Տպել
02.06.2020
ՀՀ Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը
1 / 29

ՀՀ Ազգային ժողովը հունիսի 2-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը` քվեարկություններով ընդունելով նախորդ օրը քննարկված օրինագծերը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է պատգամավորներ Արտակ Մանուկյանի եւ Վարազդատ Կարապետյանի հեղինակած «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի վերաբերյալ դրական էին թե ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի, թե Կենտրոնական բանկի եզրակացությունները: «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքի 4-րդ հոդվածը լրացվում է նոր` 3.1-ին մասով, ըստ որի` կրեդիտավորման պայմանագրում սպառողը ձեռագրով, իսկ էլեկտրոնային եղանակով պայմանագիր կնքելու դեպքում` էլեկտրոնային եղանակով տպագրելու միջոցով գրում է, որ գիտակցում է տարեկան փաստացի տոկոսադրույքի չափը` նշելով այդ տոկոսադրույքը: 22-րդ հոդվածի 1-ին մասն էլ լրացվում է նոր պարբերությամբ. «Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով մինչեւ երեք ամիս ժամկետով կնքվող մինչեւ 300,000 ՀՀ դրամի չափով սպառողական կրեդիտների համար սահմանում է պարտադիր պահանջներ եւ պայմաններ, վարկավորման կանոններ` հիմք ընդունելով սպառողի վարկունակության, սպառողի պարտքի եւ եկամուտի հարաբերակցության, վարկը սպասարկելու սպառողի ունակության գնահատման չափանիշները»: Նախագիծը միտված է պաշտպանելու սպառողներին անբարեխիղճ գովազդից, կանոնակարգելու տոկոսադրույքների մասով մոտեցումները` դրանց հիմքում դնելով հաճախորդների` եկամուտներ գեներացնելու հնարավորությունը, ինչը նպատակ ունի նպաստել վարկունակության եւ ֆինանսական հատվածի առողջացման բարձրացմանը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է նաեւ «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը տեղեկացրել է, որ առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել անպարտաճանաչ պարտատերերի անունները կամ անվանումները հրապարակելու` Կենտրոնական բանկի իրավասությունը: Գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը նախագծի վերաբերյալ դրական էր:

Հաջորդիվ խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է պատգամավորներ Արտակ Մանուկյանի, Վարազդատ Կարապետյանի եւ Բաբկեն Թունյանի մշակած «Բանկային ավանդների ներգրավման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից օրենսդրական փաթեթով, որով առաջարկվում է թղթային ծանուցումներից անցում կատարել էլեկտրոնային ծանուցումներին եւ սպառողի ու ֆինանսական կազմակերպության հաղորդակցման կարգը համապատասխանեցնել 2018 թվականին ընդունված «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված հաղորդակցման կարգին` ապահովելով համանման հարաբերությունների միատեսակ կարգավորումը: Մասնավորապես, «Բանկային ավանդների ներգրավման մասին» ՀՀ օրենքում եւս առաջարկվում է սահմանել, որ սպառողի եւ կրեդիտավորողի միջեւ հաղորդակցումն իրականացվի էլեկտրոնային եղանակով, եթե հաճախորդը չի պահանջում, որպեսզի այն իրականացվի այլ եղանակով, օրինակ` փոստային կապի միջոցով: Ուստի, նախագծով առաջարկվում է հաղորդակցումն իրականացնել էլեկտրոնային եղանակով, ինչը սակայն չի բացառում հաճախորդի կողմից հաղորդակցման այլ եղանակի ընտրություն:

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Եղիշե Սողոմոնյանը: Նախագծի վերաբերյալ դրական էր նաեւ ԿԲ եզրակացությունը:

Բանկային գործունեությանը վերաբերող մյուս նախագիծը Միքայել Մելքումյանի հեղինակած «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն էր, որը նույնպես քննարկվել է առաջին ընթերցմամբ: Առաջարկվում է փոփոխել գործող օրենսդրությամբ երաշխավորված բանկային ավանդների հատուցման սահմանաչափերը: Այսպես, առաջարկվում է օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ, ըստ որի, եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն դրամային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը տասնվեց միլիոն հայկական դրամ է, եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն արտարժութային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը յոթ միլիոն հայկական դրամ է, եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային եւ արտարժութային բանկային ավանդներ, եւ դրամային բանկային ավանդի գումարը յոթ միլիոն հայկական դրամից ավելի է, ապա երաշխավորվում է միայն դրամային ավանդը` մինչեւ տասնվեց միլիոն հայկական դրամով: Եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային եւ արտարժութային բանկային ավանդներ, եւ նրա դրամային բանկային ավանդի գումարը պակաս է յոթ միլիոն հայկական դրամից, ապա երաշխավորվում է դրամային բանկային ավանդն ամբողջությամբ եւ արտարժութային բանկային ավանդը` յոթ միլիոն դրամի եւ հատուցված դրամային բանկային ավանդի տարբերության չափով:

Հիմնական զեկուցողին ուղղված հարցերը վերաբերել են ներդրումային միջավայրին, հնարավոր ռիսկային գործոններին եւ ապահովագրությանը:

Հարակից զեկուցող ՀՀ ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արթուր Գրիգորյանը տեղեկացրել է, որ նախագիծը հանձնաժողովում ստացել է դրական եզրակացություն եւ առաջարկել պատեհ պահի կողմ քվեարկել:

Մտքերի փոխանակության ընթացքում պատգամավորները կարեւորել են առաջարկվող լուծումները, փոփոխությունները:

Եզրափակիչ ելույթում ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը նշել է, որ ավանդների ապահովագրությունը բանկերի համար ֆինանսական կայունության, ռիսկերը նվազեցնելու հնարավորություն է: Նա եւս առաջարկել է կողմ քվեարկել նախագծին:

Եզրափակիչ ելույթում հիմնական զեկուցող Միքայել Մելքումյանն ընդգծել է, որ նախագիծը չի հակադրվում ներդրումների գործընթացին, եւ այն բնորոշել ֆինանսական կայունությանը նպաստող օրենսդրական նախաձեռնություն:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանի, Վարազդատ Կարապետյանի հեղինակած «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել հիմնական զեկուցող Արտակ Մանուկյանը: Առաջարկվում է «ռեպո» պայմանագրերի կամ ածանցյալ ֆինանսական գործիքների եւ դրանցով նախատեսված վճարումների, կարգավորվող շուկայում առեւտրին թույլատրված արտարժութային պարտատոմսերի գնանշումները եւ դրանց դիմաց արժեկտրոնների վճարումները թույլատրել իրականացնել այն արժույթով, որով ստանձնվել է պարտավորությունը:

Պատգամավորների հարցերը վերաբերել են ֆինանսական շուկայում հավասար պայմաններին, գնագոյացման վրա փոխարժեքի տատանումների մասով ազդեցություններին, անարդար գնագոյացմանը:

Հարակից զեկուցող ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տիգրան Ուլիխանյանը նշել է, որ նախագիծը հանձնաժողովում ստացել է դրական եզրակացություն եւ առաջարկել կողմ քվեարկել:

Հարակից զեկուցող ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, կարեւորելով երկրում ապադոլարացման գործողությունները, նշել է, որ որքան ամրապնդվի ազգային արժույթը, այնքան կբարձրանա վարած քաղաքականության արդյունավետությունը եւ կթուլանա կախվածությունն արտաքին շոկերից:

Ելույթներում պատգամավորներն ընդգծել են, որ պետք է խթանել ազատ մրցակցային հիմունքները` նշելով, որ հաջորդաբար կարեւոր քայլեր են արվում արժեթղթերի շուկայի կայացման ուղղությամբ: Արժեթղթերի շուկան բնորոշելով յուրօրինակ երկխոսության եւ վստահության մեխանիզմ հանրության ու տնտեսության միջեւ` նշվել է, որ այն կկայանա, եթե լինեն վստահության երկու կարեւոր հայտանիշերը` թափանցիկությունն եւ մասնակցությունը:

Խորհրդարանը երկրորդ ընթերցումով քննարկել է «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից նախագծերի փաթեթը:

Գլխադասային հանձնաժողովի դրական դիրքորոշումը ներկայացրել է Արմեն Խաչատրյանը: Պատգամավորը կարեւորել է օրենքի ընդունման անհրաժեշտությունը` հորդորելով կողմ քվեարկել օրենսդրական փաթեթին:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկել է ՀՀ ԱԺ պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից նախագծերի փաթեթը:

Հիմնական զեկուցողը տեղեկացրել է, որ ներկայացված առաջարկությունների արդյունքում օրենսդրական փաթեթը լրամշակվել է:

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Աննա Կարապետյանը ներկայացրել է դրական եզրակացությունը եւ կոչ արել կողմ քվեարկել օրենսդրական փաթեթին:

ՀՀ կառավարության դրական դիրքորոշումը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը:

Ազգային ժողովը քննարկել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի եւ Սոնա Ղազարյանի հեղիանակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող Նիկոլայ Բաղդասարյանի տեղեկացմամբ` օրինագծի վերաբերյալ գրավոր առաջարկներ չեն ներկայացվել: Ըստ նրա` առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո օրինագծում կատարվել են մի քանի փոփոխություններ: Առաջարկվում է անչափահաս տուժողի կամ վկայի հարցաքննությունն անցկացնել որակավորված հոգեբանի մասնակցությամբ, իսկ վերջինիս բացակայության դեպքում` ապահովել մանկավարժի ներկայությունը: Բանախոսի խոսքով` նախատեսվում է հոգեբաննների պարբերաբեր վերապատրաստման գործընթաց: Պատգամավորը նաեւ նշել է, որ առաջարկության հիման վրա փոփոխվել է հարցաքննության համար սահմանված ժամանակը` 2 ժամի փոխարեն ամրագրվել է 1,5 ժամը:

ՀՀ ԱԺ պատգամավոր Սերգեյ Ատոմյանը ներկայացրել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Սոնա Ղազարյանի եւ Սերգեյ Ատոմյանի հեղինակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Ըստ հիմնական զեկուցող Սերգեյ Ատոմյանի` վարույթն իրականացնող մարմինները կարող են էլեկտրոնային եղանակով քննչական գործողություններ կատարելու մասին իրենց միջնորդությունները ներկայացնել դատարան, դատարանից ստանալ փաստաթղթերը եւ ներկայացնել դատախազին: Պատգամավորն ընդգծել է, որ առաջարկվող փոփոխությունները միտված են նվազեցնելու ՀՀ քննչական կոմիտեի քննիչների անտեղի ծանրաբեռնվածությունն ու բարձրացնել քննիչի վարույթում քննվող քրեական գործերով քննչական գործողությունների եւ ամբողջ նախաքննության արդյունավետությունը: Նա տեղեկացրել է, որ քննիչների աշխատանքային ժամի զգալի մասը ծախսվում է միջնորդություններ ներկայացնելու նպատակով մի քանի անգամ դատարան գնալու համար:

Հարակից զեկուցող Նիկոլայ Բաղդասարյանը ներկայացրել է մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Ներկայացնելով Կառավարության դրական դիրքորոշումը` ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը տեղեկացրել է, որ հեղինակների կողմից ընդունվել է Կառավարության ներկայացրած առաջարկները: Փոխնախարարը կոչ է արել կողմ քվեարկել նախագծին:

Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար խորհրդարանը քննարկել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի եւ Արուսյակ Ջուլհակյանի հեղինակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է քննիչին տալ հնարավորություն` տեսակապի միջոցով իրականացնելու հարցաքննություն, եթե վկան եւ տուժողն առողջական վիճակի կամ տարիքի կամ օրենքով չարգելված այլ պատճառով չեն կարող ներկայանալ քրեական վարույթն իրականացնող մարմին:

Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով` առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում օրինագծում նաեւ սահմանվել է արտերկրում գտնվող վկաների եւ տուժողների հարցաքննությունը տեսագրության միջոցով իրականացնելու կարգը: Այն կարող է կատարվել հյուպատոսարանում կամ դիվանագիտական հաստատությունում:

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Սերգեյ Ատոմյանը:

ՀՀ կառավարության հեղինակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին» օրինագիծը խորհրդարանը քննարկել է առաջին ընթերցմամբ:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը նշել է, որ նախագծով առաջարկվում է քրեադատավարական օրենսդրության շրջանակում նախատեսել կալանքի կրմանը խոչընդոտող ծանր հիվանդության հիմքով կալանքի կրումից ազատ արձակելու հնարավորություն: Առաջարկվում է նաեւ ամրագրել հսկող դատախազի կողմից միջնորդագիրն անհապաղ քննելու եւ այն բավարարելու կամ մերժելու վերաբերյալ որոշում կայացնելու կարգը` միաժամանակ նախատեսելով հսկող դատախազի կողմից միջնորդագիրը մերժելու դեպքում այն դատական կարգով բողոքարկելու հնարավորություն: Սահմանվել են նաեւ մի շարք դրույթներ:

Փոխնախարարի խոսքով` նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է նաեւ այն հանգամանքով, որ 2020 թվականի հունվարին քրեակատարողական հիմնարկներում գրանցվել է մահացության 3 դեպք, որից 2 ը` ծանր հիվանդության հետեւանքով:

Հարակից զեկույցում ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նիկոլայ Բաղդասարյանը ողջունելի է համարել կարգավորման գաղափարը: Նշվել է,որ հանձնաժողովը կողմ է նախաձեռնության ընդունմանը: Պատգամավորն առաջարկել է Քրեական դատավարության օրենսգրքում նախատեսել լիազորություն դատախազի համար, որով վերջինս իրավասություն կունենա հանցանք կատարած կալանավորին տեղափոխելու քաղաքային հիվանդանոց:

Եզրափակիչ ելույթում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը ի թիվս մի շարք հարցերի պարզաբանում է ներկայացրել նաեւ Նիկոլայ Բաղդասարյանի առաջարկի մասով` նշելով, որ կալանավորին տեղափոխելու որոշում կայացվում է` հաշվի առնելով անձի առողջական վիճակը` բժշկական համապատասխան ցուցումների առկայության պարագայում:

Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար պատգամավորները քննարկել են ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը եւ դրան կից օրենսդրական փաթեթն ու «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը:

«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ « ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Կառավարության հեղինակած օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը: Առաջարկվում է նախատեսել նոտարի կողմից վկայի ցուցմունք վերցնելու հնարավորություն: Ըստ փոխնախարարի` վկայի կողմից ցուցմունք տալը իրավունք է, ոչ թե պարտականություն: Քրեական պատասխանատվություն է սահմանվում նոտարի կողմից իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հաստատելու գործով վկայի կողմից նոտարին սուտ ցուցմունք տալու համար: Ռաֆիկ Գրիգորյանի խոսքով` նախաձեռնության ընդունումը կնպաստի դատարանների բեռնաթափմանը:

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացնելով` հանձնաժողովի նախագահի տեղակալ Աննա Կարապետյանը հարակից զեկույցում ընդգծել է, որ առաջարկվում է ընդլայնել իրավաբանական նշանակության փաստը հաստատող ապացույցների շրջանակը:

ՀՀ ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանի հեղինակած «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկվել է առաջին ընթերցմամբ: Հեղինակը նշել է, որ սնանկության շեմն այժմ մնացել է մեկ միլիոն, արգելադրման շեմը` 1,5 մլն դրամ: Այս փուլում առաջարկվում է կազմակերպությունների սնանկ ճանաչվելու շեմը մեկ միլիոնի փոխարեն սահմանել երկու միլիոն դրամ:

Հարակից զեկույցում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գեւորգ Պապոյանը տեղեկացրել է, որ հանձնաժողովը կողմ է նախաձեռնության ընդունմանը:

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը նշել է, որ նախագիծը բազմակողմանի քննարկվել է: Փոխնախարարն ընդգծել է, որ Համաշխարհային բանկի գործընկերների հետ եւս այս հարցով քննարկումներ են եղել, հեղինակի հետ կա պայմանավորվածություն առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ անդրադառնալու կամավոր եւ հարկադրված սնանկության, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց շեմերի տարբերակված մոտեցում արձանագրելու, պարտավորության կետանցի 60-օրյա ժամկետի երկարաձգման հնարավորության հարցերին: Ռաֆիկ Գրիգորյանի խոսքով` Կառավարության համար ընդունելի տարբերակ է բերված, հեղինակին առաջարկներ կներկայացվեն:
 
Խորհրդարանը որոշում է կայացրել անցկացնել եւս մեկ լրացուցիչ նիստ, որը կտեւի ժամը 18:30-ից մինչ 20:00-ն:

Վերջին նիստում երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկվել է ՀՀ կառավարության հեղինակած «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը:

Խորհրդարանը ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանի ներկայացմամբ առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Առաջարկվում է փոփոխություն կատարել օրենսգրքի 203-րդ հոդվածում: Փոխնախարարի խոսքով` նախկինում այս հոդվածով շարժական գույքի տեղադրումն ուրիշի սեփականություն հանդիսացող տարածքում չի համարվել ներխուժում: Նախաձեռնությամբ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ազատելու վերաբերյալ պահանջ ներկայացնելու, հողամասում, շենքում կամ շինությունում կամ այլ անշարժ գույքի տարածքում ապօրինաբար գտնվող ուրիշի շարժական գույքը հեռացնելու կարգը կսահմանվի ՀՀ կառավարության որոշմամբ:

Գլխադասային` ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը փաթեթին տվել է դրական եզրակացություն:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է պատգամավոր Արման Բաբաջանյանի հեղինակած «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Հեղինակի խոսքով` կան կազմակերպություններ, որոնք առավել նեղ մասնագիտական կրթական ծրագիր են իրականացնում, սակայն չեն հանդիսանում բարձրագույն ուսումնական հաստատություն, որքանով որ չեն տեղավորվում «Բարձրագույն եւ հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքով տրված «բարձրագույն ուսումնական հաստատություն» հասկացության մեջ, ինչպես օրինակ «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱ կազմակերպությունն է եւ «ՀՀ փաստաբանական դպրոց» հիմնադրամի կարգավիճակ ունեցող ոչ առեւտրային կազմակերպությունն է: Ըստ Արման Բաբաջանյանի` գիտական հարթությունում փորձառու իրավաբանների` որպես դատավորներ ներգրավման նպատակի համար անհրաժեշտ է նախատեսել նաեւ վերը նշված կրթական հաստատություններում դասավանդումը:

Հարակից զեկույցում ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արթուր Դավթյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը եւս քննարկվել է առաջին ընթերցմամբ: Ըստ հիմնական զեկուցող Արկադի Խաչատրյանի` նախաձեռնության նպատակն է ինստիտուցիոնալ բարեփոխման ենթարկել երաշխավորության համակարգը մեր երկրում: Առաջարկվում է, որ անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ չհանդիսացող երաշխավորի հետ կնքված երաշխավորության պայմանագրում նշվի երաշխավորության առավելագույն գումարային չափը` թվային արտահայտությամբ: Երաշխավորության պայմանագրում պետք է հստակ նշվի այն ժամկետը, որով տրամադրվել է երաշխավորությունը: Պատգամավորի խոսքով` նախագիծը քննարկվել է Կառավարության հետ, որոշ հարցերի շուրջ պայմանավորվածություն է ձեռքբերվել առ այն, որ առաջարկվող փոփոխությունները պետք է տարածվեն միայն վարկային հարաբերությունների վրա, պետք է մեկ դատական հայցով պահանջ ներկայացվի ինչպես հիմնական պարտապանի, այնպես էլ երաշխավորի նկատմամբ: Նշվել է, որ լրացուցիչ քննարկում կկազմակերպվի անցումային դրույթների վերաբերյալ:
 
Հարակից զեկույցում ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արտակ Մանուկյանը տեղեկացրել է, որ հանձնաժողովը նախաձեռնությանը տվել է դրական եզրակացություն` վերապահումով` առաջինից երկրորդ ընթերցում փոփոխություններ կատարելու ակնկալիքով:

Կառավարության դիրքորոշումը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը: Նա նշել է, որ գործադիրը որոշ մտահոգություններ է հայտնել, որոնք հեղինակի կողմից հաշվի կառնվեն եւ մինչեւ երկրորդ ընթերցում կշտկվի նախագիծը:

Հարցի քննարկումը կշարունակվի հունիսի 3-ի ԱԺ նիստում:


02.06.2020
Շարունակվել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ հունիսի 2-ին շարունակել է նախորդ օրը հրավիրած արտահերթ նիստի աշխատանքը: Երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է տրվել ՀՀ ԱԺ պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած «Հանրաքվեի մասին» սահմանադրական օ...

02.06.2020
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 09:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...