National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
9.6.2020

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
09.06.2020
Հանձնաժողովների համատեղ նիստում անդրադարձ է կատարվել պետական եւ դատական մարմինների եկամուտների ու ծախսերի կատարողականներին
1 / 7

Հունիսի 9-ին ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Վլադիմիր Վարդանյանի եւ Արտակ Մանուկյանի նախագահությամբ քննարկվել է «ՀՀ 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը, որը վերաբերել է ՀՀ իշխանության պետական եւ դատական մարմինների եկամուտների ու ծախսերի կատարողականներին:

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդգծել է, որ բյուջեի կատարողականը կազմել է շուրջ 99 տոկոս, նախատեսված միջոցառումների ֆինանսավորման համար փաստացի օգտագործվել է 1 տրիլիոն 629 մլրդ դրամ: Նախարարի խոսքով՝ հաշվետու տարին առանձնացել է դրական զարգացումների տեսակետից, փաստացի ձեւավորվել են ավելի շատ հարկային եկամուտներ, ինչը հնարավորություն է տվել Կառավարությանն իր լիազորությունների շրջանակում վերանայելու բյուջեի ծախսային մասը. արդյունքում այն կազմել է 1 տրիլիոն 763 մլրդ դրամ, կատարողականը՝ 92.4 տոկոս:

2019 թ. ներքին ռեսուրսների հաշվին իրականացվող ծրագրերի կատարողականը զգալիորեն բարձր է եղել՝ կազմելով 96 տոկոս, իսկ արտաքին աջակցությամբ ֆինանսավորվող նպատակային ծրագրերի դեպքում համեմատաբար ցածր կատարողական է արձանագրվել:

Ատոմ Ջանջուղազյանն ընդգծել է, որ մոտավորապես 1.5 տասնամյակ տեւած բարեփոխումների արդյունքում ներկայացվել է բյուջետային օրենք, որի ծախսային մասը հաստատվել է ծրագրային ձեւաչափով: Ըստ նրա՝ ծախսերի ֆինանսական միջոցների օգտագործումից ծանրության կենտրոնը տեղափոխվել է դրանց արդյունքում ձեւավորված բովանդակային բնութագրիչների արձանագրմանը, այսինքն՝ կարեւոր են ոչ թե օգտագործված միջոցները, այլ՝ փաստացի արդյունքը:

Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանի տեղեկացմամբ՝ նախագահի աշխատակազմի տարեկան ճշտված պլանը կազմել է 1 մլրդ 507 մլն 599 հազար դրամ, որից փաստացի ծախսվել է 1 մլրդ 451 մլն 910 հազար դրամ` կազմելով 96.3 տոկոս կատարողական: Արդյունքում՝ տնտեսվել ու պետական բյուջե է վերադարձվել 55 մլն 689 հազար դրամ:

Նախագահի կողմից ստորագրվել են ԱԺ կողմից ընդունված 313 օրենք, Կառավարության առաջարկությամբ կնքվել են 28 միջազգային պայմանագրեր, Նախագահի հրամանագրերով 12.525 անձանց ՀՀ քաղաքացիություն է շնորհվել: Իրականացվել է բարեգործական 21 ծրագիր: Նշվել է, որ հաշվետու տարում մեկնարկել են նախագահի նոր կայքի մշակման աշխատանքները:

Էմիլ Տարասյանը ներկայացրել է ՀՀ նախագահի՝ օտարերկրյա պետություններ գործուղումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները եւ դրանց արդյունքները: Նա մանրամասն անդրադարձել է նաեւ հաշվետու տարում նախագահի հովանու ներքո իրականացվող ծրագրերին եւ նախաձեռնություններին, ցուցաբերված ֆինանսական աջակցության ուղղություններին:

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը ներկայացրել է հաշվետու տարում Ազգային ժողովի ֆինանսական հատկացումները եւ ոչ ֆինանսական ցուցանիշները: Այսպիսով՝ 2019 թ. «ՀՀ Ազգային ժողովի լիազորությունների իրականացման ապահովում» ծրագրի ճշտված պլանն իր 5 ծախսային միջոցառումների մասով կազմել է 6.2 մլրդ դրամ՝ փաստացի իրականացված ծախսը՝ 5.8 մլրդ դրամ, որը կազմել է տարեկան ծրագրի 93.4%-ը: Ծախսերի կատարողականը հիմնականում պայմանավորված է ՀՀ Ազգային ժողովի գործունեության ապահովման, օրենսդրական, վերլուծական եւ ներկայացուցչական ծառայությունների, ինչպես նաեւ տեխնիկական հագեցվածության բարելավման ծախսերի կատարողականով:

«ՀՀ Ազգային ժողովի գործունեության ապահովման, օրենսդրական, վերլուծական եւ ներկայացուցչական ծառայություններ» միջոցառման տարեկան ճշտված պլանը 5.7մլրդ դրամ է, որը կատարվել է 95.5%-ով՝ կազմելով 5.4 մլրդ դրամ: Նշված ծախսերի կառուցվածքում ամենամեծ տեսակարար կշիռը՝ 76.7% կամ 4.4մլրդ դրամ, բաժին է ընկնում աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցներին: Շեղումը՝ 256.3 մլն. դրամ պայմանավորված է որոշ ծախսային հոդվածների գծով առկա տնտեսումներով, մասնավորապես ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմի կողմից ապրանքանյութական արժեքների խնայողաբար օգտագործման համար սահմանված բոլոր ապրանքանյութական արժեքների ստացման մեխանիզմի, ըստ առանձին ստորաբաժանումների եւ աշխատակիցների՝ իրենց գործառույթների լիարժեք իրականացման համար անհրաժեշտ քանակների, ապրանքանյութական արժեքների օգտագործման նորմատիվների եւ տարեկան սահմանաչափերի կիրառմամբ:

«Միջազգային խորհրդարանական կազմակերպություններին ՀՀ անդամակցության վճարներ» միջոցառման տարեկան ճշտված պլանը կազմել է 180.5 մլն.դրամ, փաստացի ծախսը՝ 163.0 մլն դրամ՝ ապահովելով 90.3% կատարողական: Շեղումը կազմել է 17.5 մլն. դրամ:

«ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողների վերապատրաստում» միջոցառման տարեկան ճշտված պլանը կազմել է 411.0 հազ. դրամ, փաստացի ծախսը՝ 299 հազ. դրամ կամ նախատեսված միջոցների 72.7%-ը: Ծրագրված ցուցանիշից ծախսերի շեղումը՝ 112.1 հազ. դրամ պայմանավորված է Ազգային ժողովի աշխատակազմում իրականացված կառուցվածքային փոփոխություններով, որոնց արդյունքում վերապատրաստման դասընթացներին մասնակցել են նախատեսվածից պակաս թվով պետծառայողներ:

Տիգրան Գալստյանի խոսքով՝ կառուցվածքային եւ գործառութային փոփոխությունները կատարվել են ՀՀ ԱԺ աշխատակազմի կողմից իրականացվող գործընթացների գնահատման եւ վերլուծության արդյունքում՝ պայմանվորված աշխատակազմի առջեւ դրված ռազմավարական խնդիրներով:

«ՀՀ Ազգային ժողովի տեխնիկական հագեցվածության բարելավում» միջոցառման տարեկան ճշտված պլանը կազմել է 283.3 մլն դրամ, փաստացի իրականացված ծախսը՝ 207.5 մլն դրամ կամ նախատեսված միջոցների 70.8%-ը: Շեղումը՝ 85.8 մլն դրամ պայմանավորված է գնումների անավարտ գործընթացներով:

«ՀՀ Ազգային ժողովի շենքային պայմանների բարելավում» միջոցառման ճշտված պլանը կազմել է 52.3 մլն.դրամ, փաստացի ծախսը՝ 980 հազ. դրամ, որն ուղղվել է ՀՀ Ազգային ժողովի շենք-շինությունների ջեռուցման համակարգի կապիտալ վերանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերմանը:

ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը նշել է, որ ՀՀ Ազգային ժողովի շենքային ապահովվածության բարելավման նպատակով նախատեսված 51.3 մլն դրամը չի օգտագործվել՝ պայմանավորված մրցույթը տարեվերջին կայանալու հանգամանքով:

Հաշվետու տարում ՀՀ ԱԺ աշխատակազմի կողմից մշակված եւ ներդրված տնտեսվարման համակարգերի արդյունավետ կառավարման արդյունքում ՀՀ ԱԺ բյուջետային հատկացումների տնտեսված գումարների մի մասը վերաբաշխման արդյունքում ուղղվել է անհրաժեշտ համարվող ծախսերի իրականացմանը, իսկ 411.0 մլն.դրամ փոխանցվել է պետական բյուջե:

Այնուհետեւ ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը, ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը, ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ՀՀ գլխավոր դատախազության գլխավոր քարտուղար Համայակ Նավասարդյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը, ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանը եւ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը մանրամասներ են ներկայացրել հաշվետու տարում իրականացված ծախսային ծրագրերի, միջոցառումների ու ոչ ֆինանսական ցուցանիշների վերաբերյալ:

Այսպիսով՝ ՀՀ սահմանադրական դատարանի գործունեության ապահովման համար 2019 թվականին պետական բյուջեից տրամադրվել է 682.4 մլն դրամ՝ ապահովելով ծրագրի 94.1% կատարողական:

Դատական իշխանության գործունեության ապահովման եւ իրականացման ծրագրի շրջանակում հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեից տրամադրվել է 11.8 մլրդ դրամ՝ ապահովելով ծրագրված ցուցանիշի 95.5% կատարողական: Ծրագրի շրջանակում իրականացվել են 19 միջոցառումներ: 562 մլն 833 հազար դրամ վերադարձվել է պետական բյուջե:

ՀՀ արդարադատության նախարարությանը 2019 թվականին պետական բյուջեից տրամադրվել է 19.1 մլրդ դրամ՝ ապահովելով տարեկան ծրագրի 95.7%-ը: Իրականացվել է պետական բյուջեի 8 ծրագիր: Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայություններին տրամադրվել է 313.7 մլն դրամ որը կազմել է ծրագրված միջոցների 96.3%-ը: Դատական եւ հանրային պաշտպանության ծրագրի ծախսերը կազմել են 2.9 մլրդ դրամ` ապահովելով 94.9% կատարողական: Քրեակատարողական ծառայությունների ծրագրին տրամադրվել է 10.5 մլրդ դրամ, որի կատարողականը կազմել է 97.5%: Արդարադատության ոլորտում իրականացվող ծրագրերին աջակցության ծախսերը կազմել են 1.5 մլրդ դրամ` ապահովելով ծրագրային ցուցանիշի 82.6%-ը: Ծրագիրը ֆինանսավորվել է ՀՀ արդարադատության նախարարության արտաբյուջետային միջոցների հաշվին:

Դատախազությանը նախատեսված 3 ծրագրերն իրականացնելու նպատակով տրամադրվել է շուրջ 5.4 մլրդ դրամ՝ ապահովելով ծրագրված ցուցանիշի 98.9%-ը: Դատախազությանը հատկացված միջոցների գերակշիռ մասը՝ շուրջ 5 մլրդ դրամ (նախատեսվածի 98.8%-ը) տրամադրվել է Դատավարական ղեկավարման եւ դատախազական հսկողության ծրագրի իրականացմանը:

ՀՀ քննչական կոմիտեի կողմից իրականացված «ՀՀ քննչական ծառայություններ» ծրագրի շրջանակում 2019 թվականին կատարվել են շուրջ 8.1 մլրդ դրամ ծախսեր՝ կազմելով ծրագրային ցուցանիշի 97.2%-ը:

ՀՀ հատուկ քննչական ծառայությանը 2019 թվականին տրամադրվել է 726.9 մլն դրամ` ապահովելով ծրագրի 98.3% կատարողական: Ներկայացվել է ապօրինի մասնավորեցման դեպքերի, քրեական գործերի բացահայտման վիճակագրությունը, քննիչների ծանրաբեռնվածությունը:

ՀՀ հաշվեքննիչ պալատին հանրային ֆինանսների եւ սեփականության ոլորտում հաշվեքննություն իրականացնելու նպատակով հաշվետու տարում տրամադրվել է ավելի քան 1.1 մլրդ դրամ, որը կազմել է ծրագրված միջոցների 97.9%-ը: Տնտեսվել է 24 մլն 833 հազար դրամ, որը վերադարձվել է պետական բյուջե:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովին 2019 թվականին պետական բյուջեից տրամադրվել է շուրջ 672.5 մլն դրամ՝ ապահովելով տարեկան ծրագրի 52.4%-ը: 82 համայնքում անցկացվել են ՏԻՄ ընտրություններ, որոնք եղել են մրցակցային:

Զեկուցողները հանգամանալի պատասխանել են ՀՀ ԱԺ պատգամավորների հարցերին, որոնք մասնավորապես առնչվել են գերատեսչություններում ծախսային հիմնական ուղղություններին եւ դրանց իրականացման արդյունավետությանը, բյուջետային հատկացումների նպատակային օգտագործմանը, ծրագրային բյուջետավորման առավելություններին ու ընձեռած հնարավորություններին: Պատգամավորներն անդրադարձել են հանրային ծառայողների քաղաքական զսպվածության ապահովմանը: Անդրադարձ է կատարվել նաեւ աշխատակազմերի տեխնիկական հագեցվածության, աշխատակիցների վերապատրաստման, թափուր հաստիքների համալրման, ծառայողական մեքենաների բաշխման ու վառելիքի արդյունավետ ծախսման, դատավորների ծանրաբեռնվածության, քրեակատարողական հիմնարկների խնդիրներին:

Տեղեկացնենք, որ ԱԺ պետական-իրավական հարցերի եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը հետաձգվել է: Առաջիկայում կգումարվի եւս մեկ համատեղ նիստ, որի ընթացքում ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը կներկայացնի հաշվետու տարում ՀՀ վարչապետի աշխատակազմի բյուջետային հատկացումներն ու իրականացրած ծրագրերը:


09.06.2020
Քննարկվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի 2019 թ. եկամուտների եւ ծախսերի կատարողականը
Հունիսի 9-ին Նաիրա Զոհրաբյանի եւ Արտակ Մանուկյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը: Պատգամավորները քննարկել են «ՀՀ 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հ...

09.06.2020
Բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակում
ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումների ուղիղ հեռարձակումը` կից:...

09.06.2020
Բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումների ուղիղ հեռարձակումը` այստեղ: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am