վերաբերյալ Կառավարության դիրքորոշումը եղել է դրական:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել ՀՀ կառավարության հեղինակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

Մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի, Վիկտոր Ենգիբարյանի հեղինակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծի քննարկումը:


11.06.2020
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել ԻԻՀ Մեջլիսի նախագահ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆին
«Ձերդ գերազանցություն, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահի բարձր եւ պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ մաղթում հաջողություններ Ձեր առաքելության իրականացման գործում: Մեծ ավանդ ունենալո...

11.06.2020
ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի կատարողականի վերաբերյալ քննարկումները խորհրդարանում շարունակվել են
Հունիսի 11-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը նախագահել են Միքայել Մելքումյանը եւ Մանե Թանդիլյանը: Քննարկվել են մեր երկրի ինտեգրման գործընթացներին վերաբերող կատարողականն ու ծրագր...

11.06.2020
Ամփոփվել են քննիչ հանձնաժողովի աշխատանքները
ՀՀ ԱԺ մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված եւ նրանց կողմից ընդունված ֆինանսական եւ այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը եւ արժանահավատությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը հունիսի 11-ի նի...

11.06.2020
Հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է եվրոպական ինտեգրման գծով եկամուտների եւ ծախսերի կատարողականը
Հունիսի 11-ին ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում  Արման Եղոյանի եւ Մանե Թանդիլյանի նախագահությամբ շարունակվել են բյուջետային քննարկումները: Պատգամավորներն անդրադարձել են «ՀՀ 2019թ. պետական բյուջեի կատար...

11.06.2020
Բյուջետային քննարկումների առանցքում ՀՀ արտաքին գործերի նախարարության, միջազգային կազմակերպություններին անդամակցելու վճարումների եւ սփյուռքի հարցերի գծով եկամուտների եւ ծախսերի կատարողականն էր
Հունիսի 11-ին ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Ռուբեն Ռուբինյանի եւ Մանե Թանդիլյանի նախագահությամբ շարունակվել են «ՀՀ 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները, որոնց առանցք...

11.06.2020
Բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակում
ՀՀ Ազգային ժողովի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ:...

11.06.2020
Բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակում
ՀՀ Ազային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից: ...

11.06.2020
Կկայանա ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի շարունակությունը
ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների՝ հունիսի 9-ին կայացած եւ չավարտված համատեղ նիստի շարունակությունը կկայանա հունիսի 12-ին՝ ժամը 09:00-ին, 334 սենյակում՝ հետեւյալ օրակարգով: ...

11.06.2020
Բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակում
ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային եւ բյուջետայինհարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից հղմամբ: ...

11.06.2020
Քննիչ հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված եւ նրանց կողմից ընդունված ֆինանսական եւ այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը եւ արժանահավատությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի՝ ժամը 11:00-ին ...

11.06.2020
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 10:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից:...