National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.03.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
04.06.2020
Խորհրդարանն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը
1 / 34

Հունիսի 4-ին Ազգային ժողովը շարունակել է նախորդ օրը հրավիրած արտահերթ նիստի աշխատանքը:

Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հեղինակած «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի առկայությունը պայմանավորված է Covid-19 համավարակով:

Նախագծով առաջարկվում է նախատեսել մեկուսացման նպաստ այն անձանց համար, որոնք վարձու աշխատող են կամ ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահովված անձինք են եւ պարետատան ցուցումով մեկուսացվել են կամ ինքնամեկուսացվել: Նպաստից չեն օգտվի այն անձինք, որոնք հեռավար են աշխատել, հարկադիր պարապուրդի մեջ են գտնվել, եւ նրանց աշխատավարձը վճարվել է, ինչպես նաեւ այն անձանց, որոնք խախտել են ինքնամեկուսացման ու մեկուսացման պայմանները:

Հեղինակի տեղեկացմամբ` օրինագծի վերաբերյալ եղել են քննարկումներ: Նա նշել է, որ Կառավարությունը թեեւ օենքի նախագծին տվել է բացասական եզրակացություն, սակայն գաղափարին դեմ չէ: Բանախոսի խոսքով` քննարկումների արդյունքում որոշում է կայացվել հետաձգել նախագծի ընդունումը: Նա առաջարկել է օրենքի նախագիծը չընդունել` լրացուցիչ հաշվարկների եւ լրամշակման նպատակով:

Հարակից զեկույցում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը նշել է, որ բովանդակային հիմնավորումներն ընդունելի են, սակայն հարցեր կան, որոնք լրացուցիչ քննարկման կարիք ունեն: Ըստ փոխնախարարի` նախագծի վերաբերյալ ֆինանսական անորոշությունների բարձր մակարդակ է առկա: «Մենք ձեռք ենք բերել պայմանավորվածություն` առաջիկա մի քանի օրվա ընթացքում լրացուցիչ վերլուծություններ եւ ուսումնասիրություններ կատարել, որպեսզի որոշակի ֆինանսական կանխատեսելիություն ապահովենք»,-նշել է նա:

Պատգամավորներն իրենց ելույթներում կարեւորել են օրինագծի ընդունումը եւ առաջարկել հնարավորինս շուտ լուծել առաջացած խնդիրները, հստակեցնել ֆինանսական հաշվարկները:
 
Խորհրդարանի ընդդիմադիր ուժի ներկայացուցիչներն իրենց ելույթներում նշել են, որ օրինագիծը շատ հասցեական է: Նրանք անընդունելի են համարել  այն առաջարկների ներկայացման փուլ  ուղարկելու վճիռը: ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն իրենց ելույթներում ընդգծել են, որ «ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքով» նախագիծը լրամշակելու համար միակ տարբերակն այն է, ինչ առաջարկվում է: Նշվել է, որ կորոնովիրուսով պայմանավորված իրավիճակն անկանխատեսելի է եւ պահանջում է իրավիճակային մոտեցում: Նախագծի մշակման փուլում իրավիճակն այլ է եղել, սակայն օր օրի փոխվում են թվերը, վարակակիրների քանակը, եւ քանի որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածը մեկ օր է եղել, ուստի լրամշակելու ժամանակը չի բավականացրել:

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անունից ելույթ է ունեցել Մանե Թանդիլյանը:

Պատգամավորն ընդգծել է, որ դա ճիշտ եւ պատեհաժամ նախագիծ է, ուստի իրենց խմբակցությունը կողմ է քվեարկելու: Նա մտավախություն է հայտնել, որ օրենքի նախագիծը լրամշակվելուց հետո կփոփոխվի` չպահպանելով իր այժմեական բովանդակությունը:

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության դրական դիրքորոշումը ներկայացրել է Նաիրա Զոհրաբյանը` տեղեկացնելով, որ իրենց խմբակցությունը կողմ է քվեարկելու օրենքի նախագծին:

Պատգամավորի խոսքով` ներկայացված օրինագծով կնվազեցվի սոցիալական լարվածությունը, որովհետեւ մարդիկ իրենց կամքով չեն մեկուսացվել:

«Մեկուսացածները դրական ազդակ կստանան, որ պետությունը հոգ է տանում իրենց մասին»,- նշել է նա: Նաիրա Զոհրաբյանը նաեւ առաջարկել է նախագիծը լրամշակել ՀՀ նախագահի կողմից ստորագրվելու ժամանակահատվածում:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անունից ելույթ է ունեցել խորհրդարանի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Անդրադառնալով հնչեցված կարծիքներին` խորհրդարանի փոխխոսնակը նշել է, որ արտահերթ նիստի ավարտից հետո ինքը շրջելու է այն ընտրատեղամասերով, որտեղից որ ընտրվել է եւ հետեւելու է` արդյոք քաղաքացիները դիմակներ են կրում: Ալեն Սիմոնյանը մյուս պատգամավորներին եւս կոչ է արել հետեւել իր օրինակին ու օգնել երկրին դուրս գալու այս իրավիճակից:

Արտահերթ ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: «Մենք ունենք իրավիճակ, որը բնութագրվում է տարբեր բառերով, այդ թվում` ծանր, շատ ծանր, պատերազմական: Այս պահին առավել քան երբեւէ մեզ պետք է հանգստություն ու սթափ դատողություն, իրավիճակի սթափ գնահատական, հաշվարկված, հանգիստ, կառավարելի քայլեր: Այս իրավիճակում չի կարող գործին օգուտ տալ խուճապը. պետք է պահպանել հանգստություն` վերլուծելով հասկանալ»,- նշել է խորհրդարանի նախագահը: Անդրադառնալով քննարկվող օրինագծին` Արարատ Միրզոյանը նշել է, որ արտառոց որեւէ բան տեղի չի ունեցել եւ սա ո'չ առաջին, ո'չ էլ վերջին նախագիծն է, որում լրացուցիչ մշակման կարիք է առաջացել:  «Ես հակված եմ մտածելու, որ ամեն ինչ շտկելի կլինի եւ լրամշակվելուց հետո կընդունվի»,- ասել է Արարատ Միրզոյանը:

Եզրափակիչ ելույթում Նարեկ Զեյնալյանը տեղեկացրել է, որ նախագիծը շրջանառությունից չի հանվում: Հեղինակը կոչ է արել դեմ քվեարկելով՝ օրինագիծը տեղափոխել առաջարկների փուլ:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Աննա Կարապետյանի եւ Վլադիմիր Վարդանյանի հեղինակած ՀՀ  «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայությունից քաղաքացիական ծառայության անցմանն առնչվող դրույթներն ուժի մեջ մտնելու ժամկետը հուլիսի 31-ից երկարաձգել մինչեւ 2020 թվականի նոյեմբերի 30-ը:

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Աննա Կարապետյանի տեղեկացմամբ` օրինագիծն առաջին ընթերցումից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում փոփոխությունների չի ենթարկվել, օրինագծի վերաբերյալ առաջարկներ չեն ներկայացվել:

Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը:

Խորհրդարանը քվեարկության արդյունքում երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել է ՀՀ  «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, իսկ «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը 27 կողմ, 82 դեմ  ձայների հարաբերակցությամբ չի ընդունվել. այն «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 82-րդ հոդվածի համաձայն` պատգամավորների կողմ քվեարկությամբ, տեղափոխվել է գրավոր առաջարկությունների ներկայացման փուլ:

Սպառելով օրակարգը` խորհրդարանն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը:


29.03.2024
Ալեքսեյ Սանդիկովը հանդիպել է ԵՊՀ ուսանողների հետ
Թիվ մեկ խնդիրը տարածաշրջանում խաղաղություն հաստատելը եւ Հայաստանի անվտանգային հարցերը լուծելն է. ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպման ժամանակ: Խորհրդարանականն անդրադարձել է օրենսդիր մարմնո...

29.03.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 29-ի արտահերթ նիստում որոշել է ապրիլի 4-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում հրավիրել խորհրդարանական լսումներ: Կքննարկվի «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարները եւ մարտահրավերները» թեման:   ...

29.03.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...

29.03.2024
Ազգային ժողովում քաղաքացիների ընդունելության ժամանակացույց
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյան - 08.04.2024 - 14:00-16:00, ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյան - 19.04.2024 - 14:00-16:00: 1. Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով - 02.04.2024 - 15:00-17:00, 2. Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով - 03.04.2024 -10:0...

29.03.2024
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերի անցկացման ժամանակացույց
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կգումարի ապրիլի 1-ին՝ ժամը 15:00-ին, 214 դահլիճում: Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա ապրիլի 2-ին` ժամը 10:00-ին, 314 դահլիճում: Ապրիլի 2-ին` ժամը 14:00-ին, 414 սրահում կկայանա Գիտության, կրթությ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am