Տպել
10.06.2020
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 8

Հունիսի 10-ին Բաբկեն Թունյանի նախագահությամբ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Ըստ հիմնական զեկուցող Միքայել Մելքումյանի` առաջարկվում է մեր երկրում համաճարակի տարածման հիմքով արտակարգ իրավիճակի պայմաններում հայտարարված արտակարգ դրության ողջ ընթացքում, բայց ոչ ավել քան երեք ամիս ժամկետով` հանրային սննդի, մանրածախ առեւտրի (բացառությամբ սննդամթերք եւ դեղորայք վաճառողներ), մետաղական հանքաքարի, երկաթի հանքաքարի, գունավոր մետաղների հանքաքարերի արդյունահանման (բացառությամբ ոսկու հանքաքարի արդյունահանման) գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին տրամադրել հարկերի վճարման ժամկետի հետաձգում` հարկային արձակուրդ: Արտոնությունները կտրամադրվեն շահութահարկի եւ ռոյալթիի կանխավճարների գծով:

Խմբակցությունն առաջարկում է նաեւ համաճարակի տարածման հիմքով արտակարգ իրավիճակի պայմաններում հայտարարված արտակարգ դրության ողջ ընթացքում, բայց ոչ ավել քան վեց ամիս ժամկետով տրամադրել հարկերի վճարման ժամկետի հետաձգում (հարկային արձակուրդ)` հանրային սննդի տնտեսվարող սուբյեկտներին, զբոսաշրջային գործակալություններին, զբոսաշրջային օպերատորներին, տեղերի ամրագրման եւ զբոսաշրջության ոլորտի այլ ծառայություններին, հյուրանոցների եւ հյուրատների տնտեսվարող սուբյեկտներին, ինչպես նաեւ մշակույթի, զվարճությունների եւ հանգստի, վարսավիրանոցների ու գեղեցկության սրահների այլ ծառայությունների գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին` շրջանառության հարկատեսակի գծով:

Կառավարության դիրքորոշումը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը: Նա նշել է, որ շահութահարկը տարեկան հարկատեսակ է եւ հաշվարկվում է առհասարակ կազմակերպության գործունեության համար, ոչ թե գործունեության տեսակներից յուրաքանչյուրի համար առանձին, ուստի, փոխնախարարի խոսքով, ըստ ոլորտների անհնար է կիրառել առաջարկվող արտոնությունը: Նշվել է, որ Կառավարությունը դեմ է այս տեսքով նախաձեռնության ընդունմանը:

Օրինագիծը չի արժանացել հանձնաժողովի հավանությանը:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Հեղինակն առաջարկում է մինչեւ 2021 թվականի դեկտեմբերի 31-ը «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով մի շարք ապրանքների, մասնավորապես դեղամիջոցների, սննդամթերքի որոշ տեսակների (օրինակ` միս, կաթ, կաթնային ապրանքներ, բանջարեղեն, մրգեր, սուրճ, թեյ, ցորեն, զովացուցիչ ըմպելիքներ, սպիրտային խմիչքներ եւ այլն) ներմուծման համար ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը հետաձգել մինչեւ ապրանքները ՀՀ տարածք ներմուծելու օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ: Միաժամանակ, նախագծով առաջարկվում է սահմանել, որ ԵԱՏՄ անդամ չհամարվող երկրներից ներմուծվող վերոնշյալ ապրանքների համար ԱԱՀ-ի գումարները վճարվում են հարկային մարմնին:

Հեղինակն առաջարկի ընդունումը հիմնավորում է այն հանգամանքով, որ կորոնավիրուսի տարածման ներկա փուլում տնտեսավարող սուբյեկտներին առավել քան երբեւէ անհրաժեշտ են շրջանառու միջոցներ, եւ այս առումով սննդամթերքի ու դեղամիջոցների` ԵԱՏՄ անդամ չհամարվող երկրներից ներմուծման դեպքում ԱԱՀ-ի վճարման ժամկետն անհրաժեշտ է տեղափոխել հաջորդ ամիս` հաշվի առնելով նաեւ այդ ապրանքների արագ իրացվելիությունը:

Կառավարությունը ներկայացված օրինագծի ընդունումը համարում է ոչ նպատակահարմար:

Նախաձեռնությունը ստացել է բացասական եզրակացություն:

ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանի ներկայացմամբ պատգամավորները քննարկել եւ հաստատել են «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2019 թվականի տարեկան հաշվետվությունը»: Զեկուցողի տեղեկացմամբ` հաշվետու ժամանակաշրջանում աճուրդով մասնավորեցվել են «Ընդերքաբան» ԲԲԸ ընկերության 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը: Մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 56 մլն 887 հազար դրամ: Նարեկ Բաբայանը նշել է, որ ընդունվել են Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության առաջարկները, նախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ:

Առաջին ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել ՀՀ կառավարության հեղինակած «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը:

Ըստ նրա` նախաձեռնության ընդունումը պայմանավորված է կոնյակի սպիրտի արտադրության, ինչպես նաեւ մեղրից թորված 40 տոկոս եւ ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների արտադրության գործունեություն սկսող տնտեսավարողների համար նպաստավոր պայմաններ ապահովելու անհրաժեշտությամբ:

Փոխնախարարի խոսքով` ծանուցման ենթակա գործունեության տեսակները լրացվում են «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների արտադրություն, առանց իրացման իրավունքի» գործունեության տեսակով, որի իրավունքի ձեռք բերման համար սահմանվում է 50 հազար դրամ տարեկան պետական տուրք: Իսկ մեղրից թորված 40 տոկոս եւ ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների արտադրության գործունեության իրականացման իրավունք ձեռք բերելու համար սահմանվում է 50, իսկ մեղրից ստացված այլ ալկոհոլային խմիչքների համար 25 հազար դրամ տարեկան պետական տուրք:

Լրամշակելու նպատակով մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արթուր Դավթյանի, Կորյուն Մկրտչյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծի քննարկումը:

Շրջանառությունից հանվել են ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանի, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հեղինակած «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը եւ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանի հեղինակած «Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված եւ կուտակվող, ինչպես նաեւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության գործունեության արդյունքում գոյացած եւ գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրի մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» հարցը:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի ներկայացմամբ` հանձնաժողովը քննարկել եւ դրական եզրակացություն է տվել Կառավարության հեղինակած  «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին:

Հիմնական զեկուցողը նշել է, որ օրինագծով առաջարկվում է Կառավարության որոշմամբ ստեղծել ազգային կոմիտե եւ օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային ծրագրի հաստատման իրավասությունը վերապահել ստեղծված լիազորված մարմնին: Փոխնախարարի խոսքով` փոփոխությունը պայմանավորված է առավել ճկուն եւ խնդրին արագ արձագանքող համակարգի ստեղծմամբ: Ըստ նրա` հաճախ առաջանում են այնպիսի խնդիրներ, որոնց լուծում պետք է տրվի շատ սեղմ ժամանկահատվածում: Կոմիտեին  նման լիազորություն վերապահելով` առավել հեշտացվում է ծրագրում փոփոխություններ կատարելու ընթացակարգը, որը շատ կարեւոր նախադրյալ է օդային փոխադրումների  բնականոն գործունեության ապահովման համար:

ՀՀ ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծով առաջարկվում է ընդլայնել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող` անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից իրականացվող գործունեության տեսակների ցանկը: Մասնավորապես, առաջարկվում է այդ ցանկում ներառել ներտնային վերանորոգման աշխատանքների իրականացումը, ներտնային ջրամատակարարման, ջրահեռացման եւ ջեռուցման համակարգերի վերանորոգումն ու մոնտաժը, բանալիների, այդ թվում` էլեկտրոնային, պատրաստումը եւ վերանորոգումը, մատնահարդարի եւ վարսահարդարի ներտնային ծառայությունը, էլեկտրական լարերի ներտնային մոնտաժը եւ սպասարկումը, երաժշտական գործիքների ներտնային վերանորոգումը եւ սպասարկումը, ներտնային մաքրման ծառայությունը, մեծահասակների եւ երեխաների համար դայակի ներտնային ծառայությունը:

Հեղինակի խոսքով` օրինագիծը միտված է սահմանված կարգով որպես վարձու աշխատող չգրանցված ֆիզիկական անձանց ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված իրավունքների պաշտպանության ապահովելուն:

Հարակից զեկուցող ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի խոսքով` նախագծով առաջարկվող գործունեության տեսակները հիմնականում ձեռնարկատիրական բնույթի են, հետեւաբար տրամաբանական է, որպեսզի ֆիզիկական անձինք ինչպես նախագծով առաջարկվող, այնպես էլ առհասարակ նմանատիպ գործունեության տեսակներն իրականացնեն` հաշվառվելով որպես անհատ ձեռնարկատեր: Այդ դեպքում վերջիններս բնակչության համար աշխատանքներ կատարելիս կամ ծառայություններ մատուցելիս պարտավոր կլինեն դուրս գրել համապատասխան հաշվարկային փաստաթղթեր, ինչպես նաեւ հարկային մարմին ներկայացնել հաշվետվություն` գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառության վերաբերյալ, ինչը հարկային մարմնին հնարավորություն կընձեռի վարչարարական համապատասխան գործիքակազմի միջոցով իրականացնել պատշաճ վերահսկողություն:

Փոխնախարարն ընդգծել է, որ ներկայացված առաջարկը նաեւ հարկումից խուսափելու ռիսկեր է պարունակում, քանի որ առաջարկվող գործունեության տեսակներով արդեն իսկ զբաղվող եւ, օրինակ, շրջանառության հարկ վճարող համարվող անձինք կարող են գործունեությունն իրականացնել իրենց վարձու աշխատողներին միկրոձեռնարկատիրության սուբյեկտ գրանցելու միջոցով: Արդյունքում նշված վարձու աշխատողները փաստացի կզրկվեն նաեւ իրենց աշխատանքային իրավունքները պաշտպանելու հնարավորությունից:

Պատգամավորներն իրենց ելույթներում նշել են, որ ներկայացված օրինագծի գաղափարն ընդունելի է, սակայն ցանկը խմբագրման կարիք ունի:

Օրինագիծն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը` պայմանով, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում Կառավարության հետ համատեղ կլրամշակվի:

Մինչեւ 2 ամիս ժամկետով հետաձգվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հանձնաժողովը քննարկել եւ դրական եզրակացություն է տվել ՀՀ ԱԺ պատգամավորներ Մխիթար Հայրապետյանի, Նիկոլայ Բաղդասարյանի, Նարեկ Զեյնալյանի հեղինակած «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Հիմնական զեկուցող ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը նշել է, որ ավտոմոբիլային ճանապարհների խաչմերուկներում կամ դրանց շատ մոտ գտնվող դեղատների «կանաչ խաչ» գովազդային լուսատախտակը եւ «դեղատուն» վերտառությամբ գովազդային վահանակը, վարորդների կողմից նույնացվելով տրանսպորտային երթեւեկությունը կարգավորող լուսացույցների կանաչ լույսի հետ, երթեւեկության ընթացքում շփոթություն են առաջացնում, եւ հաճախ դառնում վթարային իրավիճակի պատճառ:

Օրենսդրական փաթեթով հեղինակներն առաջարկում են խնդրի լուծման տարբերակներ.
 
համապատասխան փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության որոշման մեջ` միաժամանակ ապահովելով Կառավարության դեղատնային գործունեության իրականացման ընթացքում լիցենզավորման պարտադիր պահանջների կամ պայմանների կատարման ապահովումը: Առաջարկվում է սահմանել վարչական պատասխանատվություն դեղատնային գործունեություն իրականացնելու համար լիցենզիա ստացած իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից Հայաստանի Հանրապետությունում դեղատնային գործունեության իրականացման ընթացքում լիցենզավորման պարտադիր պահանջները կամ պայմանները խախտելու համար: Իրավաբանական անձի կողմից վերոնշյալ իրավախախտումը թույլ տալու համար նախատեսվում է նախազգուշացում, իսկ նախազգուշացումը ստանալու պահից երեսուն օրվա ընթացքում այն չվերացնելու դեպքում, վերջինս ենթարկվում է պատասխանատվության` տույժի տեսքով, իսկ կրկին չվերացնելու դեպքում Տեսչությունը դիմում է համապատասխան լիցենզավորման մարմնին` լիցենզիայի կասեցման հարցը քննարկելու համար:

ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը նշել է, որ Կառավարության որոշմամբ հստակ սահմանված է, թե ինչպիսին պետք է լինեն դեղատների գովազդային վահականները: Ըստ նրա` ներկայացված օրենսդրական փաթեթը միտված է խախտումները վերահսկելուն: Փոխնախարարը նշել է, որ հեղինակների կողմից ընդունվել է Կառավարության ներկայացված առաջարկները:

ՀՀ ԱԺ պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանի, Հրաչյա Հակոբյանի, Համազասպ Դանիելյանի հեղինակած «Ալկոհոլային խմիչքների իրացման, սպառման, օգտագործման, գովազդի եւ առողջության վնասակարության մասին» տեղեկատվության տրամադրման մասին» օրենսդրական փաթեթով առաջարկվում է կանոնակարգել ալկոհոլային խմիչքների իրացման, սպառման, օգտագործման եւ գովազդի գործընթացները` նպատակ ունենալով նվազեցնել չափից ավելի  օգտագործողների շրջանակը, կանխարգելել երիտասարդության շրջանում ալկոհոլային խմիչքների չափից շատ օգտագործումը:

Հիմնական զեկուցող Արթուր Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ օրենսդրական փաթեթը մշակվել է ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ: Օրենքով, մասնավորապես սահմանվում է ալկոհոլային խմիչքների առողջությանը վնասակարության մասին տեղեկատվության ապահովումը:

Ալկոհոլային խմիչքի վաճառքի բոլոր կետերում` դրամարկղերի մոտ կամ դրանց հարակից տարածքներում, տեսանելի մասում պարտադիր պետք է փակցվի  «18 տարին չլրացած անձանց ալկոհոլային խմիչք չի վաճառվում» բովանդակությամբ  նախազգուշացումը, իսկ մի շարք վայրերում առհասարակ արգելվում է դրանց իրացումն ու վաճառքը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը նշել է, որ նախագծի վերաբերյալ անհրաժեշտ է կազմակերպել հանրային քննարկումներ` շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:

Օրենսդրական փաթեթի քվեարկությունը հետաձգվել է:


10.06.2020
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել են «ՀՀ 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հունիսի 10-ին Վարազդատ Կարապետյանի եւ Մանե Թանդիլյանի նախագահությամբ քննարկվել է «ՀՀ 2019թ. պետական բյուջեի կատարմ...

10.06.2020
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
ՀՀ ԱԺ ԿԳՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 10-ի հերթական նիստում քննարկել է մեկ օրենսդրական փաթեթ եւ մեկ համաձայնագիր: Առաջին ընթերցմամբ քննարկվել է պատգամավորներ Վահագն Թեւոսյանի, Մխիթար Հայրապետյանի եւ Արման Բաբաջանյանի հեղինակած «Տեսալսողական մեդիայի մասին» եւ «Լիցենզավորման մասին» օրենքու...

10.06.2020
Քննարկվել են աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ նախատեսող եւ բնակչության բժշկական օգնության եւ սպասարկմանը վերաբերող օրենսդրական նախաձեռնություններ
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ հունիսի 10-ին գումարել է իր հերթական նիստը: Հանձնաժողովը քննարկել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Ծովինար Վարդանյանի, Սոնա Ղազարյանի, Լուսինե Բադալյանի, Արմեն Փամբուխչյանի, Նարեկ Զեյնալյանի հեղինակած «ՀՀ աշխատանքա...

10.06.2020
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 14:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը` այստեղ: ...

10.06.2020
Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 12:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումը` կից: ...

10.06.2020
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 11:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել այստեղ:...

10.06.2020
Բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակում
ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից հղմամբ: ...