National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.03.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
10.06.2020
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել են «ՀՀ 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները
1 / 10

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հունիսի 10-ին Վարազդատ Կարապետյանի եւ Մանե Թանդիլյանի նախագահությամբ քննարկվել է «ՀՀ 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը, որը վերաբերում էր տարածքային կառավարման մարմինների, համայնքների դոտացիաների, գյուղատնտեսության ու շրջակա միջավայրի ոլորտների կատարողականներին:

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ մեր պատմության մեջ առաջին անգամ 2019-ին պետական բյուջեն հաստատվել է ծրագրային ձեւաչափով, ինչը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր ծրագրի համար ունենալու հստակ պատասխանատու: Նախարարը նաեւ ներկայացրել է վերոնշյալ ոլորտների ֆինանսական հատկացումներն ու դրանց կատարողականները:

Ըստ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի` Տարածքային զարգացման ծրագրի շրջանակում օգտագործվել է նախատեսված միջոցների 90.3%-ը` կազմելով շուրջ 60.3 մլրդ դրամ: Ենթակառուցվածքների զարգացման նպատակով օգտագործվել է ՀՀ մարզերին հատկացված սուբվենցիաների 65.9%-ը` 6.4 մլրդ դրամ:

ՀՀ 502 համայնքներին նախատեսված ֆինանսական աջակցությունը` ֆինանսական համահարթեցման սկզբունքով համայնքներին տրամադրվող դոտացիաները, ամբողջությամբ ֆինանսավորվել են` կազմելով շուրջ 51.1 մլրդ դրամ: Սահմանամերձ համայնքներին հաշվետու տարում տրամադրվել է 731.3 մլն դրամի պետական աջակցություն` կազմելով նախատեսված միջոցների 78.7%-ը: Գումարը տրամադրվել է Արարատի, Գեղարքունիքի, Տավուշի եւ Վայոց ձորի մարզերի 16 համայնքներին եւ 38 բնակավայրերին: Ֆրանսիայի Հանրապետության կառավարության աջակցությամբ իրականացվող Վեդու ջրամբարի կառուցման ծրագրի շրջանակներում օգտագործվել է 2.9 մլրդ դրամ կամ նախատեսված միջոցների 70.7%-ը:

Եվրասիական զարգացման բանկի  աջակցությամբ իրականացվող ոռոգման համակարգերի զարգացման ծրագրի շրջանակում ջրային տնտեսության ենթակառուցվածքների հիմնանորոգման նպատակով օգտագործվել է 1.6 մլրդ դրամ կամ ծրագրված միջոցների 77.3%-ը: Շուրջ 2 մլրդ դրամ է հատկացվել Որոտան-Արփա-Սեւան թունելի ջրային համակարգի կառավարման համար, որն օգտագործվել է ամբողջ ծավալով:

1.4 մլրդ դրամ է տրամադրվել խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման ծառայությունների սուբսիդավորմանը` ապահովելով 100% կատարողական: 3.3 մլրդ դրամ ֆինանսական աջակցություն է տրամադրվել` խմելու ջուր մատակարարող ընկերությունների առողջացման նպատակով:

Մարզային նշանակության ավտոճանապարհների պահպանման եւ անվտանգ երթեւեկության ծառայությունների համար հատկացված միջոցներն օգտագործվել են 96.6%-ով` կազմելով շուրջ 1.3 մլրդ դրամ: 2019 թվականի ընթացքում կատարվել են 1235.9 կմ երկարությամբ ընթացիկ ամառային եւ 2303 կմ ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքներ:

Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) աջակցությամբ իրականացվող Հյուսիս-հարավ միջանցքի զարգացման վարկային եւ դրամաշնորհային ծրագրերի (Տրանշ 3) շրջանակում օգտագործվել է համապատասխանաբար 795.7 մլն դրամ (37.4%) եւ 794.3 մլն դրամ (41.4%): Ծրագրի շրջանակում իրականացվում է Լանջիկ-Գյումրի շուրջ 27.5 կմ ճանապարհահատվածի կառուցումը:

Քաղաքային զարգացման ծրագրի ծախսերի կատարողականը կազմել է 67.3% կամ 19.4 մլրդ դրամ: Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող քաղաքային ենթակառուցվածքների եւ քաղաքի կայուն զարգացման ներդրումային երկրորդ ծրագրի շրջանակներում օգտագործվել է նախատեսված միջոցների 72.8%-ը` 6.8 մլրդ դրամ:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանը նշել է, որ հաշվետու տարում ոլորտում աշխատանքները նպատակաուղղված են եղել Կառավարության  նախորդ տարվա ծրագրի հիմնական ուղղությունների եւ գործունեության հնգամյա ծրագրով նախատեսված 27 միջոցառումների կատարման ապահովմանը:

2019 թվականի ընթացքում կատարվել են պետական բյուջեի 6 ծրագրեր, որոնց գծով ծախսերը կազմել են շուրջ 5.6 մլրդ դրամ կամ նախատեսվածի 76.1%-ը: Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ մոնիթորինգի ծրագրին ուղղվել է 385.9 մլն դրամ` 96.2%-ով ապահովելով ծրագրված ցուցանիշը: Հաշվետու տարում տրամադրվել է նախատեսվող գործունեությունների եւ հիմնադրույթային փաստաթղթերի նախնական գնահատման հայտերի եւ գնահատման հաշվետվությունների 119 փորձագիտական եզրակացություն: 317.2 մլն դրամ ուղղվել է շրջակա միջավայրի մոնիթորինգի եւ տեղեկատվության ապահովմանը` կազմելով ծրագրային ցուցանիշի 99.5%-ը: Միջոցառման շրջանակում 43 գետում` 103 դիտակետից, 6 ջրամբարում` 6 դիտակետից եւ Սեւանա լճում` 19 դիտակետից իրականացվել է մակերեւութային ջրային օբյեկտների որակի մոնիթորինգ, 11 քաղաքներում` մթնոլորտային օդի որակի մոնիթորինգ, 6 ջրավազանային կառավարման տարածքի 100 ստորերկրյա ջրաղբյուրներում` ստորերկրյա քաղցրահամ ջրերի քանակական դիտարկումներ եւ թափոնների հաշվառում, դասակարգում եւ վերլուծություն: Շուրջ 1.2 մլրդ դրամ է օգտագործվել:

Համայնքներում բնապահպանական ծրագրերի իրականացման շրջանակում 8 համայնքների տրամադրվել են 149.5 մլն դրամ սուբվենցիաներ` կազմելով նախատեսված ցուցանիշի 83.7%-ը, որը պայմանավորված է համայնքների կողմից ներկայացված կատարողականներով: Նշված գումարից 111.5 մլն դրամը կազմել են կապիտալ սուբվենցիաները, 38 մլն դրամը` ընթացիկ սուբվենցիաները: Բնական պաշարների եւ բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման եւ պահպանման ծրագրի շրջանակում 2019 թվականի ընթացքում օգտագործվել է նախատեսված միջոցների 55.9%-ը` ավելի քան 1.7 մլրդ դրամ: Շուրջ 1.8 մլրդ դրամ է օգտագործվել Անտառների կառավարման ծրագրի շրջանակում` ապահովելով ծրագրված ցուցանիշի 86.5%-ը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի հավաստմամբ` 2019-ին գյուղատնտեսության ոլորտին հատկացվել է 12,8 մլրդ դրամ, իրականացվել է 8 ծրագիր, որը ներառել է 51 միջոցառում: Գյուղատնտեսության խթանման ծրագրին ուղղվել է 3.1 մլրդ դրամ` ապահովելով 86.5% կատարողական: Ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության նպատակով նախատեսված 250 մլն դրամի դիմաց օգտագործվել է 302.6 հազար դրամ (0.1%-ը): Միջոցառման շրջանակներում նախատեսված 4500 շահառուի փոխարեն ապահովագրական պայմանագիր է կնքվել ընդամենը 5 շահառուի հետ:

Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման նպատակով օգտագործվել է նախատեսված միջոցների 61.3%-ը` կազմելով 367 մլն դրամ: Գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման համար հատկացվել է շուրջ 2.3 մլրդ դրամ, որն ամբողջությամբ օգտագործվել է: Միջոցառման շրջանակում նախատեսված 8380 միավոր վարկի փոխարեն տրամադրվել է 8841 միավոր վարկ:

Անասնաբուժական ծառայությունների ծրագրի շրջանակներում օգտագործվել է շուրջ 1.6 մլրդ դրամ կամ նախատեսված միջոցների 95.9%ը: Բնագավառի արդիականացման ծրագրի ծախսերը կազմել են ավելի քան 868.4 մլն դրամ կամ ծրագրված ցուցանիշի 62.4%-ը: Ծրագրի շրջանակներում իրականացվել են 13 միջոցառումներ: Նշվել է նաեւ, որ 2 ծրագիր իրականացվել են արտաքին աջակցության շնորհիվ:

Երեւանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը տեղեկացրել է, որ 2019-ին մայրաքաղաքին հատկացվել է 75 մլրդ. 30 մլն դրամ, ճշտված կատարողականը կազմել է 86 տոկոս:

Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող քաղաքային ենթակառուցվածքների եւ քաղաքի կայուն զարգացման ներդրումային երկրորդ ծրագրի շրջանակում օգտագործվել է նախատեսված միջոցների 72.8%-ը` 6.8 մլրդ դրամ: Ծրագրի շրջանակներում կատարվում են Բաբաջանյան–Աշտարակ եւ Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի հանգույցների կառուցման աշխատանքներ: Մայրաքաղաքի փողոցների արտաքին լուսավորության ծառայությունների շրջանակում ապահովվել է 1673 կմ երկարությամբ փողոցների եւ 2570 օբյեկտների արտաքին լուսավորությունը: Երեւանի փողոցների ճանապարհաշինարարական աշխատանքների շրջանակում վերանորոգվել են 815 կմ երկարությամբ 550 փողոց, 789 մայթ, բակային եւ միջբակային տարածքներ, ճաքալցվել է 70 փողոց:

Հանրապետության մարզպետները ներկայացրել են մարզերի եւ համայնքների 2019թ-ի կատարողականները, պատասխանել պատգամավորների բազմաբնույթ հարցերին, տվել պարզաբանումներ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am